«Առ այսօր 2016 թվականի ապրիլից ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ուսումնասիրել է շուրջ 2684 էջ ծավալով՝ 147 տեքստային և 14 գրաֆիկական քարտեզներ, տեղեկատվական-վերլուծական, հետախուզական, զորքերի կառավարման օպերատիվ և այլ բնույթի գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթեր»,- այս մասին Ազգային ժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
47 պատգամավորի դիմում-պահանջով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է մայիս ամսին: Այսօր Քոչարյանը ԱԺ-ում ներկայացրեց շուրջ 6 ամսվա կատարած աշխատանքը՝ հավելյալ 6 ամիս ժամանակ խնդրելով:
«Աշխատանքների ընթացքում հանձնաժողովի փորձագետների կողմից կազմվել է նախնական ուսումնասիրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Պաշտպանության նախարարության կողմից ստացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքների հիման վրա՝ հանձնաժողովն անցկացրել է 21 նիստ, քննվել են 10 զինծառայողներ, որոնց քննության արդյունքում պարզվել և հնչեցվել են շուրջ 415 հարց, ստացվել՝ հետաքննող տեղեկություններ, պարզաբանումներ և կատարվել ճշտումներ»,- նշեց Քոչարյանը:
Քննիչ հանձնաժողովի նախագահի խոսքով՝ վերջնական փուլն իրականացվելու է արդեն հաստատված պաշտոնյաների ցանկի վերջնական լսելու փուլով, որոնց թիվը կարող է հասնել մինչև 40-ի:
«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արման Բաբաջանյանն Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեց՝ վերջին փուլի համար նախատեսված Յուրի Խաչատուրով, Հայկազ Բաղմանյան և Սերժ Սարգսյան հարցաքննություններն արդյո՞ք լինելու են: Քոչարյանը հայտարարեց՝ դրանք արդեն իսկ հաստատված են քննիչ հանձաժողովի կողմից:
«Մենք պարտավոր ենք լսել նրանց, ընդհուպ մինչև այդ ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանին: Նա է իրականացրել գլխավոր հրամանատարի գործառույթը և կան հարցեր, որոնք այս ամիսների ընթացքում հավաքագրվել են, ուսումնասիրվել և վերջնական պատասխան պետք է ստանանք նաև նրանից: Իսկ դրանից առաջ նաև այն բոլոր պաշտոնյաներից, որոնք իրենց պաշտոնավարման ընթացքում ունեցել են կառավարման առումով առնչություններ».- հարցին ի պատասխան նշեց ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:
Արման Բաբաջանյանն իր հարցը մասնավորեցրեց՝ խոսքը ոչ միայն հայաստանյան պաշտոնյաների մասին էր, այլև՝ Արցախի: Արդյո՞ք քայլեր են ձեռնարկվել, որ Արցախը ևս համագործակցի քննիչ հանձնաժողովի հետ: Քոչարյանը դրական արձագանքեց՝ մենք ունենք լիարժեք ընկալում Արցախի կողմից:
Բաբաջանյանը ելույթի իրավունք խնդրեց, որի ժամանակ հույս հայտնեց, որ ապագայում Ապրիլյան պատերազը հնարավոր դարձնող արտաքին գործոնները ևս կդիտարկվեն.
«2013 թվականի սեպտեմբերի 3-ի տխրահռչակ որոշումից հետո, երբ Հայաստանը որոշեց անդամակցել Մաքսային միությանը, ստեղծվեց մի իրավիճակ, երբ Հայաստանի շուրջ օղակը գնալով ավելի ու ավելի սեղմվեց և մենք պարտվեցինք դիվանագիտական ճակատում՝ հնարավոր դարձնելով Ապրիլյան պատերազմը: Վաղ թե ուշ, մենք ստիպված ենք լինելու այս հարցին ավելի հանգամանալից մոտենալ և հասկանալ, թե ինչու այս բալանսը խախտվեց և հնարավոր դարձավ Քառօրյա պատերազմը, որը մեզնից զոհեր ու 800 հեկտար խլեց»,- ելույթը եզրապակեց «Իմ քայլը» պատգամավորը:
Ավելի վաղ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը, ի թիվս այլ պաշտոնյաների, հրավիրել է նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ու վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանին:
Ապրիլյան պատերազմի ժամանակ պաշտպանության գործող նախարարը առաջին փոխնախարարի պաշտոնն էր զբաղեցնում, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանը՝ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի: Նա պաշտոնանկ էր արվել ապրիլյան իրադարձություններից հետո:
«Հանձնաժողովի առաջնային խնդիրն է՝ տալ այն հարցի պատասխանը, թե ինչ է եղել 2016 թվականի ապրիլին»,- նշել է Քոչարյանը:
Հանձնաժողովը ստեղծվել է վարչապետ Փաշինյանի անուղղակի հանձնարարականով, երբ Փաշինյանը, խոսելով դատաիրավական համակարգի խնդիրների մասին, ասաց, որ իր կարծիքով՝ ժամանակն է, որ խորհրդարանը ստեղծի ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի Ապրիլյան պատերազմի հանգամանքները:
Քննիչ հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:
Հիշեցնենք, որ հանձնաժողովը որոշում էր կայացրել հրավիրել նաև ապրիլյան պատերազմի զոհերի հարազատներին ու ծառայակից ընկերներին, քանի որ «զոհված զինվորները վերջիններիս հետ հեռախոսով խոսել են և գուցե օգտակար տեղեկություններ փոխանցեն»:
Հանձնաժողովի նիստերն անցնում են դռնփակ:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: