Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, շարունակվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով վերաքննիչ բողոքի քննությունը, ըստ որի՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը չէր փոփոխվել գրավով։
Նիստի ժամանակ դատախազներից Գևորգ Բաղդասարյաննը դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, որին միացան գործով մյուս դատախազ Պետրոս Պետրոսյանը, տուժող կողմն ու նրանց փաստաբաններ Սեդա Սաֆարյանը, Արա Ղարագյոզյանը:
«ՀՀ դատական օրենսգրքի, սահմանադրական օրենքի, որի 71-րդ հոդվածի 1-ին մասում սահմանվում է, որ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ։ Ուզում եմ շեշտել, որ խոսքն էստեղ արտաքին գործոնների, այնպիսի հանգամանքների մասին է, որոնք վերաբերում են ոչ թե սուբյեկտիվ չափանիշին, այլ այնպիսի օբյեկտիվ արտաքին գործոններին, որոնք կարող են անվստահություն առաջացնել տվյալ դատավորի կողմից կայացված դատական ակտի նկատմամբ»։
Դատախազն այնուհետև անդրադարձավ դեռ մայիսին տարածված այն տեղեկատվությանը, թե Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշումը գրել են վերաքննիչի երեք դատավորներ, որոնց թվում է նաեւ Մխիթար Պապոյանը, ինչի վերաբերյալ վերջինս հանցագործության մասին հաղորդում է տվել․
«Տեղեկություններ կան, որ Դուք մասնակցել եք Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանում կայացված որոշմանը, այս հանգամանքները քննության առարկա են ԱԱԾ-ում քննվող քրեական գործով, եւ այդ հանգամանքը շարունակվում է ստուգվել։ Վերադառնալով միջնորդության ամենասկզբին, ըստ որի՝ մենք խոսում ենք արտաքին այնպիսի գործոնների մասին, որոնք կարող են դատավորի անաչառությունը կասկածի տակ դնել, հետեւաբար, այս հանգամանքները, մեր համոզմամբ, բացառում են Ձեր մասնակցությունը սույն գործով վարույթին։ Վերոնշյալի հիման վրա միջնորդում եմ Ձեզ բացարկ հայտնել»,-հայտարարեց նա։
Տուժող կողմի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն էլ նշեց, որ դատավոր Մխիթար Պապոյանն ընկերական հարաբերություններ ունի Քոչարյանին մոտ մեկ տարի առաջ կալանքից անձեռնմխելիության հիմքով ազատ արձակած դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ:
Մխիթար Պապոյանն էլ իր հերթին պարզաբանեց, որ դատավորի հետ ընկերական հարաբերություններ ունենալը չի նշանակում, որ ինքը չի կարող չհամաձայնել նրա կայացրած որևէ դատական ակտի հետ: Պապոյանն ի գիտություն նշեց, որ այն ժամանակ, երբ Ալեքսանդր Ազարյանը դեռևս առաջին ատյանի դատարանի դատավոր էր, ինքը՝ որպես Վերաքննիչ դատարանի դատավոր, բեկանել է նրա կողմից կայացված դատական ակտերը՝ չհամաձայնելով դրանց հետ:
Ներկայացված ինքնաբացարկի միջնորդության դեմ առարկելով՝ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց, որ ներկայացված միջնորդության հիմքում դրված հանգամանքը ոչ թե պատճառ, այլ պատրվակ է՝ Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար:
Դատավոր Մխիթար Պապոյանը գնաց խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: