2020 թվականին կստեղծվի ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար պետական ապաստարան

0
177

Այս տարի կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունների թվի նվազում է նկատվում.

 «Ընտանեկան բռնությունը Հայաստանում․ որքանո՞վ են արդյունավետ օրենսդրական մեխանիզմները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը։

«2019-ի տասը ամիսների ընթացքում գրանցվել է կանանց և աղջիկների նկատմամբ 1509 դեպք, 2018-ի նույն ժամանակահատվածի՝ 1928 դեպքի նկատմամբ: Առկա է կանանց և աղջիկների նկատմամբ կատարված բռնությունների նվազում: Այս թվային տվյալներից  2019 թվականին ընտանիքում կատարված դեպքերի քանակը կազմում է 305, 2018-ի՝ 460-ի փոխարեն, այստեղ էլ ունենք նվազում», — ասաց Վարդանյանը:

Նա նկատեց, որ 2019 թվականի 10 ամիսների ընթացքում ընտանեկան բռնությունների դեպքերը ևս նվազել են,  2019-ի ընթացքում եղել է 378 դեպք, նախորդ տարվա 585-ի դիմաց։

2019 թվականի հունվարից 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, ըստ ՀՀ Ոստիկանության ամփոփագրերի՝ 2019  ընտանեկան բռնությունների ստացվել է 1420 ահազանգ, որոնցից 808-ով հաշվառվել են անձինք, 618-ով կիրառվել է նախազգուշացում, 190-ով՝ անհետաձգելի միջամտության որոշում:

«2018 թվականի հունիսի 30-ից սկսած մինչ օրս 1533 անձիք հաշվառվել են ընտանիքում տարբեր բռնություններ կիրառելու համար, նրանցից  1166-ի նկատմամբ կիրառվել է նախազգուշացման որոշում, իսկ անհետաձգելի միջամտության որոշում՝  375․ ընդհանուր ունեցել ենք 20682 ամփոփագիր»,-տվյալները ներկայացրեց ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը։

Ըստ Արթուր Վարդանյանի՝ նվազման միտումը պայմանավորված է անձի և անհատների հասկանալու պատճառն է, որը օրենքի գործածությունից հետո է առաջացել։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Օլգա Ազատյանն էլ նկատեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ բոլոր մարզերում կգործեն ընտանեկան բռնության աջակցման կենտրոններ, որտեղ շահառուները իրավաբանական և հոգեբանական աջակցություն կստանան:

«Նախատեսվում է ստեղծել ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար պետական ապաստարան: Սա կլինի պետական աջակցություն ստացող առաջին ապաստարանը: 2020 թվականի հունվարից արդեն ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրամադրվող ֆինանսական աջակցություն կունենանք՝ 150 հազար դրամ անձի համար», — նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդականը:

Օլգա Ազատյանը նշեց, որ 2020 թվականից ընտանեկան բռնության ենթարկված անձինք մեկանգամյա ֆինանսական աջակցություն կստանան։

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն էլ իր հերթին նկատեց, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում կան բացեր, որոնք լրացնելու խնդիր կա։

Ըստ պատգամավորի՝ նախ մասնավոր և հանրային մեղադրանքների փոփոխության անհրաժեշտություն կա:

«Օրենսդրական կարգավորումներից առաջնահերթությունն այն է, որ ծեծը մասնավոր մեղադրանք է համարվում, և որոշ դեպքերում, մանավանդ մարզերում ու փոքր համայնքներում, երբ մասնավոր մեղադրանքով կինը բաժին է դիմում, այնպես է ստացվում, որ ոստիկանները ավելի շատ փորձում են հաշտեցման տանել, որովհետև հիմնականում իրար ճանաչում են, նույն թաղում են ապրում և այլն: Մենք ցավալի դեպք ունեցանք, երբ կինը երկու անգամ ծեծի մեղադրանքով մոտեցել էր բաժին, երկու անգամ հաշտեցրել էին, մեղադրանքը հետ էր վերցրել, բայց երրորդ անգամ, արդեն կնոջը մահացած էին գտել, ինչը նշանակում է, որ նման մեղադրանքները պետք է հանրային մեղադրանք լինեն ոչ թե մասնավոր, որպեսզի ընտանեկան բռնությունների պարագայում այդ մեղադրանքները հետ կանչել չլինի», — մանրամասնեց Ղազարյանը:

Նրա խոսքով՝ օրենսդրական կարգավորման դաշտ բերելու անհրաժեշտություն կա նաև ստիպողաբար ամուսնությունների և հղիության ընդհատման դեպքերը:

Ազնիվ Սիրադեղյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here