«Զինվոր ենք ուղարկում, որ դիա՞կ հետ ստանանք»,- Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հուզված բողոքում էր Արցախում զոհված զինծառայող Արթուր Աջամյանի մայրը՝ տիկին Գոհարը։
Արդեն երկու օր է զինծառայողի հարազատները և Արմավիր քաղաքի Արտաշար գյուղի բնակիչների մի մասը բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանց վրդովեցրել է լրատվամիջոցներից մեկում տարածված ինֆորմացիան, որ Արթուրը սկզբից կրակել է իր համածառայակից, այս պահին վիրավոր Դավիթ Մելիքբեկյանի վրա, ապա, կարծելով, որ սպանել է նրան, ինքնասպան է եղել։ Նրանք պահանջում են գտնել իրենց տղայի իրական սպանողին․
«Եթե ինքնասպանություն է, ինչո՞ւ են տղայի մարմնի վրա կապտուկներ եղել, մատերը կոտրված եղել։ Եթե քննության փուլում է, ինչո՞ւ են ասում՝ ինքնասպանություն է, բացի այդ ո՞ւր է զինվորների հետ դիրքեր բարձրացած սպան, ինչո՞ւ չի խոսում, չի ասում ի՞նչ է կատարվել։ Մենք պնդում ենք, որ եղել է սպանություն, կա երրորդ անձ»,-բարձրաձայնում են հարազատները։
Արթուրի մայրը պատմեց, որ վերջին անգամ դեկտեմբերի 1-ին է խոսել որդու հետ։ Այս անգամ ևս նա չի բողոքել ծառայությունից։ Ասել է, որ ամեն ինչ կարգին է, անհանգստանալու ոչինչ չկա․
«Պատճառը ի՞նչ է եղել, որ անմեղ էրեխուն դուք տանեք հայրենիքը պաշտպանի, իմ էրեխուն սպանեք, դիակը բերեք ծնունդի օրով տաք մորը: Խնդրում եմ, աղաչում եմ ձեզ, մենակ ուզում եմ իմանամ՝ իմ էրեխուն սպանողն ով ա եղել։ 20 տարի պահել եմ․ բալիս եմ ուզում։ Խնդրում եմ՝ իմ բալին բերեք։ Ոչ մեկից օգնություն չեմ ուզում։ Աղաչում եմ։ Ո՞վ է սպանել իմ բալին, բերեք»,- ասում է մայրը։ Վերջինիս ինքնազգացողությունը պարբերաբար վատանում էր։
Արթուր Աջամյանի հորեղբայրը վրդովված շարունակեց՝ եթե իրենց բավարարող պատասխան չստանան, որոշակի քայլերի կդիմեն․
«Ես խոստանում եմ, որ եթե մեզ բավարարող որևէ պատասխան չտան, ես դին տեղափոխելու եմ այստեղ»։
Ազգությամբ եզդի Արթուր Աջամյանի հարազատների հետ սկզբում հանդիպեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա նշեց, որ չնայած հասցեատերն ինքը չէ, սակայն խոստացավ՝ ամեն ինչ անելու է, որ բացահայտվի ճշմարտությունը․
«Ինձ համար կարևոր է, որ բացահայտվի ճշմարտությունը։ Եթե դա սպանություն է, ես ձեզ ասում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որ դա որևէ այլ որակավորում չստանա։ Ես երդվում եմ Աստծո առաջ։ Մենք պետք է հասնենք նրան, որ մեղավորները կրեն իրենց պատասխանատվությունը։ Ասում եմ որպես մայր, որպես ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, ոչ մի բան չի կոծկվելու։ Հաշվեք՝ ես ձեզանից մեկն եմ, հաշվեք՝ Արթուրը իմ որդին է, ձեր զինվորը մեզանից յուրաքանչյուրի զինվորն է»։
Հարազատների հետ հանդիպեց նաև Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Անդրանիկ Քոչարյանը, ով միանգամից հայտարարեց, որ զբաղվելու է այդ հարցով․
«Մեր հանձնաժողովը ձեր կողքը կանգնած է, ամեն ինչ անելու ենք, որ ճշմարտությունը բացահայտվի, որովհետև սա ամենաահավոր բանն է, որ բանակում տեղի է ունենում՝ ինքնասպանություն, սպանություն։ Մեր խնդիրը դրանք օր առաջ արմատախիլ անելն է»։
Անդրանիկ Քոչարյանը՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանի հետ միասին հանդիպեց քննչական խմբի հետ։ Հանդիպման ավարտից հետո Քոչարյանը նշեց, որ ամեն ինչ իր հսկողության տակ է լինելու և իսկական մեղավորը պատժվելու է։ Բողոքի ակցիա իրականացնողները հայտարարեցին, որ վստահում են Անդրանիկ Քոչարյանին և դադարեցրին ակցիան․
«Մենք գիտենք, որ քիչ անց այստեղ է լինելու վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց վստահում ենք պարոն Քոչարյանյին ու չենք շարունակում ակցիան»։
Փաստաբան, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արթուր Աջամյանը հրազենային վիրավորումը ստացել է ճակատային հատվածում․
«Ճակատից կրակված է, ծոծրակից դուրս է եկել, այսինքն՝ վերևից ներքև. ինքը չէր կարող իրեն պատճառել նման վնասվածք: Իր վրա նաև բռնության հետքեր կան ճակատի, ձեռքերի, ոտքերի հատվածներում, ընդ որում՝ տարբեր վաղեմության: Հնարավոր է՝ դրանից առաջ ծեծ է եղել»,- նշեց փաստաբանը։
Նա հայտնեց, որ Աջամյանը վերջին 2-3 ամսվա ընթացքում իր հարազատներից մեկին պատմել է, որ խնդիր ունի զորամասում։ Արթուրի խոսքով՝ եթե ուզում են որևէ մեկին սպանել, տանում, դիրքերում են սպանում․
«Ասել է՝ զորամասում խնդիրներ կան, դժոխային վիճակ է տիրում»։
Անդրադառնալով վիրավոր զինծառայողին, ով այս պահին ծանր վիճակում է, փաստաբանը նշեց, որ վերջինս դեմքի շրջանում հրազենային վնասվածք ունի, և ի վիճակի չէ հարցաքննվել․
«Նա, ապաքինվելու դեպքում, գործի քննությանը շատ կօգնի, քանի որ սպանության հոդված է առաջադրված, և այն վնասվածքները, որ ունի նաև Արթուր Աջամյանը, խոսում է այն մասին, որ իրենց նկատմամբ ոտնձգություն, բռնություն է տեղի ունեցել, հետևաբար վիրավոր զինվորը կարող է խոսել այն անձանց տվյալների մասին, ովքեր դա իրագործել են»,- ասաց Հայարփի Սարգսյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: