Կարեկին Օդբաշյան, սանձե՛ք Ձեր խոսնակին

0
888

Արցախի հեռահաղորդակցային օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մասին, ինչպես հանգուցյալի, կամ լավը պետք է խոսել, կամ ոչինչ: Այստեղ քննադատական խոսքը ծանր են տանում: «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ դուստր ձեռնարկությունը՝ «ՎիվաՍելը», հայաստանյան մամուլում սիրում է գովազդներ տեղադրել, հոլովակներ նկարել, թե ինչպես է ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը աղքատներին տներ բաժանում, չեզոքացնելով քննադատական հրապարակումների վտանգը հայաստանյան ԶԼՄ-ներում:

Արցախում էլ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն օգտվում է իշխանության պաշտպանությունից: Ապրիլին, օրինակ, նկատի ունենալով  «Ղարաբաղ Տելեկոմի» մատուցած ծառայությունների ցածր որակը, լսումներ պետք է կայանային Արցախի խորհրդարանում, սակայն ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, որը նաև Արցախի  նախագահի թեկնածուներից է, տապալեց այս լսումները, հայտարարելով, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի տնօրեն Կարեգին Օդբաշյանը չի ցանկանում հրապարակային քննարկում, ուստի այն փակ է լինելու:

 Եւ ահա հայաստանյան լրատվամիջոցներից մեկը՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության Forrights.am կայքը հանդգնում է գրել, որ արցախցիները ընդվզում են բջջային կապի միակ տիրակալի դեմ, որ բնակչությունը, Արցախում ծառայող զինվորներն ու նրանց ընտանիքները դժգոհ են կապի գներից, որակից, որ մի ամբողջ հասարակական շարժում է ձևավորվել՝ «Ալօ» նախաձեռնությունը, որը պայքարում է ընդդեմ «Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերության թալանի, համախմբում է մարդկանց, ի մի է բերում նրանց բողոքները:

Ընկերության մամուլի խոսնակ Արթուր Գրիգորյանը դեկտեմբերի 2-ին artsakhpress.am կայքին տված հարցազրույցում այս հրապարակմանը ի պատասխան վատաբանում է, զրպարտություն ու հերյուրանք է տարածում Forrights.am-ի հասցեին: Արթուր Գրիգորյանը, հանդիսանալով «Ղարաբաղ Տելեկոմի», կամ ինչպես Արցախում են ասում,

«ԿՏ»-ի խոսնակ, իհարկե, ի պաշտոնե պարտավոր է պաշտպանել հարազատ ընկերությունը, չհամաձայնվել ժողովրդի կարծիքի հետ, որ այն իսկական չարիք է դարձել բնակչության գլխին, որ այն թալանում է մարդկանց և առաջին հերթին Արցախի սահմանները պահպանող զինծառայողներին: Օրինակ, Գրիգորյանը ասում է. «ՊԲ զինծառայողների համար ամիսներ ի վեր գործում է «Հզոր Բանակ» սակագնային փաթեթ, երբ կարող ես 240ր խոսել Արցախի և ՀՀ աբոնենտների հետ՝ րոպեն 11.03 դրամով: Գումարած SMS-ները»:

Սակայն չի ասում, որ «Հզոր Բանակ» փաթեթի համար պետք է ամսական 3200 դրամ վճարել: Այն  ներառում է 120 րոպե դեպի Արցախ  և 120 րոպե դեպի ՀՀ բջջային ցանցեր և ունի 30 օր վավերականության ժամկետ: Արցախցի զինվորին պետք չի Հայաստան զանգել, և նա օգտագործում է միայն 120 րոպեն: Հայաստանցի զինվորն էլ չի օգտագործում դեպի Արցախ զանգերի հնարավորությունն ու քանակը, այսինքն, նա նույնպես օգտագործում է ընդամենը 120 րոպեն: Արդյունքում ստացվում է, որ 3200 դրամով «Հզոր Բանակ» փաթեթի բաժանորդները գնում են ընդամենը 120 րոպե, իսկ դա նշանակում է, որ 1 րոպեի գինը ոչ թե 11,3 դրամ է, ինչպես ներկայացնում է «ԿՏ»-ի խոսնակը, այլ 26, 7: Բացի դա, եթե բաժանորդը 30 օրից չի վերալիցքավորում հաշիվը, ապա 30 րոպեից քարտը երկկողմանի անջատվում է:

Այսպիսի ստորացուցիչ պայմաններ հայկական տիրույթում աշխատող բջջային օպերատորներից ոչ մեկը չի առաջարկում իր բաժանորդներին, եւ խոսնակը դա շատ լավ գիտի: Իսկ 11,3 դրամ/րոպե գինը «ԿՏ»-ի խաբեություններից մեկն է, որոնց պատճառով ընկերությունն այս վաղուց կորցրել է վստահությունը Արցախում ու Հայաստանում, և անգամ ԿՏ -ի կնքահայրը համարվող Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը բջջային  կապը համարում  է հանրապետության  ամենամեծ խնդիրը եւ ասել է այդ մասին իր ելույթներից մեկում։

Իր մանր խաբեությունների, զրպարտությունների և մեր հասցեին «սեփական շահ» հետապնդելու մեջ չհիմնավորված, մերկապարանոց պնդումների համար խոսնակ Գրիգորյանը աշխատավարձ է ստանում «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունից և դրա տնօրեն Կարեկին Օդբաշյանից: Եւ քանի որ մամուլի խոսնակը պատկերավոր ասած. իր ղեկավարի «շուրթերն» է, որը պաշտոնապես արտահայտում է ղեկավարության  կարծիքը, հետևապես համարում ենք, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերթյան տնօրեն Կարեկին Օդբաշյանը պարտավոր է ներողություն խնդրել Forrights.am կայքից և իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանից իր խոսնակի արած հետևյալ արտահայտության համար.

«Այդ կայքը ստեղծել է մի հ/կ, որի ղեկավարը, ըստ «օդում կախված լուրերի», իրավապաշտպան գործունեության ծածկոցի տակ, բազմիցս թիրախավորել է հայկական Զինված Ուժերը՝ Բանակին հանիրավի վերագրելով մահացու մեղքեր, տարբեր միջադեպերով նախքան պաշտոնական եզրակացություններ ստանալը՝ իրավիճակները մեկնաբանել ընդդեմ զինվորական ղեկավարության: Կարող եք ճշտել ՊՆ պատասխանատուներից»:

Եթե Օդբաշյանը ներողություն չխնդրի մեր կազմակերպությունից, ապա մենք կհամարենք, որ իր խոսնակի այս հայտարարությամբ նա ևս  մեղսակից է դառնում խաղաղ պայմաններում բանակում կատարվող հանցագործություններին, զինվորների չբացահայտված սպանություններին, և որ ուղղակի հրահանգներ է ստանում ՀՀ պաշտպանության նախարարության այն թևից, որը տարիներ շարունակ աչք փակելով հայկական բանակում  տիրող հանցավոր բարքերի և կոռուպցիայի վրա, նպաստել է սպանությունների կոծկմանը:

Ինչ վերաբերում է «ԿՏ»-ի բջջային կապի համար սահմանած գներին, ապա մնում  ենք մեր այն համոզմունքին, որ ընկերությունն այս թալանում է արցախցիներին ու Արցախում ծառայող հայաստանցի զինվորներին:

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here