Կապանի զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող Էրիկ Գ-ի տունը արդեն 7օր է, ռազմական ոստիկաններն են հսկում: «Անընդհատ ստեղ են, Կիրովականում, Եևանում, թե օբյեկտում են, որտեղ ապրում ենք, թե շրջապատում, բայց ոչ մի ձեն չկա», — ասում է Է-ի մայրը՝ Ջեմմա Գ-ն:
Կեսից ձայնը դողում է, սկսում է լաց լինել: Արդեն վեց օր է, աչքը հեռախոսին է, անընդհատ վատ լուրի է սպասում: «Ամեն զանգի հետ սիրտս դող ա ընկնում»:
Այդ ընթացքում ՀՀ ՊՆ նախարարությունը ագրեսիվ հաղորդումներով է հանդես գալիս կորած զինծառայողի հասցեին: «Անկախ նրանից, ինչ մակարդակի աղմուկ կբարձրացվի, ինչ շոու կսարքվի, երեք օրից ավելի զորամասը լքելու արդյունքում զինծառայողը ենթարկվելու է քրեական պատասխանատվության», — գրում է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնի սոցցանցի իր պատին:
Իսկ դեպքը լուսաբանող լրատվամիջոցների հասցեին անհարգալից և գռեհիկ գրառումներ է կատարում.
«Այ խելոքներ, եթե ընտանիքի հետ ՌՈ աշխատակիցները, Երևանից առանձին, Վանաձորից առանձին կապի մեջ են մշտական, աշխատում են, փնտրում են: Եթե այլ կառուցները ևս ինտենսիվ աշխատում են, այս թատրոնն ու՞մ համար է»:
Այսպես, առանց դույզ իսկ մտահոգվելու, կամ կասկածելու, որ երիտասարդի փախուստի պատճառը կարող է լինել զորամասում տիրող անառողջ մթնոլորտը, ՊՆ-ն թիրախավորում է զինծառայողին, նրան հետդարձի ճամփա չտալով: Ջեմմա Գ-ին բարկացնում են որդու մասին ՊՆ հայտարարությունները.
«Երեխես հայտնի չի որտեղ ա, իրենք արդեն հիշեցնում են, որ պետք է պատժեն, նստացնեն: Իհարկե, շնորհակալ եմ էդ ռազմականներից, որ իմ երեխուն փնտրում են, բայց գոնե էնպես գրեն, որ տղաս հետ գնա: Ասեն՝ չես դատվելու, ամեն ինչ քո օգտին ա, որպես լավ ծառայող, խնայողաբար մոտենան էս հարցին: Ոչ թե միանգամից չոր ու կտրուկ լուրերով հայտարարեն, որ պատասխանատվության ա ենթարկվելու»:
Մայրը կասկածներ ունի, որ որդին լքել է զորամասը, որովհետև իրեն այնտեղ վտանգ է սպասել: «Արդեն տենց բաներ եմ մտածում: Կարող է, որդիս վտանգ է զգացել ու թողել փախել է: Նա չէր բողոքի, իր մեջ կգցեր, բայց չէր ասի, կմտածեր, որ իր դեմ կլինի: Մամ, ասում էր, դա բանակ ա, տղամարդ եմ, պետք է ծառայեմ, կոփվեմ, ամեն ինչը իմ համար ա»:
Բայց և այնպես Ջեմման չի հիշում գոնե մի դեպք, որ Էրիկը դժգոհի ծառայությունից: Ժամկետային զինծառայողի փախուստի մասին լուրը՝ հիշեցնեմ, տարածվեց նրա անհետանալուց 5 օր անց, հոկտեմբերի 24-ին: Ըստ SHAMSHYAN.com-ի, այս մասին առաջինը հայտնել է զորամասն ինքնակամ լքած զինծառայողի ազգականը՝ Քնարիկ Գ-ն, խնդրելով օգնել գտնել երիտասարդին:
Ռազմական ոստիկանութունը արդեն 7 օր է, ինչ փնտրում է երիտասարդին, և որևէ պաշտոնական տեղեկություն ՊՆ-ն չի հայտնում: Վանաձորում մայր ու որդի տնակում են ապրել: Անցյալ տարի կորցրել են ընտանիքի հորը: Նա Ռուսատսանում վթարի է ենթարկվել, այրվել է մեքենայի մեջ: Վերջերս մայր ու որդի եկել են Երևան, աշխատանքի են տեղավորվել մարզասրահներից մեկում: Այս նույն տարածքում էլ ապրում են:
Ջեմման ասում է, որ Էրիկը նյարդային հիվանդություն ուներ, որի պատճառով մեկ ու կես տարի ուշ է զորակոչվել:
«Կարոտից լեզուն կապ էր ընկնում, ջերմությունըբարձրանում էր, բայց ծառայությունից չէր դժգոհում, շատ ուրախ ու գոհ էր, որ ծառայում է բանակում: 15 օրով հուլիսին օտպուսկ ա եկել որպես լավ ծառայող: Մի քանի օր առաջ էլ զորամասից խոսել է հետս, ուրախ էր, լավ էր, թե խ՞ի ա տենց բան արել, ոչ ոք չգիտի»:
էրիկը անձնագիր չունի, քանի որ «դոմիկի» բնակիչ է: «Նա մեծ երազանքներ ուներ բանակի հետ կապված: Ասում էր՝ գնամ, ծառայեմ, գամ, տուն կստեղծեմ, հո սաղ կյանք դոմիկում չեմ ապրելու», — հիշում է մայրը:
Էրիկը մարդամոտ է, հեշտությամբ լեզու է գտնում բոլորի հետ. «Նա մեկի տունը կմնա, բոլորն էլ նրան կպահեն: Բայց նրա վերջին հույսը ես եմ», — ասում է Ջեմման: Նա ենթադրում է, որ տղան վախից դուրս չի գալիս: Կասկածում է, որ ինչ-որ աղջկա հետ է ծանոթացել համացանցի միջոցով: Նույնիսկ հանդիպել է այդ աղջկան Երևանում, Վերնիսաժի տարածքում, սուրճ է խմել: Ռազմական ոստիկանների հետ միասին Ջեմման գնացել է այդ աղջկան տեսնելու: Բայց նա ասել է, որ ոչինչ չգիտի Էրիկի մասին և որ այլևս նրան չի տեսնելու:
Հ. Գ. Չի բացառվում, որ զինծառայողին զորամասում ճնշումների են ենթարկել, կամ նա հեռացել է, գուցե, փրկելով իր կյանքը՝ այս ենադրությունը շատերին միանգամայն իրատեսական է թվում, մանավանդ, եթե նկատի ունենանք հանցածին և վտանգավոր բարքերը, որոնք այսօր տիրում են բանակում, բանակայինների մահվան դեպքերի վերաբերյալ տարվող բազմաթիվ անարդյունավետ քննությունները:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: