«Վարչապետ ընտրվելուց մի քանի օր անց ես հայտարարեցի, որ Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա։ Համակարգային կոռուպցիան այն է, երբ որոշակի գումար հոսում է դեպի վերև, և ես կարող եմ հաստատել, որ այո՛, Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, բայց սա չի նշանակում, որ չկան կոռուպցիոն երևույթներ։ Կա քաղաքական կամք՝ կոռուպցիան արմատախիլ անելու։ Նույնիսկ մեր ամենամերձավոր քաղաքական թիմի անդամները չեն ունենալու ներում և բեկում՝ կոռուպցիայում ներգրավվելու պարագայում։
Կոռուպցիան պոզով-պոչով կենդանի չէ, այն երբեմն գրավիչ և հաճելի տեսք ունի, և այս առումով խնդիրն ավելի է բարդանում։ Կոռուպցիայի մեզ ակնհայտ ձևերի նկատմամբ արգելքներ սահմանելը չի նշանակում՝ լինել երաշխավորված կոռուպցիայի մեջ ներքաշվելուց»,- «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» թեմայով փորձագիտական քննարկմանն ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ երբեմն կոռուպցիան կառուցվում է պարզ նախադասությունների ձևով: Օրինակ՝ պետական ինստիտուտներին մատակարարել շատ ավելի էժան և որակյալ ապրանք:
«Ո՞վ կասի՝ ո՛չ, մի մատակարարեք, բայց մրցութային պրոցեսներում կարող են ի հայտ գալ զարմանքի բերող նախադասություն՝ մենք ձեզ ասել էինք։ Կարող է պարզվել, որ կոռուպցիոն պահանջներ են դրվում, երբ, օրինակ, որևէ մեկն ասում է՝ մենք գյուղում ուզում ենք կառուցել մի դպրոց, և ասել՝ կառավարությունում տեղյակ են։ Վարչապետին բարևելը կոռուպցիոն առումով ազատ փոխարկելի արժույթ է։ Եթե նկատեք, որ բարևների առումով ժուժկալ եմ դարձել, հանկարծ այլ բան չմտածեք, դա է պատճառը։ Այո՛, մեր կառավարությունը և ես անձամբ… քաղաքական կամքը նույնիսկ թույլ է հնչում այստեղ։ Ինձ համարում եմ կոռուպցիայի հետ անհամատեղելի մարդ»,- ասաց նա։
Ըստ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարում իր համար չկա ներկա և նախկին իշխանության ներկայացուցիչ.
«Չորս բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն հոդվածներով մեղադրանք է առաջադրվել, և սա շարունակվելու է։ Բացառված է, որ մենք կոռուպցիայի հետ կոմպրոմիս ունենանք»:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի խոսքով էլ՝ ՀՀ-ում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հիմնական առաքելությունը վստահության վերականգնումն է պետական ինստիտուտների նկատմամբ և կոռուպցիոն սխեմաների կանխումը.
«Մեզ կարևոր գործառույթներ են վերապահվել, հայտարարագրերի ինստիտուտը։ Հնչում էին կարծիքներ, որ հայտարարագրման ինստիտուտը չի նվազեցնում կոռուպցիան, և այսօր ունենք ընդլայնված հայտարարագրման ինստիտուտ։ Հանձնաժողովն ունի հայտարարագրերի մեծ բազա։ Ցավոք, համակարգն ամբողջությամբ բաց է»,- նշում է Հարությունյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: