Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ որոշում կայացրեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՀՔԾ-ն հայտնել էր Կոստանյանին «Մարտի 1-ի գործով» որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ միաժամանակ տեղեկացնելով, որ նրան առաջարկվել էր 48 ժամվա ընթացքում ներկայանալ՝ մեղադրանք առաջադրելու համար:
Գեւորգ Կոստանյանը, որը հայտնում էր, թե Մոսկվայում է, ողջամիտ չի համարում 48 ժամվա ընթացքում ներկայանալու պահանջը, իսկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ եթե Կոստանյանը 48 ժամվա ընթացքում չներկայանա, ՀՔԾ-ն կիրականացնի օրենքով իրեն վերապահված գործողություններ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, եւ դրանում շոշափվում էին նաեւ Կոստանյանի եւ ոստիկանապետի նախկին տեղակալ Գեւորգ Մհերյանի անունները: Մասնավորապես, ըստ Ալիկ Սարգսյանի մեղադրանքի վերաբերյալ տարածված հաղորդագրության՝ 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, համատեղությամբ նաեւ 2006 թվականի մարտի 14-ից ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանը եւ ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաեւ հանցագործության հետքերը, այն է՝ 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված անօրինական գործողությունները եւ ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ 2008 թվականի մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի եւ սույն քրեական գործով նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի միջոցով կազմակերպել են նշված՝ առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման եւ ապացույցները կեղծելուն:
Գեւորգ Կոստանյանը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ պաշտոնեական դիրքի չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: