Վերաքննիչ քրեական դատարանում այսօր մեկնարկեց բանակում խոշտանգման հետևանքով հոգեկան խնդիրներ ստացած զինծառայող Արթուր Հակոբյանի վերաքննիչ բողոքի քննությունը։ Նիստը, սակայն, բավականին կարճ տևեց․ դատավոր Սևակ Համբարձումյանը ինքնաբացարկ հայտնեց։

Գլխավոր դատապազությունը Վերաքննիչ դատարանում վիճարկում է Առաջին ատյանի դատարանի վճիռը՝ պարտավորեցնելով նախաքննական մարմնին վերացնել քննիչի և դատախազի անգործությունը․ որոշման մեջ նշվում է, որ այս  երկու կառույցները չեն կատարել օրենքի պահանջը և թույլ տվել նյութական իրավունքի  խախտում։

Զինդատախազ Վահե Հարությունյանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել, նշելով, որ «դատարանը չի հիմնավորել, թե Արթուրի որ իրավունքն է խախտվել և ինչ քննչական գործողություններ կատարելու կարիք կա»։ Դատախազության շահերն այսօր դատարանում պաշտպանում էր դատախազ Տոնոյանը։

Նիստի մեկնարկին դիմողի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։ Միջնորդության հիմքում փաստաբանը նշեց, որ նախագահող դատավոր Համբարձումյանը նախկինում որոշում է կայացրել սույն գործով, ուստի չի կարող երկրորդ անգամ քննության ենթարկել։

Մեղադրող դատախազ Տոնոյանն առարկեց միջնորդության դեմ՝ առանց որևէ հիմք կամ պատճառաբանություն նշելու։

Տասը րոպե խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո, դատավոր Համբարձումյանն ինքնաբացարկ հայտնեց։

«Անկեղծ ասած՝ զարմացած եմ դատարանի որոշումից։ Չէի սպասում, որ բացարկ կհայտնի։ Սակայն, միևնույն ժաանակ պետք է փաստեմ, որ Դատախազությունն ամեն հնարավորն անում է գործը կոծկելու, փակելու և Արթուրի իրավունքները ոտնահարելու համար։ Այս գործն արդեն 3 անգամ բացվում-փակվում է և Արթուրի խախտված իրավունքները չեն վերականգնվում, անընդհատ բողոքարկման փուլի մենջ ենք գտնվում և գործը տեղից չի շարժվում»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Արա Ղարագյոզյանը։

Այսօր առաջին անգամ նիստին ներկա էր գտնվում նաև տուժող Արթուր Հակոբյանը․

«Դեղերով եմ ապրում։ Մի կերպ եմ մասնակցում էս նիստերին»,- ասաց Արթուրը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջին, Վճռաբեկ դատարանն աննախադեպ որոշում էր կայացրել։ Դատարանը արձանագրել էր, որ ստորադաս դատարանները թույլ են տվել զինծառայող Հակոբյանի՝ Կոնվեցիայի 3-րդ հոդվածի՝ Խոշտանգումների արգելում, և Քրեական դատավարական օրենսգրքի  մի շարք հոդվածների խախտումներ՝ 17-րդ, 86-րդ, 210-րդ, որոնք իրենց բնույթով ոչ միայն էական նշանակություն են ունեցել, այլևս ազդել են գործով ճիշտ և արդարացի որոշման կայացմանը:

Վճռաբեկ դատարանն անդրադարձել է հոգեկան առողջություն ունեցող անձի հարցաքննությանը և փաստել է, որ հոգեկան հիվանդություն ունեցող տուժողին լսելու իրավունքի սահմանափակումը հանգեցրել է Արթուր Հակոբյանի իրավունքների և ազատությունների խախտմանը:

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest