Նոյեմբերի 19-ին Ազգային անվտանգության ծառայությունը կալանավորել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանին:

Իրադարձությունն այս Ալավերդի քաղաքի և Թումանյանի բնակիչների անհանգստությունն է առաջացրել: Լեռնիկ Գիգոլյանը հարգված անձնավորություն է: Մայրը Լոռիում հայտնի բանաստեղծուհի Վեներա Վարդումյանն է:

«Իրան նեղացնելը սխալ է: Նա հարգանք ունի, մայրը բանաստեղծուհի ա, հայրն էլ Ճոտկանի գյուղապետն է եղել նախկինում», — ասաց Forrights.am-ին Ալավերդու բնակիչ, որը զինվորական է:

«Երևի թե միլպետներից ամենխեղճն էր երբևե իմ տեսածներից, երևի ոչ ոք չուներ թիկունքին, մեկին պիտի բռնեին աղմուկով, նրան հարմար տեսան», — իր կարծիքն է հայտնում մարզային լրագրողներից մեկը:

Լեռնիկ Գիգոլյանը ոստիկանության Թումանյանի բաժնի պետ էր նշանակվել անցյալ տարվա հունիսին, իսկ մինչ այդ նա աշխատել է նույն բաժնում որպես քրեական հետախուզության բաժանմունքի պետ:

Գիգոլյանի կալանավորման բուն պատճառը ԱԱԾ-ն չի հայտնում: Նոյեմբերի 19-ին մեր հարցին ի պատասխան, այս գերատեսչության մամուլի կենտրոնից ընդամենը հաստատեցին կալանավորման մասին լուրը: ԱԱԾ- ից խոստացան, որ առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ, որից պարզ կլինի, թե ինչ քրեական գործով է կալանավորվել Գիգոլյանը:

ԱԱԾ-ն մինչ օրս հաղորդագրություն չի տարածվել: Հավանաբար, այս մարմնում դեռ չեն կողմնորոշվել «պաշտոնական ճշմարտության» հարցում:

Երեկ տեղեկացանք, որ Գիգոլյանը կալանքի տակ է մնացել երեք օր, որից հետո նրան ազատ են արձակել:

Ալավերդու իրավապահների շրջանում Forrights.am-ի աղբյուրը հայտնում են, որ
Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանին կալանավորել են պաշտոնեական հանցանք կատարելու կասկածանքով: Մեղադրանքը, որի մասին ԱԱԾ-ն լռում է, առնչվում է ապրիլի 19-ին Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում արձակված կրակոցներին։

Կրակողը «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի եղբոր՝ Վոլոդյա Մեջլումյանի փեսան է, 35-ամյա Ռոբերտ Կիրակոսյանը: Նա Ալավերդու պղնձաձուլարանի ավտոծառայության պետն է։

Ապրիլի 20-ին Ռոբերտ Կիրակոսյանը բերման է ենթարկվել ոստիկանության Թումանյանի բաժնի բաժին: Բաժնում նա խոստովանել է, որ Սայաթ-Նովայի փողոցում, գտնվելով ոչ սթափ վիճակում, իր ընկերոջը՝ նույն փողոցի բնակիչ, 45-ամյա Կարեն Աղեկյանին պատկանող «ԲԵԿԱՍ-12» տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացանից օդ է կրակել: Միջադեպը նկարագրում ենք ըստ ոստիկանության օպերատիվ ամփոփագրի:

Ոստիկանները հայտնաբերել էին նաև հրացանը, նյութեր էին նախապատրաստել, փորձաքննություն էին նշանակել։ Սակայն հետագայում կրակոցը կոծկվել է: Քաղաքացին, որի վրա կրակել էին, չի բողոքել, սակայն օրերս նա ինչ-ինչ հանգամանքներից դրդված, խախտել է լռությունը և ԱԱԾ-ում հաղորդում է տվել հանցագործության մասին:

Մեր աղբյուրը իրավապահ համակարգում հայտնում է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են ոստիկաններ, որոնք ցուցմունքներ են գրել միմյանց դեմ: Ալավերդիում լուրեր են շրջում, որ Լոռու մարզի դատախազի տեղակալ Արմեն Շիրոյանը ևս հարցաքննվելու է այս գործով, սակայն գլխավոր դատախազությունից Շիրոյանի առնչությունը խորհրդավոր այս մեղադրանքին հերքում են:


«Դատախազի հետ կապված չկա ոչ մեղադրանք, ոչ քրեական հետապնդում, ոչ առավելևս կալանք: Իրականությանը չի համապատասխանում», — հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest