Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, հրապարակեց կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի և կաշառքի օժանդակության մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատավճիռը:
Դատավոր Գագիկ Հեբոյանը մեղավոր ճանաչվեց իրեն վերագրվող կաշառք ստանալու արարքում և դատապարտվեց 7 տարի ժամկետով ազատազրկման՝ գույքի բռնագանձմամբ, որը չի կարող գերազանգել 1 մլն 714 հազար 160 դրամը:
Փաստաբան Վահագն Դանիելյանի՝ կաշառք ստանալու օժանդակության արարքը վերաորակվեց կաշառքի միջնորդության, նա դատապարտվեց 2 տարի ժամկետով ազատազրկման: Դանիելյանի՝ նախաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու 1 ամիս, 5 օրը հաշվակցելով՝ նրա նկատմամբ վերջնական պատիժ սահմանվեց 1 տարի, 10 ամիս, 25 օր ժամկետով ազատազրկումը: Դանիելյանի նիատմամբ կիրառված խափանման միջոց գրավը թողնվեց անփոփոխ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը:
Ըստ առաջադրված մեղադրանքների` դատավոր Հեբոյանը իր վարույթում քննվող քաղաքացիական գործով հայցվորի օգտին գործողություն կատարելու, այն է` վերջինիս 3.580.000 ՀՀ դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց, 2019թ. մարտի 6-ին նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափերի` 1.714.160 ՀՀ դրամին համարժեք 3500 ԱՄՆ դոլար կաշառք:
Քաղաքացու հետ սակարկելու արդյունքում Գագիկ Հեբոյանը նրա հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել հիշյալ գործողությունը կատարելու դիմաց 1.224.400 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու վերաբերյալ: Խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց և բացահայտվելուց` դատավորը դիմել է իր ծանոթ փաստաբանի` Վահագն Դանիելյանի օժանդակությանը. 2019թ. մարտի 27-ին հիշյալ քաղաքացին ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում 2500 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը տվել է փաստաբանին, ով նույն օրը այն փոխանցել է դատավորին:
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: