«Քրեական ենթամշակույթի դեմ պետք է մշակույթով պայքարել՝ կրթադաստիարակչական և ինֆորմատիվ դաշտում»

Երեկ Ազգային ժողովը 70 կողմ, 10 դեմ, 9 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց քրեական ենթամշակույթ ստեղծելը քրեականացնող օրինագծերի փաթեթը։

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթների հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի փոխանցմամբ՝ նախագծով քրեական աստիճանի բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու և պահպանելու համար նախատեսվում է սահմանել քրեական պատասխանատվություն:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, որ բացեք, այնտեղ կոնկրետ արարքներ է նկարագրում՝ սպառնալիքով բնակարանային վեճ է լուծել՝ իր ազդեցությունն օգտագործելով, կապի մեջ է եղել այլ քրեական հեղինակությունների հետ, քննարկել են բյուջեն կամ իրենց լեզվով ասած՝ «ապշյակը» օգտագործելու ուղղությունները, ձևերը», — բացատրեց նա։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը խմբակցության անունից ունեցած ելույթի ժամանակ հստակեցրեց՝ իրենք կողմ են օրենքի գաղափարին, սակայն օրենքում մի քանի դրույթներ կան, որոնք իրենց մեջ իրավական անորոշություն են պարունակում,

«Օրինակ՝ հոդվածներից մեկում գրված է՝ այնպիսի կանոներով առաջնորդվել, որոնք չեն համապատասխանում մեր օրենսդրությանը։ Իրավակիրառ մարմինը, տվյալ պարագայում քննիչը, կարող է քրեական գործի հարուցմանը զուգահեռ՝ գործում ներգրավի նաև անմեղ մարդկանց, որը, բնականաբար, օրենքի նպատակը չի»,- Forrights-ի հետ զրույցում ասաց Տարոն Սիմոնյանը։

Պատգամավորն առաջարկում է քրեական ենթամշակույթի դեմ մշակույթով պայքարել՝ կրթադաստիարակչական և ինֆորմատիվ դաշտում։ Ըստ Սիմոնյանի, ԶԼՄ-ները, հեռուստատեսությւոնները առիթը բաց չեն թողնում, որ գովերգեն քրեական մշակույթը՝ սերիալների, ֆիլմերի և այլնի միջոցով․

«Օրենքը պետք է ընդունվի՝ կրթադաստիարակչական խիստ ռազմավարությամբ, պետք է զինված մտնենք այդ դաշտ։ Ստացվում է՝ օրենքով արգելում ենք, սակայն հանրային դաշտում ցույց ենք տալիս, որ դա այդքան էլ վատ բան չի և առաջացնում քրեական ենթամշակույթի հանդեպ ռոմանտիկա, որն ունեինք 90-ական թվականներին։ Թե չէ կստացվի, որ խնդիր ենք ուզում լուծել՝ առավել մեծ խնդիրներ առաջ բերելով»,- իր մտահոգությունն է հայտնում ԱԺ պատգամավորը։

Գողական աշխարհին պատկանելը կարող է նպաստել նաև բանակում կարգուկանոն սահմանելուն։ Այսպես են կարծում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։ Նա հիշեցնում է, որ Զինված ուժերում տարիների կտրվածքով ավելի շատ զոհեր են լինում խաղաղ պայմաններում, քան՝ սահմանին։

«Ինչ ողբերգական հետևություններ է թողնում դա բանակում, բոլորս տեսնում ենք: Որպեսզի պատկերացնեք ողբերգության ամբողջ խորությունը, մի փոքր ջանք գործադրեք, օրինակ, կամ հետաքրքրվեք, տեսեք ամեն դեպքի որտեղից ծագելը և ուր հասնելը՝ սպանությունների և ինքնասպանությունների, միջանձնային հարաբերությունների հետ կապված: Ինձ հետաքրքիր է մեր երեխաների ապագան: Մենք հիմա սա անում ենք, որպեսզի մեր երեխաներին զերծ պահենք այդ ամենից», — շեշտում է Պողոսյանը։

««Քրեական» բառը հենց ասեցիր, ուրեմն այդ անձը պետք է ենթարկվի քրեաիրավական պատասխանատվության»

«Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության նախագահ Արշակ Գասպարյանի կարծիքով՝ Հայաստանն այս պահին նման օրենքի հրատապ ընդունման կարիքը չուներ։ Իրավապաշտպանը նշում է՝ սա շատ փոքրիկ մակարդակով հարց էր, որ վարչապետի մակարդակով լուծվեր․

«Քրեական ենթամշակույթը ծաղկում է պետությունների ռեպրեսիայի շնորհիվ։ Նախկին իշխանությունների ժամանակ սերտաճել էին, քանի որ նախկինները համագործակցում էին նրանց հետ; Այսօր, որպեսզի չսերտաճեն նրանք, ուղղակի պետք է դադարեցվի նրանց հետ համագործակցությունը, այլ ոչ թե օրենք ընդունվի։ Իրենք գոյություն ունեն այնքանով, որքանով խստացվում է իրենց դեմ պայքարը։ Պատժի խստացումը չի, որ նվազեցնում է հանցավորությունը»,- Fotrrights-ի հետ զրույցում նշեց Գասպարյանը։

Իրավապաշտպանի կարծիքով, Հայաստանում պատիժների կատարման համակարգը միտված չէ և չունի ռեսուրս, որ օրենքով գողը իր «տիտուլից» հրաժարվի։ Իսկ չհրաժարվելը՝ կբերի մշտական ճաղերի հետևում մնալու հարցը։ Գասպարյանը հռետորական հարց բարձրաձայնեց՝ ինչ է, այդ մարդկանց ցմահ ենք ազատազրկելու։ Նրա կարծիքով՝ արդարադատությունը պատժում է ոչ թե վրեժ լուծելու նպատակով, այլ պատժում է, որ դադարեն իրենց հանցավոր գործունեությունը։

«Մենք պետք է կարևորենք կրթությունը, պետք է կրթական ծրագրերը և դասագրքերը համակարգվեն այն մակարդակի, որ գայթակղի կրթությունը։ Այն գումարները, որոնք պետք է ծախսվեն բանտեր ստեղծելու համար, պետք է տալ ուսուցչին, որ դարձնի լավ աշակերտ, դասախոսին՝ լավ մասնագետ։ Պետք է հատկացնել կրթական այն բնագավառներին, որոնց հետ առնչությունը հանրության մոտ կնվազեցնի քրեական ենթամշակույթներին հարելու ցանկությունը»,- կարծիք հայտնեց Գասպարյանը, հավելելով որ յուրաքանչյուր քրեական արարք կամ գործողություն, պետք է ենթարկվի քրեաիրավական վերաբերմունքի և պատժի․

««Քրեական» բառը հենց ասեցիր, ուրեմն անձը պետք է ենթարկվի քրեաիրավական պատասխանատվության»։

Արշակ Գասպարյանի խոսքով՝ Հայաստանում այս պահին կա 10-12 օրենքով գող։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, լրագողների հետ զրույցում «օրենքով գողերի» անուններ չտվեց, բայց նշեց՝ իրավապահ համակարգերին հայտնի են Հայաստանում գործող բոլոր անունները․

«Օրենքի վերաբերյալ ՔԿՀ-ներում որոշակի անհանգստություն կա, որոշակի առումով ստեղծում են նաև անհանգստության արհեստական մթնոլորտ, բայց, իմ համոզմամբ, դրանք բոլորը հաղթահարելի են»,- նշում է Բադասյանը։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest