«Արցախի բջջային օպերատորները թալանում են հայաստանցի զինծառայողների ընտանիքներին» հրապարակումը պարունակում է մի շարք անճշտություններ ու անհիմն պնդումներ: Նախ և առաջ՝ սխալ է վերնագիրը: Արցախում ապրող մեր հայրենակիցները կամ այնտեղ այցելած ու ռոումինգից օգտված ցանկացած ոք գիտի, որ Արցախում գործում է հեռահաղորդակցության ընդամենը մեկ օպերատոր և այդ օպերատորն ամենևին ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) չէ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունության աշխարհագրությունն ու պայմանները սահմանված են ՀՀ կապի ու տրանսպորտի նախարարության կողմից 2004թ-ին: Ընկերության գլխավոր տնօրենը Ռալֆ Յիրիկյանն է: Ռալֆ Յիրիկյանը որևիցե այլ ընկերություն չի ղեկավարում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայաստանյան այլ օպերատորների պես, Արցախում չունենալով բջջային ցանց, այնտեղ գտնվող իր բաժանորդներին ծառայություններ է մատուցում ռոումինգի շրջանակներում: Ռոումինգը ոլորտի ստանդարտ է, սահմանված է իրավական կարգավորումներով՝ պետական լիազոր մարմինների կողմից ու հետևաբար՝ չէր կարող որոշվել բջջային որևիցե օպերատորի կողմից:

Ավելորդ չէ հիշեցնել, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շուկա մուտք է գործել 2005թ-ին, իսկ Արցախում ռոումինգը գործում է 2003թ-ից, երբ Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում դեռևս մենաշնորհ էր գործում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև հարկ է համարում տեղեկացնել, որ ընկրությունն ու Արցախում գործող Ղարաբաղ Տելեկոմը բացարձակապես տարբեր կառույցներ են՝ թե գործունեության աշխարհագրության, թե բաժնետերերի կազմի առումով: 

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև հիշեցնում է, որ այն սակագները, որոնք մրցակից օպերատորները նվազեցրել և սկսել են տրամադրել 2019թ-ի օգոստոսի 1-ից (ելքային զանգի մեկ րոպեի սակագինը` 38, մուտքայինը՝ 25, իսկ կարճ հաղորդագրության սակագինը` 40 դրամ), ընկերությունը տրամադրելիս է եղել դրանից շատ ավելի առաջ:

Բացի այդ Արցախում ռոումիգում գտնվող՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները, հնարավորություն ունեն ՀՀ ցանկացած բնակավայր զանգահարելու «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով՝ ընդամենը 25 դրամ/րոպե սակագնով՝ յուրաքանչյուր զանգից առաջ հավաքելով *101*հեռախոսահամար#: Այսինքն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար Արցախում գործում է 25/25 դրամ/րոպե սիմետրիկ սակագինը:

Pin It on Pinterest