Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Մեսրոպ Մակյանի նախագահությամբ կայացած այսօրվա դատական նիստում որոշեց արդարացնել Մարտի 1-ի գործով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանին։ Սաղաթելյանը առողջական վիճակով պայմանավորված ներկա չէր դատական նիստին։
Հիշեցնենք, որ կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը ձերբակալվել էր 2008-ի մարտի 1-ին: Նույն տարվա հոկտեմբերին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և 900 հազար դրամ տուգանքի` մեղավոր ճանաչվելով սառը զենք կրելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն կիրառելու համար:
Այսօրվա դատական նիստում մեղադրող դատախազը հանդես եկավ հայտարարությամբ․ «Հրաժարվում եմ Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու պահանջից»։
Այս հայտարարությանը փաստաբան, Մուշեղ Սաղաթելյանի պաշտպան Սեդա Սաֆարյանն արձագանքեց․ «Բան չունենք ասելու, ՄԻԵԴ-ի որոշումից հետո սա տրամաբանական էր»։
Դատավոր Մեսրոպ Մակյանը կողմին լսելուց հետո հեռացավ վճիռ կայացնելու․ «Մուշեղ Սաղաթելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքներում արդարացնել, ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը նշված հոդվածներով նախատեսված արարքների մեջ»։
Հիշեցնենք, որ նախաքննության և դատաքննության փուլերում կայացված որոշումները և դատավճիռը հետագայում փաստաբան Սաֆարյանը բողոքարկել է ՀՀ երեք ատյաններով, խոսել և՛ խոշտանգումներից, և՛ ապօրինի կալանավորումից, և՛ դատավճռից:
«Ցավալի էր, որ մարդիկ և՛ ծեծվում էին, և՛ մեղադրվում, այնինչ իրականում տուժողի կարգավիճակում էին»,- նշում է Սաֆարյանը:
Ի վերջո՝ հայաստանյան դատական համակարգում արդարության չհասնելով, պաշտպանական խումբը դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ գործը լսվեց 10 տարի: 2018 թվականի սեպտեմբերին, ՄԻԵԴ-ը ճանաչեց փաստաբանների կողմից արձանագրած բոլոր խախտումները՝ Կոնվեցիայի 3-րդ հոդված՝ խոշտանգում, 5-րդ հոդված՝ անձեռնամխելիության սկզբունքի խախտում, 6-րդ հոդված՝ արդար դատաքննության սկզբունքի խախտում և հանրահավաքների ազատութան, իրավական պաշտպանության արդյունավետ մեթոդի խախտում:
ՄԻԵԴ որոշումն ուժի մեջ մտավ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին, ինչը՝ հիմք ընդունելով որպես նոր հանգամանք, ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք ներկայացրեց, որն ամիսներ առաջ բավարարվեց Վճռաբեկ դատարանի կողմից:
Մուշեղ Սաղաթելյանը ձերբակալման առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ իր նկատմամբ Ռոբերտ Քոչարյանի անձնական վրեժխնդրությունն է գործում: Ըստ նրա, դա կապված է Հոկտեմբերի 27-ի շուրջ իր բարձրացրած հարցերի, տեսակետների և Քոչարյանի հասցեին ուղղված մեղադրանքների շուրջ:
«Մուշեղն ինձ պատմել էր, որ անձամբ է Քոչարյանի դիմաց կանգնել ու ասել՝ Հեկտեմբերի 27-ը դու ես կազմակերպել, քո մատը խառն է այդ ամենի մեջ: Քոչարյանն էլ պաատասխանել է՝ եթե մի գեներալ քեզ միանա ու նույն բանը կրկնի, ուրեմն ես հրաժարական կտամ: Եվ զարմանալիորեն մեր գեներալներից ոչ ոք չկանգնեց Մուշեղի կողքին: Չնայած բոլորը պատերի տակ այդ մասին խոսում էին, սակայն ոչ ոք չէր բարձրաձայնում»,- Forrights-ի հետ զրույցում պատմել էր փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: