«Ալօ» նախաձեռնությունը Արցախում ծառայող զինվորների համար անվճար բջջային կապ է պահանջում

0
1955

Հայաստանի և Արցախի միջև զանգերն իրականացվում են ռոմինգ ծառայության միջոցով, մեկ րոպե խոսելու համար վճարելով 45 դրամ: 

Զինվորի հեռախոս լիցքավորելը մեծ գումարներ է տանում ընտանեկան բյուջեից: Ըստ

Forrights.am-ի հարցման արդյունքների,  միջին եկամուտ ունեցող ընտանիքները զինծառայող զավակի հետ բջջային հեռախոսով խոսելու  համար  ամսական  ծախսում են միջինը 10 հազար դրամ:

Այս խնդրին Forrights.am-ը անդրադարձել էր «Արցախի բջջային օպերատորները թալանում են հայաստանցի զինծառայողների ընտանիքներին» վերնագրով հոդվածում:

Մեր հրապարակմանը կոշտ արձագանքել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը, մեզ մեղադրելով պրոֆեսիոնալիզմի բացակայության ու սուտ տեղեկություններ տարածելու համար: Ընկերությունն այս , որը նույն «ՎիվաՍել» ապրանքանիշի տերն է, սովորաբար հերքում է իր առնչությունը «ՎիվաՍել» ընկերության հետ, ինչը արել է նաև մեր հրապարակման վերաբերյալ տարածած պարզաբանմամբ: Ընկերությունը նաև հայտնում է, որ զինծառայողների համար գործում է «Հզոր Բանակ» փաթեթը,  որտեղ ՀՀ և Արցախ զանգերի համար սահմանված է մոտ 11դր/ր հատուկ սակագին:

Իրականում այս փաթեթի մասին ոչ միայն մենք, այլ որևէ զինծառայող տեղյակ չէ: Այս ծառայությունը պարզապես բլեֆ է:

 Արցախում մի ամբողջ շարժում է ձևավորվել «Ալօ» /«Աշխարհի լավագույն  օպերատոր»/, որը պայքարում է ընդդեմ «Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերության թալանի: Այս խմբին բազմաթիվ արցախցիներ են դիմում և իրենց դժգոհությունն են հայտնում կապի ու ինտերնետ ծառայությունների որակի, գների  կապակցությամբ: Խումբը ունի նաև ֆեյսբուքյան էջ, որտեղ կարելի է գտնել արցախցիների հազարավոր մեկնաբանություններ կապի օպերատորի վատ աշխատանքի վերաբերյալ:

Խմբի համակարգող Մհեր Պողոսյանը կապ հաստատեց Forrights.am-ի հետ և մեզ տրամադրեց տեսանյութեր, որոնցում  մարդիկ դժգոհություններ են հայտնում  «Ղարաբաղ Տելեկոմից»: 

Այսպես, տեսանյութերից մեկում զինծառայողը խոսում է այն մասին, որ Արցախում ծառայող զինվորները մի քանի անգամ շատ են վճարում բջջային կապի համար, քան նրանք, ովքեր ծառայում են Հայաստանի զորամասերում /կից ներկայացվում է/:

Ստեփանակերտում բնակվող ուսուցչուհին, օրինակ,  ասում է, որ այն շենքում, որտեղ ինքը բնակվում է՝ Մաշտոցի 4 հասցեում, իրեն չեն տրամադրում ինտերնետ ծառայություն, ասելով, որ «տեղ չկա», արդյունքում նա չի կարողանում համացանց մտնել և կատարել իր աշխատանքային պարտականությունները, օրինակ, տեղեկացնել երեխաների ծնողներին, թե ինչ հանձնարարություններ է տվել աշակերտներին:

Մեկ այլ տեսանյութում «Ղ-Տելեկոմի» նախկին աշխատակիցը պատմում է, որ իրեն ազատել են աշխատանքից միայն  այն բանի համար,  որ չի խաբել հաճախորդին ու պարզ բացատրել է, որ մալուխային ինտերնետ-կապը ավելի էժան է ու որակով:

Մեկ այլ տեսանյութում Կարմիր Շուկա համայնքի բնակիչներն են բողոքում, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը պարտադրում է  մարդկանց ամսական 3000 դրամի լիցքավորում կատարել, և եթե նրանք չլիցքավորեն քարտը, ապա համարը անջատում են, կամ, ինչպես Երևանում են ասում ՝ քարտը «վառվում» է:

«Մենք` ԱԼՕ նախաձեռնող խմբի անդամներս, մտահոգ ենք Արցախի կապի ոլորտում տիրող իրավիճակով, մատուցվող ծառայությունների որակով և սակագներով, ինչպես նաև այն հանգամանքով, որ 2002թ-ից «Ղարաբաղ -Տելեկոմ» ընկերությունը գործունեություն սկսելով մեր հանրապետությունում չհիմնավորված գնային քաղաքականություն է վարել տարիներ շարունակ, ինչը  պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անտեսվել է: Քաղաքացիներին մատակարարելով ոչ պատշաճ և անորակ կապ, ՂՏ ՓԲԸ-ը` ստացել է գերշահույթներ՝ դիմելով տարբեր տեսակի մեքենայությունների:

Վերլուծելով նախորդ տարիների փորձը մենք նախաձեռնել ենք շարժում, որը պայքարում է կապի ոլորտում մենաշնորհի վերացման, մրցակցության պայմանների ստեղծման համար, կապի և համացանցի որակի բարելավման և սակագների իջեցման ուղղությամբ: Նաև նպատակ ունենք ստեղծել հանրային վերահսկողության մեխանիզմներ կապի որակը բարձրացնելու վերաբերյալ: Մարդիկ մեզ հրավիրում են գյուղեր, համայնքներ են հրավիրում, որ գնանք լուսաբանենք, լսենք իրենց: Նրանք չգիտեն, թե ինչ անեն», — ասում է Մհեր Պողոսյանը:

«Ալօ» նախաձեռնութունը ստորագրահավաք է կազմակերպել «բջջային» թալանը դադարեցնելու պահանջով:

«Հազարավոր մարդիկ իրենց դժգոհորթյորններն են հայտնում, պաստառներն են կպցնում իրենց խանութներին, ավտոմեքենաների վրա, ուրիշ էլ ո՞նց արտահայտվեն», — հարցնում է Մհեր Պողոսյանը:  Նրա ղեկավարած «Ալօ» խումբը պահանջում  է, որ զինծառայողների համար կապի ծառայությունն անվճար լինի: Հարցին, թե արդյոք նա հանդիպել է «ՎիվաՍել»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և «Ղարաբաղ Տելեկոմի» գլխավոր տնօրեն Գարեգին Օդաբաշյանի հետ, նա պատասխանեց. «Մենք ոչ մեկի հետ էլ ցանկություն չունենք շփվելու, մենք պահանջում ենք արդարացի գին և որակյալ կապ»:

Մհեր Պողոսյանը արցախցիներից շատերի նման չի հավատում կապի ոլորտում մենաշնորհը վերացնելու մասին կառավարական խոստումներին, դրանք համարելով նախընտրական հնարքներ: Նա հիշեցնում է, որ դեռ 2018 թվականին հայտարարում էին, որ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մենաշնորհը վերացվում է, և Հայաստանի օպերատորներին հրավիրել են Արցախ: Սակայն խոստումները չիրականացան:

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here