«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր Վահե Մելոյանն արդեն 3 ամիս է՝ սեպտեմբերի 2-ից հացադուլ է անում․ «Իմ տեղը շուն լիներ վաղուց սատկել էր»,-ահա այսպես բնորոշեց իր վիճակը կալանավորը։

«Դատապարտյալների Հիվանդանոց » ՔԿՀ-ում հանդիպեցինք Վահեին, ում տեսակցությունների սենյակ բերեցին անվասայլակով՝ դժվարանում էր քայլել, ինչպես նաև անտանելի ցավեր ուներ․ 90-օրյա հացադուլն անհետևանք չի մնացել։

Նա ծարահեղ այս քայլով իր բողոքն է արտահայտում քննչական մարմինների դեմ՝ պնդելով, որ իրեն կեղծ մեղադրանք են առաջադրել: Վահեն պատմեց, որ հրաժարվել է իր փաստաբանից, քանի որ ըստ իրեն՝ փաստաբանն ավելի շատ քննիչին էր պաշտպանում քան Վահեին․

«Գրիչն էլ ա իրանց ձեռքն ամեն ինչն էլ՝ ինչ ուզել գրել ջնջել են»,-ասաց նա, պնդելով, որ դեպքի օրը՝ դեկտեմբերի 26-ին, տանն է եղել․ «Էնտեղ չեմ եղել՝ ո՞նց կարամ ձեզ բան պատմեմ»։

Դիմում բողոքներ Է գրել Դատախազությանը, Քննչական մարմիններին, սակայն ոչ մի արձագանք՝ միայն երբ Արմավիր ՔԿՀ-ում է եղել՝ եկել են և հորդորել՝ «հացադուլից դուրս արի, լավ կլինի»։

Հատկանշական է այն հանգամանքը, որ ավազակային հարձակման զոհ դարձած կինը դեպքից մեկ ամիս անց է Վահեի դեմ ցուցմունք տվել։ Ցուցմունքի մեջ հայտնել  է այնպիսի մանրամասներ, որոնք Վահեն անհիմն և հորինված է համարում․

«Ես էդ տուն գնացել եկել եմ․ ցուցմունք է տվել, թե իբր սկոճով կապել եմ, ծեծել, իսկ տնից դուրս գալուց էլ մասկես հանել ու ասել եմ․ «ինձ չհիշեցի՞ր»։ Ես գիժ եմ, ի՞նչ եմ՝ գնամ ռազբոյի, մասկես հանեմ ասեմ՝ ինձ չհիշեցի՞ր։ Լավ, համարենք էդպես ա եղել՝ մինչև դեպքը իրանք ինչ ճանաչել են, խի չի դեպքի հաջորդ օրը ցուցմունք տվել, որ ամիս ու կես հետո ա ցուցմունք տվել»,-վրդովված հարցնում էր Վահեն, մանրամասնելով, որ դատաբժշկական բոլոր փորձաքննությունները մաքուր են եկել՝ իրենից ոչ մի հետք չի եղել։

«Թուք, արյուն, մազ՝ բոլորը մաքուր է եղել։ Ես հո Վանգան չեմ, էքստրասենս եմ ինչ եմ, որ մաքրեմ հետքերը։  Ինչ ա նախկինում դատված եմ՝ դա հիմք են ընդունում»,-ասաց նա։

Սույն թվականի Հունվարի 15-ից կալանքի տակ գտնվող Վահե Մելոյանը նման երկարաժամկետ  հացադուլի է դիմում արդեն երկրորդ անգամ՝ նախորդ՝ 50-օրյա հացադուլը դադարեցրել էր հունիսի 19-ին։

Վահե Մելոյանն արդեն 1 ամիս է գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։ Այս մեկ ամսվա ընթացքում ինքնավնասման երկու փորձ է արել, իսկ օրեր առաջ էլ փորձել է ինքնասպան լինել՝ սավանից կախվելու միջոցով․

«104 կիլո մտել եմ հացադուլ 62 հազիվ լինեմ, հասկանում եք, ավելի լավ ա ես հիմա իմ կյանքին վերջ տամ, քան թե շան պես 20 օրից տանջվելով մեռնեմ»,-ասաց նա։

Վահեն Forrights-ին պատմեց, որ երիկամների խնդիր ունի, ոտքերն են ցավում, ինչպես նաև լավ չի շնչում, սակայն ըստ նրա՝ անհրաժեշտ բուժօգնություն չի ստանում․ «Ցավազրկողներ չեն տալիս, ասում են մեջը գլյուկոզա կա, իսկ դա հացադուլավորներին չեն տալիս»,-վրդովված պատմեց նա։

Խոսեցինք նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի թերապեվտիկ բաժանմունքի պետ Անի Դանիելյանի հետ։ Ըստ նրա՝ հացադուլի մեջ գտնվող անձը խիստ անհրաժեշտության դեպքում ստանում է բժշկական օգնություն, իսկ հացադուլն իրենով ունենում է մի շարք հետևանքներ՝ գլխացավ, գլխապտույտ։ Վահեն ստանում է ստամոքսին անհրաժեշտ դեղամիջոց․

«Ցավազրկողներ չի արվում․ ցանկացած ցավազրկող ազդում է ստամոքսի լորձաթաղանթի վրա, ինչը կարող է բերել արնահոսության և այլ բարդություների, իսկ ես որպես բժիշկ թույլ չեմ տալիս»,-խիստ անհրաժետության դեպքում, երբ որ շատ է բողոքել՝ գիշեվա ժամերին ցավազրկում է արվել՝ միջմկանային ձևով։

Հիշեցնենք, որ Forrights-ը գրել էր, որ  32-ամյա Վահե Մելոյանը Սպիտակից է, 1988-ի  երկրաշարժի ընթացքում մնացել է փլատակների տակ, ինչի հետևանքով ստացել է վնասվածքներ, մայրն ասում է, որ նրա մոտ հաճախ ագրեսիվ վարքագիծ է դրսևորվում, ունի սրտային անբավարարվածություն։  Վահեն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։

Վահե Մելոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 175 հոդվածով՝ավազակային հարձակում։ Դատախազությունը հիմնավոր է համարում մեղադրանք, սակայն Վահեի շարունակական հացադուլները հենց այդ մեղադրանքի դեմ է։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ազնիվ Սիրադեղյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest