Օրերս համացանցում հրապարակված ոստիկանական խոշտանգման դեպքը բացառիկ է հանրության համար, որովհետև այն ինչի մասին մենք խոսում ենք տարիներ շարունակ խոսում էինք փոքր ծավալով տեսանելի դաձավ։ Այսինքն այն ինչի միջով անցնում են խոշտանգված անձիք և փաստաբաններն ու իրավապաշտպաները բարձրաձայնում են, տեսանյութի միջոցով տեսանելի դարձավ։ Այս մասին հրավիրված քննարկման ժամանակ ասաց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։
Ոստիկանական խոշտանգման դեպք պատկերող տեսանյութի հրապարակումից հետո ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել։ Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով՝ Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, նաև ոստիկանության ներքին անվտանգության վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող։
Իրավապաշտպանի խոսքով՝ խոշտանգումները միշտ մնացել են անարձագանք և անպատիժ։
«Այդ համակարգերում, որի աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հանցագործությունը, հենց նրանք են քրեական այն ենթամշակույթի կրողները, ինչի մասին մենք խոսում ենք։ Այսպես կոչված՝ իրար դեմ գործ չտալը, ուսադիր կրողները երբեք մեկը մյուսի դեմ ցուցմունք չեն տվել, դա համարվել է ուսադիրի պատիվ։ Նույնը կատարվել է ՀՔԾ-ում՝ գնացել են գործը չբացահայտելու ուղղությամբ, նույնը՝ Դատախազությունում»,- նշեց նա:
Իրավապաշտպանն արձանագրում է, որ Հայաստանում խոշտանգումներին իրավական արձագանք չի տրվում՝ լավագույն դեպքում քրեական գործ է հարուցվում, որը, սակայն, կարճվում է՝ անբավարար ապացույցների հիմքով.
«Կան բազմաթիվ նյութեր, որոնք որպես կոմպրոմատ պահվել են, և պարբերաբար կտեսնեք հրապարակումներ։ Կոմպրոմատները պահվել են նախորդ հանցավոր ռեժիմի կողմից՝ կառավարելի դարձնելու այս համակարգը՝ և՛ ոստիկանությունը, և՛ քննչական մարմինները, և՛ դատարանները։ Կան բազմաթիվ կոմպրոմատներ, որոնք մանիպուլյացիայի ենթարկելու համար պարբերաբար հրապարակելու են։ Կհիշենք՝ ամիսներ առաջ հայտարարվեց, որ ԱԱԾ-ից նյութեր են կորել, բայց այդպես էլ չիմացանք՝ ինչ փաստաթղթեր էին դրանք»:
Նինա Կարապետյանցը նկատեց, որ խոշտանգման դեպքերի քննությունները՝ փաստահավաք աշխատանքը կատարում են հենց նույն մարմինների աշխատակիցները, ինչը թիվ մեկ պայմանն է, որ հանցագործները չհայտնվեն մեղադրյալի աթոռին․
«Ոստիկանությունը միշտ հերքում կամ կոծկում է նման դեպքերը, նրանք որևէ շահագրգռվածություն չունեն բացահայտելու այս դեպքերը, իսկ խոշտանգվածների մասին երբ խոսում են իրավապաշտպանները, չունեն որևէ երաշխիք, որ իրենք կամ իրենց հարազատները մի օր չեն հայտնվի տուժողի կարգավիճակում»,-ասաց նա։
Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը ասում է, որ ոստիկանական խոշտանգման դեպք պատկերող տեսանյութի հրապարակումից հետո ոստիկանությունում ծառայողական քննություն սկսվելը նվազագույնն է, ինչ պետք է արվեր. «Տարիներ շարունակ քննությունները կոծկվել են, օրինակ՝ Հատուկ քննչական ծառայությունը քննում է խոշտանգման դեպք, և օպերատիվ հետախուզական գործողությունների իրականացումը հանձնարարվում է նույն ոստիկաններին։ Շատ մեծ կասկածներ ունեմ, որ այն փաստերն ու ապացույցները, որ պետք է ի հայտ գային, կարող է՝ այդ գործողությունների արդյունքում ընդհանրապես կոծկվեին, հետքերը վերացվեին։ Իբր՝ չեն կարողանում բացահայտել խոշտանգումների գործերը»։
Փաստաբանի կարծիքով՝ հանցագործությունը բացահայտելու համար պետք է մեկ բան՝ ցանկություն, մնացածը միայն նպաստող պայմաններ են, ես դեռ այդ կամքը չեմ տեսնում, քանի որ որևէ դրսևորում չկա։
«Օրերս ՄԻՊ-ն արձանագրեց, որ իրավական համակարգում խոշտանգման փաստով քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածը երբեք սպառիչ կիրառություն չի ստացել։ Այսինքն՝ այս հոդվածով, դրա ընդունման պահից սկսած՝ որևէ անձ չի դատապարտվել։
«Եթե մենք հաշվենք, թե Հայաստանում խոշտանգման համար քանի գործ է հարուցվել ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայաստանի դեմ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով քանի խախտում է ճանաչված, Եվրոպական դատարանի գործերը գերակշիռ կլինեն, քան ներպետական ատյանում։ Սա աննորմալ վիճակ է, սա խոսում է պետության ձախողման մասին, այդ ուղղությամբ որևէ բան տեղի չի ունենում»,- ասաց Ռոբերտ Ռևազյանը։
Փաստաբանի տեղեկություններով՝ կան դեպքեր, երբ առկա են հիմնավոր կասկածներ կոնկրետ անձի վերաբերյալ, որ կոնկրետ բաժնում խոշտանգում է տեղի ունեցել, նույնիսկ ՄԻԵԴ-ը իրավունքի խախտում է ճանաչել, բայց դրան ոչինչ չի հետևում:
Մարդու Իրավունքների ավագ խորհրդատու Մուշեղ Եկմալյանը իր հերթին նշեց․ «Խոշտանգման հոդվածով Հայաստանում ոչ ոք չի դատապարտվել, քննությունները գնում են պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածներով, Եվրոպական դատարանը ունի 12 հաստատված խոշտանգման դատավճիռ Հայաստանի դեմ, կա նաև գործերի մեծ ցուցակ, որոնք ընթացքի մեջ են»։
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: