Արցախի պաշտպանական բանակում ծառայող ժամկետային զինծառայողները և  նրանց ընտանիքի անդամները դժգոհ են Արցախի միակ բջջային օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունից:            

Պարբերաբար այս հարցը բարձրացվում է Արցախի ու Հայաստանի կառավարություններում, սակայն ոչ մի կերպ չի լուծվում: 

Հայաստանի և Արցախի միջև զանգերն իրականացվում են ռոումինգ ծառայության միջոցով: Ելքային զանգ կատարելիս, մեկ րոպե սակագինը 38 դրամ է, մուտքային զանգերի 1 րոպեն արժե 25 դրամ, սմս-հաղորդագրություն ուղարկելը 40 դրամ է: 

Զինվորի հեռախոս լիցքավորելը մեծ գումարներ է տանում ընտանեկան բյուջեից:

Forrights.am-ը փոքր հարցում կատարեց և պարզեց, որ միջին եկամուտ ունեցող ընտանիքները զինծառայող զավակի հետ բջջային հեռախոսով խոսելու  համար  ամսական  ծախսում են միջինը 10 հազար դրամ:

«Հայաստանից Արցախ ռոումինգ կապով ենք զանգում: Րոպեի համար սակագինը 45 դրամ է։ Շաբաթական կտրվածքով մեկ-երկու անգամ որդիս է հեռախոսը լիցքավորում, մեկ երկու անգամ էլ մենք ենք այստեղից լիցքավորում։ Շաբաթական 2000 դրամը պարտադիր ա։ Մեկ-մեկ դա չի հերիքում: Ամսական կտրվածքով՝ 4000 դրամի մենք ենք լիցքավորում, մի այդքան էլ ինքն է իր հեռախոսի մեջ լցնում: Խոսում ենք շատ քիչ, և մոտ 10000 հազար դրամ գնում է», — հայտնեց մեզ Հադրութում ծառայող զինվորի մայրը: 

 «Տղաս երկու ամիս հոսպիտալում էր, ու մենք էդ ամիսներին թալանվել ենք: Մոտ 35-36 հազար ծախսել ենք հեռախոսի վրա,  որովհետև էստեղից ուզում  էինք անընդհատ կապի մեջ լինել», — պատմում է զինծառայողի մայրը, ում որդին շուտով զորացրվելու է:

Իսկ մեկ ամիս առաջ զորացրված Տ. Ա-ն մեզ պատմեց, որ ծառայության ընթացքում շատ է լսել իր ընկերներից, որ Արցախում «աննորմալ» գներ են սահմանված:

«Տեսեք, եթե ես լիցքավորում եմ 1000 դրամի, էդ 1000 դրամով կարողանում եմ խոսել մի 20-25 րոպե: Հայաստանում սակագնային պլաններ կան, որ էդ 1000 դրամով անսահմանափակ կարող ես խոսել, իսկ այնտեղ ասում են՝ բարև, փողդ պրծնում է»:

Այս հարցը պարբերաբար բարձրացվում  է Արցախի և Հայաստանի կառավարությունների մակարդակով, սակայն «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, որը ղեկավարում է նաև «Ղարաբաղ Տելեկոմը», պարբերաբար հետաձգում էր դրա լուծումը տարբեր պատճառաբանություներով:

Յիրիկյանը՝ մեղադրանքներին պատասխանելով, իր հարցազրույցներում մշտապես շեշտում է, որ եթե Արցախում գործեն նույն սակագները, ինչ Հայաստանի շուկայում, կարող է հարց բարձրանալ՝ Հայաստանն ու Արցախը նո՞ւյնն են:

«Երբ մենք այցելում ենք Արցախ, ինչո՞ւ են սահմանի հսկիչ կետերում պահանջում մեր անձնագրերը, չէ՞ որ ասվում է, որ նույն տարածքն է, ռոումինգը պետք է վերանա: Եթե համարում ենք, որ Արցախն ու Հայաստանը մեկ են, այդ դեպքում ինչո՞ւ ունենք երկու նախագահ, երկու կառավարություն, երկու ԱԺ, երկու ոստիկանություն, երկու ԱԱԾ և այլն: Չէ՞ որ խոսքը  երկու տարբեր համակարգերի մասին է: Ուրեմն ինչո՞ւ, երբ հարցը վերաբերվում է ռոումինգին, թիրախավորում ենք ՎիվաՍել-ՄՏՍ-ը, սկսում՝ մեղադրանքներ տեղալ», — պնդում է Յիրիկյանը 2018 թվականի  «Առավոտ»-ին տված հարցազրույցում: 

2016 թվականին «Արցախպրեսս» գործակալությանը տված հարցազրույցում ասում է. «Հանդիպումներ եմ ունեցել տարբեր տեղերում, զինվորների հետ: Հենց այս հարցն են ներկայացանում: Խոստացել եմ մի քանի ամսվա ընթացքում բանակցությունների արդյունքում որևէ ելք գտնել»:

Անցել է 3 տարուց ավելի, բայց որևէ ելք նա չի գտել:

«Մեր երեխաները պաշտպանում են Արցախի սահմանները, իսկ մեզ անխիղճ ձևով թալանում են», — ասում է զինծառայողներից մեկի հայրը: Կարծիքն այս շատերից կարելի է լսել: 

Անցյալ տարի Արցախի կառավարությունը հայտարարում էր բջջային կապի գների իջեցման մասին:

«Իջեցրել են, իհարկե, ասենք 31 դրամը իջել է 30 դրամի, 30 դրամը՝ 29 դրամի: Խնդիրն այն է, որ եթե Արցախում խոսում ես երկու րոպե մեկ վարկյան, հաշվում է 3 րոպե: Արցախում գործում է երկու ընկերություն՝ KT-ն,  «Karabakh telekom»-ը և «Ղ Տելեկոմը», որը նույն «ՎիվաՍելն» է: Բայց բաժնետերերը նույնն են, — ասում է գործարար, Արցախի հերոս Վահան Բադասյանը, որը ուսումնասիրել է այդ թեման, — ստացվում է, որ Հայաստանի երեխեքն են ամենամեծ սպառողները, ռոումինգի ձևով: Տալիս են երեխու ձեռը «Վիվասել»-ի քարտը, նա ծնգացնում է, սրանք խոսում են, ու իրենցից գնում է 25 դրամ: Հիմա զինվորների համար սարքել են 45 դրամ, բայց մեկ է, դա թանկ է»:

Նա հիշեցնում է, որ հարևան երկրներում՝ Վրաստանում, Ադրբեջանում, Իրանում, բջջային կապն ու ինտերնետը Հայաստանի ու Արցախի համեմատ 5-6 անգամ ավելի էժան են:

« «Ղարաբաղ Տելեկոմը» բնակիչներին թալանում է: Գործարքը կնքվել է Արցախի համար ստորացուցիչ պայմաններով՝ Հայաստանի գազի պայմանագրի պես, որ 20 տարի Արցախի իշխանությունները իրավունք չունենան ալտերնատիվ կապ բերել: 2002 թվականին Անուշավան Դանիելյանը, որը բաժնետերերի թվում էր, և Արկադի Ղուկասյանը, որն այսօր էլ «Ղարաբաղ Տելեկոմի» բաժնետերերից է, կապը մենաշնորհային կարգով տվեցին արաբներին, Լիբանանի քաղաքացիներ են դրա տերերը: Արցախ կապի համակարգը՝ մասնաճյուղերը, հաղորդակցման լարերը, ԱՏՍ-ները, շենք-շինությունները, այս ամենն արժեր 32 մլն դոլար, իսկ իրենք գնեցին դա 6 մլն դոլարով», — ասաց Forrights.am-ի հետ զրույցում Արցախի գործիչը: 

Հայաստանում իշխանափոխությունից հետո նոր հույս է առաջացել վերացնելու  «բջջային» մենաշնորհը Արցախում: Այս  մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: Նախագծով նախատեսվում է ըստ ժամանակացույցի, 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունվար, յուրաքանչյուր տարի աստիճանաբար նվազեցնել «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության և «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան» ու «Յուքոմ» ընկերությունների կապի վճարները՝ հասցնելով մինչև 5 դրամ/րոպե:

Նոյեմբերի 8-ին Արցախի արտգործնախարար Մասին Մայիլյանը «ֆեյսբուք»  ցանցի իր էջին գրել է, որ 2020 թվականին Արցախ մուտք կգործի 2-րդ օպերատորը, և Արցախի ու Հայաստանի միջև ռոմինգը կվերանա։

«Նման ծրագրի համար առկա են ներդրողներ և փորձառու մասնագետներ։ Ստեղծվել են հնարավորություններ՝ լուծելու հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհի հետ կապված խնդիրը», — գրում է Մայլիյանը:

Վերջին երկու տարում Արցախի ու Հայաստանի բարձրագույն իշխանավորների շուրթերից մի քանի անգամ հնչել են այսպիսի խոստումներ, որոնք, սակայն,  չեն կատարվել:

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest