Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը բավարարեց դատախազ Գևորգ Բաղդասարյանի կողմից իրեն ներկայացված ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։
Նախորդ նիստի ժամանակ դատախազներից Գևորգ Բաղդասարյաննը դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել, որին միացան գործով մյուս դատախազ Պետրոս Պետրոսյանը, տուժող կողմն ու նրանց փաստաբաններ Սեդա Սաֆարյանը, Արա Ղարագյոզյանը:
«ՀՀ դատական օրենսգրքի, սահմանադրական օրենքի, որի 71-րդ հոդվածի 1-ին մասում սահմանվում է, որ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ։ Ուզում եմ շեշտել, որ խոսքն էստեղ արտաքին գործոնների, այնպիսի հանգամանքների մասին է, որոնք վերաբերում են ոչ թե սուբյեկտիվ չափանիշին, այլ այնպիսի օբյեկտիվ արտաքին գործոններին, որոնք կարող են անվստահություն առաջացնել տվյալ դատավորի կողմից կայացված դատական ակտի նկատմամբ»։
Դատախազն այնուհետև անդրադարձավ դեռ մայիսին տարածված այն տեղեկատվությանը, թե Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշումը գրել են վերաքննիչի երեք դատավորներ, որոնց թվում է նաեւ Մխիթար Պապոյանը, ինչի վերաբերյալ վերջինս հանցագործության մասին հաղորդում էր տվել․
«Տեղեկություններ կան, որ Դուք մասնակցել եք Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանում կայացված որոշմանը, այս հանգամանքները քննության առարկա են ԱԱԾ-ում քննվող քրեական գործով, եւ այդ հանգամանքը շարունակվում է ստուգվել։ Վերադառնալով միջնորդության ամենասկզբին, ըստ որի՝ մենք խոսում ենք արտաքին այնպիսի գործոնների մասին, որոնք կարող են դատավորի անաչառությունը կասկածի տակ դնել, հետեւաբար, այս հանգամանքները, մեր համոզմամբ, բացառում են Ձեր մասնակցությունը սույն գործով վարույթին։ Վերոնշյալի հիման վրա միջնորդում եմ Ձեզ բացարկ հայտնել»,-հայտարարել էր նա։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Պապոյանի նախագահությամբ, պետք է քննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ պաշտպանների բողոքը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: