«Կառավարությունն՝ ի դեմս Արդարադատության նախարարության, շատ ակտիվ տեմպով զբաղված է ոլորտային քաղաքականության մշակման գործով։ Այն, որ կառավարությունն այս պահին դեմ է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի ընդումանը, պայմանավորված է այն հանգամանքով, որ դեռևս չի վերջնականացվել Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ծրագիրը»,- այս մասին ԱԺ-ում ասաց արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը։

«Որևէ դեպքում Կառավարությունը չի ասում, որ, ո՛չ, Ոստիկանությանը չպետք է տալ նման հնարավորություն, այլ ասում է, որ նման հատվածական կարգավորումներով Ոստիկանությունն այսօր չպետք է ունենա գաղտնալսումն ինքնուրույն կազմակերպելու հնարավորություն։ Պարոն Բաբաջանյան, Դուք ասում եք, որ Ոստիկանությունն այսօր զրկված է գաղտնալսելու հնարավորությունից, ո՛չ, դա այդպես չէ, ինքնուրույն կազմակերպման հնարավորությունն է բացակայում, որն ապագայում Ոստիկանությունը, հնարավոր է, կարող է ունենալ, բայց միայն համալիր կարգավորումների արդյունքում», – ասաց Գալյանը։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ 2021 թվականին ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեն ունենալու է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու հնարավորություն։

«Միաժամանակ, քանի որ ունենք միջազգային բազմաթիվ պահանջներ, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու հնարավորություն տրվելու է նաև Հատուկ քննչական ծառայությանը։ Երկու քննչական մարմին ունենալու են այս հնարավորությունը»,- ասաց Սրբուհի Գալյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest