«Սերժ Սարգսյանը շինծու գործով կալանավորել տվեց Ժիրայր Սեֆիլյանին»․ Այս մասին այսօր «Սասնա ծռեր խմբի 10 անդամների դատական նիստում, իր ցուցմունքի ժամանակ ասաց Վարուժան Ավետիսյան։
Վարուժան Ավետիսյանը ասաց, որ եթե 2016 թվականի «Սասնա ծռերի» զինված ապստամբությունը չիրականացվեր, ապա տեղի էր ունենալու ապրիլյան պատերազմից հետո ևս մեկ՝ պայմանավորված պատերազմ․
«Պատերազմի միջոցով գնացին ազգային դավաճանության։ Փառք Աստծո, մեր ազգի ու պետության բախտից մենք սահմանին ունեինք բացառիկ արիությամբ օժտված սպաներ ու զինվորներ, որոնք իրենց կյանքի գնով խափանեցին ազգային աղետը։ Նախատեսված էր քայքայել պաշտպանական գիծը։ Մեթոդը, որով մենք ցանկանում էինք անհետացնել ազգադավ ռեժիմին, քաղաքացիական անհնազանդությունն էր, այն նույն մեթոդը, որը կիրառվեց անցած տարվա ապրիլ-մայիս ամիսներին»,- ասաց Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ մինչև իրենց զինված ապստամբությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 3 անգամ հանդիպել է Արցախի ռազմաքաղական ղեկավարության հետ, «կոտրել» նրանց դիմադրությունը և համաձայնության եկել դադարեցնել ապրիլյան պատերազմը.
«Եթե չլիներ ապստամբությունը, արդեն Սերժ Սարգսյանը համաձայնությունը ստացած կլիներ, և երկրորդ պայմանավորված պատերազմն անշուշտ ունենալու էր տասնապատիկ ավելի շատ աղետալի հետևանքներ։ Այդ սպասվող աղետը կանխելու նպատակով՝ բռնապետության դեմ զինված ապստամբություն իրականացնելու իրավունքի իրացմամբ, մենք դիմեցինք զինված ապստամբության։ Եթե մենք մեր աչքի առաջ չտեսնեինք ապրիլյանի դավադիր պատերազմն ու հետևանքները, ապա մենք չէինք իրականացնի այդ ապստամբությունը։ Դիմեցինք զինված ապստամբությանը, որ վիժեցնեինք ազգային աղետը։ Սա Սերժ Սարգսյանի ժամանակից թխված հաշվեհարդարի նպատակով կազմված մեղադրանքի շրջանակներում է»։
Վարուժան Ավետիսյանը նկատեց, որ Ռազմական բանակ ռազմագիտական հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ լինելով՝ ծառայության ընթացքում, ուղիղ կերպով կապված է եղել ռազմաքաղաքական ղեկավարության գործունեության ռազմավարական բնույթի որոշումների հետ․
«Ուղիղ ձևով ականատես էի լինում խիստ բացասական հետևանքների։ Տարիներ շարունակ փորձել եմ հնարավորության սահմաններում, իմ պաշտոնի բերումով, տարատեսակ ղեկավարող օղակներում գտնվող բարձրաստիճան պաշտոնատար անձանց համապատասխան զեկուցագրեր գրելու միջոցով ցույց տալ մեր պետության, բանակի պաշտպանողականության վիճակի մասին։ Որոշ ժամանակ անց ես հասկացա, որ ապարդյուն են, քանի որ տեսա, որ իրականում մենք գործ ունենք ապաշնորհ ղեկավարության հետ, պարզ դարձավ, որ մենք գործ ունենք պետությունը զավթած բանդայի հետ։ Եվ նրանց որևէ բան հորդորելը դրական արդյունքի չի բերելու»,-ասաց նա։
Վարուժան Ավետիսյանը հիշեցրեց, որ 2011 թվականից եղել է «Սարդարապատ» շարժման անդամ, և այդ ընթացքում զբաղվել է «Ապագա Հայաստանի ռազմավարական» ծրագրի մշակման հարցերով․ «2015 թվականին ստեղծվել է հիմնադիր խորհրդարանը, որի «Դեպի Արցախ» ավտոերթը ակնհայտ ապօրինի բռնությամբ կասեցվել է ՝ ծեծուջարդի ենթարկվեցին կանայք, երեխաներ, երկու տասնյակից շատ ավտոմեքենաներ ջարդվեցին»,-ասաց նա։
Անդրադառնալով սպանված ոստիկաններից երկուսին՝ Վարուժան Ավետիսյանն ասաց այն, ինչ նախկինում պնդում էր Պավել Մանուկյանը. «Արմեն Բիլյանը երկրորդ ոստիկանի սպանության հետ կապ չունի, նա զենք չի ունեցել: Իսկ Յուրի Տեփանոսյանի սպանության օրը մեր կողմից կրակոց չի եղել՝ սպանել են Սերժ Սարգսյանի ուղիղ հրահանգով, ամենայն հավանականությամբ հրահանգը հնչեցվել էր նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մոջոցով»։
Նա պատմեց, որ Արմեն Բիլյանը երկրորդ ոստիկանի վիրավորվելու վայրում ֆիզիկապես ներկա չի եղել. «Նրա ձեռքին եղել է մանիրովկա, զենք չի եղել։ Ես անձամբ Գագիկ Մկրտչյանին տեսել եմ 3 հարկանի այդ մասնաշենք մտնելու մոտքի դիմաց նստած էր, աջ ձեռքով բռնել էր ձախ ձեռքը, որը վիրավորված էր։ Տղաներից մի քանիսը մոտեցան նրան օգնելու»։
Ավետիսյանն ասաց, որ ինքը համակարգչի մոտ է եղել, և այդ ժամանակ տարածել է իրենց հայտարարությունը՝ զինված ապստամբության մասին․
«Այս դրվագները պետք է լուրջ քննության առնվեն, և Սերժ Սարգսյանին առնչվող բոլոր նախկին պաշտոնյաները պետք է հեռու պահվեն գործի քննությունից։ Սերժ Սարգսյանը շինծու գործով կալանավորել տվեց Ժիրայր Սեֆիլյանին»,- ասավ Ավետիսյանը։
Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ այսօր էլ նախորդ ռեժիմի հեռանալուց հետո «Սասնա ծռերի» անդամների վրա է մնում նույն անհեթեթ մեղադրանքը և ոստիկանությունը որևէ ջանք չի գոևծադրում՝ ոստիկանների սպանությունը բացահայտելու համար։
Նշենք, որ սպանության համար մեղադրանք է առաջադրվել խմբի անդամներ Արմեն Բիլյանին, Սմբատ Բարսեղյանին։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: