Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ուսանողները այսօր վաղ առավոտից դասադուլ են անում ։

Պատճառը՝ բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին օրինագիծն է։

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբանյանը նշեց, որ սա ուսանողական նախաձեռնություն է և ուրախ է, որ մեր երիտասարդ սերունդը մտահոգվում է մեր պետության և իրենց ապագայի համար, քանի որ այս ուսանողներն ապագա տնօրեններ, նախարարներ են. «Հարցն այն է, որ հայերենին, որպես Սահմանադրությամբ հաստատված պետական լեզվի, պատշաճ վերաբերմունք պետք է տրվի»,-ասաց նա:

Նա համաձայնեց Նիկոլ Փաշինյանի հետ, որ հայերենով մասնագիտական գրականություն շատ քիչ կա, սակայն նշեց, որ եթե մենք այսպես հարվածում ենք հայերենին, մասնագետների բանակը նվազում է: Նա հարց բարձրացրեց՝ եթե մեր երկրում գնահատվում է նախարարի, դատավորի, դատախազի աշխատանքը, ինչո՞ւ չի գնահատվում գիտնականի աշխատանքը:

Նարինե Դիլբանյանը նշեց, որ ամբիոնը բաց նամակ է ուղարկել նախագահին և նախարարին՝ ընդհանուր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագծի վերաբերյալ:

«Մենք երևի հեղափոխությունից հետո հանգստացանք, մտածեցինք, որ կոռուպցիան արմատախիլ է լինում, որ մենք արդեն հասել ենք ինչ-որ աստիճանի և կարող ենք այդ դափնիների վրա քնել: Ես ուրախ եմ, որ ուսանողներն էլ են ցույց տալիս, որ թմրախտ է պատել, հեղափոխությունը շատ ավելի մեծ խնդիրների համախումբ է բարձրացրել»,-ասաց նա:

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն էլ իր հերթին նշեց, որ կրթությունը ամենաթողության է մատնված. «Չեմ կարծում, որ Մայր բուհը Կառավարության, կրթության գիտության, սպորտի և երիտասարդության նախարարության ուշադրության կենտրոնում է, նախարարությունն ուշադրություն չի դարձնում ներքին կարգ ու կանոնին: Եթե այն ժամանակ մայր բուհին մեղադրում էին կուլիսային խոսակցությունների մեջ, այսօր հենց նախարարի հովանավորչությամբ շատ ավելի մեծ են կուլիսային խոսակցությունները»,-ասաց նա, հավելելով, որ կրթությունն առաջընթաց չի գրանցում և լավագույն գնահատականը, որ կարող ենք տալ, այն է, որ կրթությունը նույն տեղում դոփում է։

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի դասախոս Անաիդա Մովսեսյանը՝ խոսելով բուհական ծրագրերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու որոշման նախագծի մասին ասաց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն իրենց զարմացրեց և զայրացրեց․ «Ես գտնում եմ, որ ուսանողները ճիշտ են»,-ասաց նա։

Դասախոսը  նկատում է՝ հայոց լեզուն ոչ մասնագիտական ֆակուլտետներում անցնում են տարեկան 40 ժամ․ «Շատ ծիծաղելի է, որ այդ 40 ժամը պիտի խանգարի մասնագիտական առարկաների դասավանդմանը, կարելի է բարձրացրել  մասնագիտական առարկաների դասավանդման որակը, կարելի է հայոց լեզուն ավելի մասնագիտորեն դասավանդել, համապատասխանեցնելով տվյալ մասնագիտությանը»։

Ֆակուլտետի ուսանող Մարիամ Գրիգորյանը հավելում է. «Հայոց լեզուն, հայ գրականությունը, հայոց պատմությունը հանելով ոչ պարտադիր առարկաների շարքից` մեծ հարված կհասցվի մեր կրթական համակարգին։ Պետք է նախարար Արայիկ Հարությունյանը վերանայի որոշումը»: 

«Սա շատ լուրջ հարված է լինելու մեր ազգային ինքնությանը, մեր դիմագծին, մեր պետականությանը, վստահ եմ, որ այս նախագիծը, բացի փլուզումից և կործանումից, մեր ազգին ոչինչ չի տալու»,- ասում է Բանասիրության ֆակուլտետի 2րդ կուրսի ուսանող Ամալյա Հարությունյանը։ 

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագիծ է մշակել։ Ըստ այդ օրինագծի՝ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ, բայց կկրեն հայեցողական բնույթ։

Այս մասին հոկտեմբերի 23-ին, կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ընթացքում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ 

Ի պատասխան դասադուլավորների՝ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում տարածեց, նշելով, որ «Յուրաքանչյուր բուհ իրավասու է «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել պարտադիր»։

Ներկայացնում ենք հայտարարութունը ստորև․

«Ի պատասխան «ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի ներկայացրած աշխատանքային տարբերակում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ուսուցանվող պարտադիր առարկաների ցանկից հանելու առաջարկի վերաբերյալ հարցումների եւ առկա դժգոհությունների, հայտնում ենք․

•        Թեպետ աշխատանքային քննարկման նպատակով ուղարկված օրենքի նախագծի վերաբերյալ բուհերից այս հարցին առնչվող դիտողություններ ու առաջարկներ գրեթե չեն ստացվել, սակայն օրենքի նախագծով լայն ինքնավարություն է տրվում բուհերին՝ որոշելու ուսումնական եւ գիտական ծրագրերի բովանդակությունը։ Հետեւաբար, նախագծի ընդունումից հետո յուրաքանչյուր բուհի գիտական խորհուրդ կարող է որոշում կայացնել, որ այս առարկաները պարտադիր պետք է դասավանդվեն բոլոր ֆակուլտետներում։

•        Միեւնույն ժամանակ, նախագծի աշխատանքային տարբերակում առկա սկզբունքներում հստակ ամրագրված են հայագիտական հետազոտությունների գերակայությունը, սփյուռքի համար հայագիտության զարգացման ու հայ մշակութային ժառանգության ճանաչման տարածման նպատակով մասնագետների պատրաստումը, ազգային ինքնության եւ համամարդկային արժեքների արմատավորումը։

•        Նախատեսված է բազային ֆինանսավորման տրամադրում բուհերին` ազգային արժեք ներկայացնող գիտական ենթակառուցվածքների պահպանման ու զարգացման նպատակով։

•        Ավելին՝ ՀՀ-ում ցանկացած բուհ ընդունվելու համար ՀՀ քաղաքացիները, անկախ ընտրած մասնագիտությունից, պարտավոր են հանձնել հայոց լեզվի միասնական քննություն։



Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest