20-ամյա եզդի զինծառայող Յուրիկ Բրոյանը հանրությանը հայտնի է որպես զինծառայող, որը մտավոր զարգցման և նյարդային համակարգի լուրջ խնդիրներով զորակոչվել էր բանակ: Պաշտպանության նախարարությունը նրան սիմուլյանտ էր հայարարել, զորամասի 3 սպաները, ըստ Բրոյանի, նրան ծեծել են, նրան ապօրինաբար պահել էին անազատության մեջ, տղան ցնցումների մեջ էր ընկել, պահվել էր հոգեբուժարանում, և ի վերջո մոտ մեկ տարվա դեգերումներից ու պայքարից հետո ռազմաբժշկական հանձնաժողովը ծայրահեղ տանջված, գլխի գրեթե չդադարող ցնցումներ ունեցող երիտասարդին զորացրելու մասին որոշում կայացրեց:
Ավելին, Յուրի Բրոյանի օրինակը հիմք հանդիսացավ այլևս բանակ չզորակոչել մտավոր հետամնացություն ունեցողներին: Պաշտպանության նախարարությունը այս մասին նախագիծ ներկայացրեց, ինչը հաստատվեց կառավարության կողմից:
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն հետևում էր զինծառայող Յուրիկ Բրոյանի շուրջ ստեղծված իրավիճակին, հանրության ուշադրության կենտրոնում պահելով զինծառայողի առողջական վիճակի հետ կապված խնդիրները, իսկ կազմակերպության փաստաբան Հայարփի Սարգսյանը այսօր էլ դեռ շարունակում է պայքարել նրա իրավունքների վերականգման համար, քանի որ Բրոյանի ոդիսականը չի արվարտվել:
Բանն այն է, որ զինդատախազությունը, երրորդ կայազորի քննիչները ձևական քննություն են իրականացրել Բրոյանին ծառայության ժամանակ ծեծի ենթարկելու գործով: Բանակ զորակոչվելու առաջին իսկ օրերին՝ հիշեցնենք, անցյալ տարվա օգոստոսին Բրոյանին ծեծի էր ենթարկել գումարտակի հրամանատարը՝ Բադ մականունով Արմեն Հարությունյանը:
Ըստ Բրոյանի, հրամանատարը պահանջել էր, որ նա գետնից վերցնի սիգարետի մնացորդ: Հաղորդումը այն մասին, որ Յուրիկ Բրոյանին ծեծի են ենթարկել, ներկայացրել է նրա մայրը, իսկ ինքը՝ Բրոյանը, այդ ժամանակ արդեն Կանազի հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում էր պահվում: Քրեական գործ հարուցվեց քրեական օրենսգրքի 358.1՝ «Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը» հոդվածով:
Օրերս այս գործով նախաքննության ավարտ է հայտարարվել: Արմեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Բրոյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը, ծանոթանալով նութերին, եզրակացրել է, որ քննությունը թերի է և ոչ օբյեկտիվ: Հայարփի Սարգսյանը առարկում է նախաքննության ավարտ հայտարարելու որոշման դեմ, քանի որ ամենատարրական փաստերը քննիչները չեն ցանկացել ստուգել:
Օրինակ, քննիչները ջանասիրություն չեն ցուցաբերել պարզելու համար, թե ովքեր են եղել այն երկու անձիք, որոնք Արմեն Հարությունյանի հետ ծեծի են ենթարկել Բրոյանին: Յուրիկ Բրոյանը ցուցմունք է տվել, որ իրեն ծեծել է հրամանատարը և ևս երկու հոգի, սակայն ինքը այդ ժամանակ մի քանի օրվա ծառայող է եղել, և չի հիշում նրանց դեմքերը:
«Նա ասում է, որ իրեն մեկը հրել է, — պատմում է Հայարփի Սարգսյանը, — և դա Հարությունյանը չի եղել: Նա ընկել է, որից հետո նրան շարունակել են ծեծել: Ճանաչել է միայն Հարությունյանին, մյուս երկուսին չեն հայտնաբերել, որովհետև Արմեն Հարությունյանը ասում է՝ նման բան չի եղել»:
Բրոյանը պնդում է, որ ծեծից հետո իրեն տարել են «կապտյորկա»՝ պահեստային տարածք, որտեղ պահել են մի քանի օր, որ իրեն «հաց է բերել» ռուսերեն խոսացող մի զինծառայող: Քննիչներն ամեն ինչ արել են, որ այս փաստը չապացուցվի: Նրանք պարզել են, որ օգոստոսից մինչև հիմա ազգությամբ ռուս ընդամենը երկու զինծառայող է եղել: Նրանց առերեսման են բերել, բայց Բրոյանը նրանց չի ճանաչել: Մինչդեռ Յուրիկ Բրոյանն իր ցուցմունքներում հստակ նկարագրում է հաց բերող զինվորին, պնդում է, որ նա «կովկասյան» արտաքին ունի:
«Այդ զորամասում մեծ թվով ռուսախոս զինծառայողներ կան, և հնարավոր է, որ այդ զինծառայողը նրանց թվում լիներ, սակայն նրան չեն փորձել գտնել, և իրենց սկզբնական վարկածը նրանք շարունակեցին քննել», — ասում է Հայարփի Սարգսյանը:
Նա պահանջել է, որ ուսումնասիրվեն այդ օրերի անվանակոչի մատյանները: «Եթե Բրոյանին պահել են «կապտյորկայում», ուրեմն, նրա անունը մատյաններում չի եղել, նա չի գնացել, օրինակ, ճաշարան, ճաշը ստանալուց չի գրանցվել: Ես պահանջել էի, որ մատյանները տրամադրեն, և ահա, հիմա, նախաքննության ավարտին ստանում եմ փաստաթուղթ, որտեղ գրված է, որ մատյանները գենշտաբի պետի հրամանով ոչնչացվել են, քանի որ վաշտը կազմալուծվել է մեկ տարուց ավելի: Մինչդեռ նախաքննությունը սկսվել էր մոտ մեկ տարի առաջ, և իրենք վաղուց պետք է առգրաված լինեին մատյանները: Այսինքն, ապացույցը ոչնչացվել է», — պնդում է փաստաբանը:
Բրոյանին «կապտյորկայում» անազատության մեջ՞ են պահել:
Forrights.am-ի հարցին նա պատասխանեց. «Ոչ, միջանցքում քայլել է, նրա դուռը չեն փակել, բայց նա վախեցել է դուրս գալ, ռուսախոս հսկողներ են եղել»:
Օգոստոսի 30-ին Բրոյանը՝ ծեծված, ընկճված, չդիմանալով վատ վերաբերմունքին, ածելիով վնասել է ձեռքը: Նրան տարել են բուժկետ, այնտեղ նրան ծաղրել են, տարբեր, այդ թվում՝ կենդանիների անուններով են դիմել, պատիվն ու արժանապատվությունը նվաստացրել են, որից հետո տարել են հոգեբուժարան: Առերեսման ժամանակ Բրոյանը հիշել է իրեն վիրավորողներից մեկին, սակայն վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել:
Հայարփի Սարգսյանը մեկ անգամ արդեն բողոքել էր հրամանատար Արմեն Հարությունյանի քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, և զինդատախազությունը վերացրել էր իր այս որոշումը, նոր քննություն սկսելով: Սակայն ոչինչ չի արվել ու նորից նույն վիճակով գործը կարճել է:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: