Ռուսաստանում ճնշումների ենթարկված, սնանկացած ու Հայաստան ներգաղթած գործարար Վահե Պարազյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով նոր անուն է հնչում՝ գեներալ լեյտենանտ Հայկազ Բաղմանյան: Ինչպես վկայում է գործարարը, նա է միջնորդ հանդիսացել իր և ռուսաստանաբնակ հայտնի օլիգարխ Սամվել Կարապետյանի միջև:
Պարազյանը ներկայումս սնանկ ճանաչված «Կապստռոյ ռեմոնտ» /«КапСтройРемонт»/ կազմակերպության ղեկավարն էր:
Պահանջում է ՀՀ քննչական մարմիններից պատժել «Տաշիր Սամո» մականունով օլիգարխ Սամվել Կարապետյանին և նրա եղբոր՝ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի որդուն՝ Նարեկ Կարապետյանին, որը, ինչպես Պարազյանն է պնդում, իր թիկնապահների հետ ամռանը ծեծի էր ենթարկել իրեն, «հոպարի» անունից 10 մլն եվրո պահանջելով նրանից:
Ավելի վաղ Վահեի շինարարական ընկերությունը եղել է Կարապետյանների անվան հետ կապված «Северная Строительная Компания» անունով կազմակերպության մրցակիցը, ինչի պատճառով, ինչպես ինքն է վստահեցնում, Կարապետյաններն իր բիզնեսը խլել են, իրեն սնանկացրել են, իրավապահ համակարգի իրենց կապերն օգտագործեկով, ՌԴ-ում իրեն քրեական հետապնդման թիրախ են դարձրել և Հայաստանում էլ հանգիստ չեն թողնում:
Նարեկ Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը վստահեցնում է, որ գործարարը ստում է, և նրա հայտնած տեղեկությունները սուտ են և զրպարտանք հայտնի ընտանիքի հասցեին, իսկ Սամվել Կարապետյանը հրաժարվել է կատարել դատախազության պահանջը և ներկայանալ Հայաստան որպես վկա:
Երկրորդ հայտնի գործիչը, որի անունը տվել է գործարարը՝ գեներալ լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն է, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալը, որի պաշտոնավարումը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով, դադարեցվեց ապրիլյան հեղափոխությունից մի քանի ամիս առաջ:
Գործարար Պարազյանը ցուցմունք է տվել, որ Հայկազ Բաղմանյանը իր դեմ ճնշումներում ակտիվ դերակատարում է ունեցել: Նա ասում է, որ ռուսական «Северная Строительная Компания» կազմապերպությունը կապալի պայմանագիր է ունեցել իր կազմակերպության հետ: Դրա սեփականատերը Վարդան Ստեփանյանն է, սակայն այն իրականում այն Բաղմանյանի ու Սամվել Կարապետյանի տանիքով է գործում:
«Այն ժամանակ, երբ «Գազմպորմը» հրաժարվեց պատվերներ տալ մեր կազմակերպությանը, — պատմում է Վահե Պարազյանը, — Հայկազ Բաղմանյանը ինձանից 10 մլն եվրո պահանջեց Սամվել Կարապետյանի անունից: 2015 թվականին նա իմ բիզնեսի մեջ մարդ էր ներդրել, որը ինձանից գումարներ էր գողանում: 2015 թվականին ես այդ մարդու հետ հանդիպեցի ռեստորանում, իսկ 2016 թվականին նա հաղորդում տվեց, թե իբր, ես իրեն առևանգել եմ: Ինձ կալանավորեցին մարդու առևանգման ու շորթման մեղադրանքով: Հետագայում մեղադրանքը փոխվեց «ինքնիրավչության», ինձ ազատեցին կալանքից, և այդ գործը մինչ օրս դատարան չի մտել»»:
Վահե Պարազյանը այս բոլոր տեղեկությունները մանրամասն ներկայացրել է ՀՀ իրավապահներին: Նա պատմել է, որ Հայկազ Բաղմանյանը երկու անգամ է իրենից գումար ուզել:
«Առաջին անգամ նա Սամվել Կարապետյանի անունից ինձանից պահանջել է 10 մլն եվրո, իբր՝ 3-4 մլն եվրոն պետք է բանակին փոխանցեր, իսկ մնացածը՝ Սամվել Կարապետյանին պետք է տայի, եթե ես ուզում եմ ազատության մեջ մնալ: Երկրորդ անագ արդեն, նա ասաց, որ ես փող եմ մնացել պարտք իր կազմակերպությանը, որը, եթե չտամ, Սամվելը ասել է՝ իմ դեմ գործ կհարուցեն: Նա ինձ ակնարկեց, թե ինքը տարբերակ չունի, քանի որ Սամվելն է իրեն հրանահգել, որ անի ասպես: Ես էլ ասեցի՝ ինչ ուզում եք, արեք», — պատմում է Վահե Պարազյանը:
Օգոստոսին «Северная Строительная Компания»-ն դատարան է դիմել և 350 հազար դոլար է պահանջում Վահե Պարազյանի սնանկ ճանաչված կազմակերպությունից, քանի որ համարում է, որ սնանկությունը կանխամտածված է եղել:
«Հայկազ Բաղմանյանի անունը շինարարական կազմակերպության հիմնադիրների թվում չկա, բայց Վահեն ասում է, որ բոլոր հարցերն իր հետ է քննարկել, «դե ֆակտո» ինքն է սեփականատերը: Այժմ նա մտել է դատարան և գումարներ է պահանջում Վահե Պարազյանից, — Forrights.am-ի հետ զրույցում նշեց Վահե Պարազյանի շահերը ներկայացնող փաստաբան Սեդա Սաֆարյանը, — Վահե Պարազյանն ասում է, որ իր կազմակերպությունը պարտք չունի Բաղմանյանին, բայց Եթե անգամ պարտք-պահանջի խնդիր կա Վահե Պարազյանի սնանկ ճանաչված կազմակերպությունից, նա պետք է օրենքի դաշտում դա լուծի, գրանցվի որպես պահանջատեր: Դրա փոխարեն նա միջնորդությամբ է հանդես եկել Վահեի դեմ քրեական հետանդում սկսելու, ու սա այն դեպքում, երբ Բաղմանյանը որպես տուժող այս գործով առերեսվել է Վահեի հետ, այն բանից հետո, երբ Վահեն ասել է, որ նա էլ է իրեն սպառնում: Դրանից հետո է ծնվել Բաղմանյանի չակերտավոր օրինական պահանջը Վահե Պարազյանի նկատմամբ»:
Ըստ «Северная Строительная Компания» ընկերության շահերը ներկայացնող փաստաբան Հրանտ Անանյանի, կանխամտածված սնանկության փաստով քրեական գործ հարուցելու պահանջով իրավապահներին է դիմել ոչ թե Հայկազ Բաղմանյանը, այլ այս ընկերությունը: Նա ասում է , որ ոչ Հայկազ Բաղմանյանը, ոչ էլ Կարապետյանները կապ չունեն այս ընկերության հետ:
«Կազմակերպության սեփականատերը Վարդան Ստեփանյանն է, ես նրա շահերն եմ ներկայացնում: Ի՞նչ Հայկազ Բաղմանյան, — հարցրեց Հրանտ Անանյանը, — Պարազյանը կանխամտածված սնանկության հատկանիշներ է ստեղծել, դրա համար մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել»: Եթե Բաղմանյանը կապ չունի այս գործի հետ, ինչու են բոլոր հարաբերությունները Բաղմանյանի հետ եղել:
«Ես դա առաջին անամ եմ լսում ու չեմ կարող պատասխանել, ես տեղյակ չեմ դրանից: Եթե Վահե Պարազյանը ինչ- որ մի բան է ասում , ես վստահ չեմ, որ դա ճշմարտություն է: Մարդը, որը կանխամտածված սնանկության հատկանիշներ է ստեղծել, ընդունակ է նաև այլ հանցանքների: Նա ՌԴ -ում շուրջ 10 ընկերությունների վնաս է պատճառել: Վարդան Ստեփանյանի պես մարդիկ էլի կան, ու բոլորը նորմալ «քցված են»»:
Պարազյանը և նրա շահերը ներկայացնող փաստաբան Սեդա Սաֆարյանը հուսով են, որ բոլոր կապերն ու առնչությունները կպարզվեն այս սենսացիոն գործի քննության ընթացքում:
Հիշեցնենք, որ Վահե Պարազյանի հաղորդման հիման վրա հարուցված է քրեական գործ քրեական օրենգրքի 118-րդ հոդվածով՝ «Ծեծը», և 182-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ կետով՝ շորթում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: