Այսօր ԱԺ-ում շարունակվում է քննարկվել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Սիփան Փաշինյանի հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Ըստ հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանի՝ նախատեսվում է ոստիկանությանն իրավունք վերապահել ունենալու այն տեխնիկական միջոցները, որոնք անհրաժեշտ են հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնելու համար:

Զեկուցողի տեղեկացմամբ՝ ոստիկանության կողմից սեփական օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով ՀԽՎ-ի ինքնուրույն իրականացման դեպքում կխնայվի ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու, տեխնիկական աջակցություն ստանալու և կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը, կբարձրանա հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունավետությունը, ինչը կնպաստի հանցագործությունների առավել արագ, օպերատիվ բացահայտմանը:

Գլխադասային՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը: Նա կոչ է արել կողմ քվեարկել:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ Կառավարությունը ներկա պահին նպատակահարմար չի համարում ոստիկանությանը նման հնարավորություն ընձեռելը:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 82 կողմ, 19 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Հիշեցնենք, որ Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել նախագծին: Նախագիծը դեռևս պետք է երկրորդ ընթերցմամբ քննարկվի:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest