Այսօր վերաքննիչ քրեական դատարանը ազատեց կալանքից կարատեի նախկին մարզիչ Սամվել Այվազյանին, որը կալանքի տակ էր 2018 թվականի նոյեմբերից:
Դատավոր Սերգեյ Մարաբյանը լրիվ վերացրեց խափանման միջոցը, անգամ գրավ չկիրառեց, համարելով, որ կալանքը հիմնավոր չէ:
Վաղը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան ¨ Նոր-Նորք նստավայրում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ սկսվելու է Սամվել Այվազյանի գործով դատավարությունը:
Կարատեի նախկին մարզիչը մեղադրվում է Վանաձորի բնակիչ, քրեական հեղինակություն Շալիկո Մանուչարյանի սպանությունը կազմակերպելու համար /ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետ/:
Մեղադրական եզրակացության մեջ գրված է. «Սամվել Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց` Ալֆրեդ Ավալյանի`նույն ինքը`Արսեն Լազարեթյանի, Եվգենի Կաչակի և գործով չպարզված անձանց հետ ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ապօրինաբար կյանքից զրկել Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 77 շենքի 23 բնակարանի բնակիչ, հանցավոր աշխարհում <<Շալո>> մականվամբ հայտնի Շալիկո Մանուչարյանին»:
Մեղադրականում հիշատակվող Եվգենի Կաչակը Մարտի 1-ի դիպուկահարներից է, որը սպանվել է Վանաձորում: Նրա սպանությունը, որը բացահայտված չի, նախաքննության մարմինը փորձում էր կապել նրա ընկերոջ՝ Սամվել Այվազյանի հետ, սակայն դա անել ոչ մի կերպ չհաջողվեց:
«2017 թվականի ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը վարձակալված բնակարանում հայտնաբերվել է դիպուկահարի դին՝ բազմաթիվ մարմնական վնասվածքներով: Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ սպանվածի դին Վանաձորից Երևան է տեղափոխվել նրա հանցակցի կողմից՝ սպանության, ինչպես նաև քրեական հեղինակության սպանության նախապատրաստության հետքերը թաքցնելու նպատակով», — ասված է քննչական կոմիտեի 2018 թվականի նոյեմբերի 9-ին տարածած հաղորդագրության մեջ:
Սա թերևս միակ պաշտոնապես հայտնի տեղեկությունն է դիպուկահարի մահվան վերաբերյալ: Գործն այս 7 կողպեքի տակ են պահում:
Այվազյանը չի ընդունում, որ ինքը վանաձորցի հեղինակության դեմ մահափորձ է կազմակերպել: Շալիկո Մանուչարյանն էլ ցուցմունք է տվել, որ իրեն ոչ ոք չի փորձել սպանել: Նա հրաժարվել է գործով տուժող ճանաչվել:
Սամվել Այվազյանի պաշտպանը՝ Գուրգեն Հովհաննիսյանը, հինգերորդ անգամ էր կալանքը վերացնելու միջնորդություն ներկայացնում:
«Սամվել Այվազյանը ապօրինի կալանքի տակ էր պահվում միայն այն պատճառով, որ դա քննիչի և դատախազության քմահաճույքն է, — ասում է Հովհաննիսյանը, — Սամվել Այվազյանը ներկա պահին գտմվում է ազատության մեջ, բայց ես համոզմունք ունեմ, որ վաղը, անդրադառնալով խափանման միջոցին, դատարանը պարտադրված որոշում կկայացնի կրկին կալանքի տակ առնելու Սամվել Այվազյանին»:
Սամվել Այվազյանը նույնպես համոզված է, որ իրեն կրկին կալանավորելու են: «Դատավոր Սերգեյ Մարաբյանի կողմից կայացվող դատական ակտը երկար կյանք չի ունենա, ինձ կրկին կալանավորելու են — նշեց նա Forrights.am-ի հետ կարճ զրույցում, — բայց ես շարունակելու եմ ապացուցել իմ անմեղությունը»:
Թե որն է իրենց համոզմունքի հիմքը, ոչ Գուրգեն Հովհաննիսյանը, ոչ Սամվել Այվազյանը չեն հայտնում: Ամենայն հավանականությամբ, կան ազդեցիկ անձինք, որոնք չեն ցանկանում ազատության մեջ թողնել Մարտի 1-ի դիպուկահարի ընկերոջը:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: