Օրերս դատախազությունը ռուսաստանաբնակ օլիգարխ Սամվել Կարապետյանին՝ Տաշիր Սամոյին, հարցաքննելու որոշում էր ընդունել Ռուսաստանում ճնշումների ենթարկված, սնանկացած ու Հայաստան ներգաղթած գործարար Վահե Պարազյանի պահանջով։ Սակայն «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը հրաժարվել է ներկայանալ քննչական մարմնին։ Այս մասին դեկտեմբերի 2-ին հայտընեց քննչական կոմիտեն։
Պարազյանը, հիշեցնենք՝ հաղորդել է քննչական մարմիններին, որ հայտնի օլիգարխը խլել է իր բիզնեսը, նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը կազմակերպել է նրա ծեծը, քանի որ «օլիգարխիկ» ընտանիքը իրենից 10 մլն եվրո է պահանջում, իսկ ինքը հրաժարվում է կատարել պահանջը։
Պարազյանի հաղորդման հիման վրա հարուցված է քրեական գործ քրեական օրենգրքի 118-րդ հոդվածով՝ «Ծեծը», և 182-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ կետով՝ շորթում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:
Ըստ քննչական կոմիտեի, «Նարեկ Կարապետյանը, շորթմամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով ընկերոջ հետ, վախեցնելու, կամքը ճնշելու նպատակով, 2019թ. հուլիսի 3-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում բռնություն է գործադրել 30-ամյա տղամարդու նկատմամբ, որից հետո նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երեւանի սրճարաններից մեկում կրկին հանդիպել է նրա հետ եւ պահանջել վճարել առանձնապես խոշոր չափի գումար»:
Սամվել Կարապետյանին հարցաքննելու անհրաժեշտությունը տուժողը պատճառաբանել է նրանով, որ վերջինս լուրջ դերակատարում ունի իրեն ահաբեկելու, իր բիզնեսը խլելու ու ծեծի ենթարկելու, իրենից գումարներ շորթելու հարցում։ Իսկ Սամվել Կարապետյանը քննչական մարմին չներկայանալու իր որոշումը պատճառաբանել է հարազատի դեմ ցուցմունք չտալու իր սահմանադրական իրավունքով։ «Կասկածյալը, մեղադրյալը, բոլորն էլ կարող են հրաժարվել ցուցմունք տալուց, — ասաց Forrights.am-ին ՔԿ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը, հղում կատարելով ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածին, որի համաձայն «ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ»։
Պետք է նկատել, սակայն, որ քրեական դատավարության օրենսգքրի 6-րդ հոդվածի 40-րդ կետով սահմանվում է մերձավոր հարազատտների հասկացությունը: Ըստ այս դրույթի, մերձավոր ազգական են համարվում ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ եւ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրները եւ քույրերը, պապը, տատը, թոռները, ինչպես նաեւ ամուսինը եւ ամուսնու ծնողները»:
Եղբորորդու մասին ոչինչ ասված չէ: Կարո՞ղ արդյոք վկան, պատճառաբանելով այս հոդվածը, չներկայանա հարցաքննության: Վահե Պարազյանի շահերը ներկայացնող փաստաբան Սեդա Սաֆարյանը գտնում է, որ Սամվել Կարապետյանը չէր կարող հեռակա կարգով հրաժարվեր ցուցմունք տալուց։
«Նա ինչ գիտի, որ իրեն Նարեկ Կարապետյանի մասին են հարցնելու։ Թող ներկայանա, նախաքննության մարմին, խոսի, գուցե, հարցերը իրե՞ն էին վերաբերում։ Նա ինքն իր համար քրեադատավարական կարգ է սահմանել, հավանաբար։ Վկայի՝ հարցաքննությունից հրաժարվելու, նախաքննության մարմնի հետ սեպարատ հեռախոսային բանակցությունների մեջ մտնելու կարգ օրենսգրքով նախատեսված չէ։ Նա պետք է ներկայանար, ամեն դեպքում», — ասաց փաստաբանը։
Հարցին, թե արդյոք՞ նա կարող է ցուցմունք չտալ իր եղբորորդու դեմ, և արդյոք եղբոր որդին համարվում է մերձվոր ազգական, փաստաբանը պատասխանեց. «Ոչ ոք իրավունք չունի ընդլայնելու քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հասկացությունների ծավալը»:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: