Արդեն ավելի քան 5 օր Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասը լքած զինծառայողը դեռ չի հայտնաբերվել։ Այս մասին Forrights-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Որոնողական աշխատանքները շարունակվում են՝ ՊՆ-ն և Ռազմական ոստիկանությունը զբաղվում են նրան հայտնաբերելու աշխատանքներով։

Ավելի վաղ՝ Արծրուն Հովհաննիսյանը գրառում էր կատարել և անդրադարձել զորամասը լքած զինծառայողին, նշել էր, որ հայտնաբերելու պարագայում վերջինս ենթարկվելու է քրեական պատասխանատվության․

«Անկախ նրանից ինչ մակարդակի աղմուկ կբարձրացվի, ինչ շոու կսարքվի, երեք օրից ավելի զորամասը լքելու արդյունքում զինծառայողը ենթարկվելու է քրեական պատասխանատվության»:

Հիշեցնենք, որ երեկ, վաղ առավոտից մամուլում զինծառայողի անհետացման հանգամանքի մասին լուրեր էր շրջանառվում։

SHAMSHYAN.com -ի տեղեկություններով՝   ինքնակամ լքած զինծառայողի ազգական Քնարիկ. Գ.-ն դիմել է իրենց խմբագրություն՝ խնդրելով օգնել գտնել իրենց զինվոր տղային. «Արդեն 9 ամսվա ծառայող էր մեր տղան, երբեւէ որեւէ դժգոհություն չի ունեցել ծառայությունից: Երեխեն 5 օր է՝ ինքնակամ լքել է զորամասն ու դուրս եկել տարածքից»:

Ազգականի խոսքով՝ ընտանիքի անդամների հետ ամենօրյա կապի մեջ են ՊՆ Ռազմական ոստիկանության կենտրոնական ապարատի Վանաձորի և Երևանի Ռազմական ոստիկանության ծառայողները, ինչպես նաև մյուս իրավապահ կառույցները, ովքեր արդեն քանի օր է՝ ասում են, որ դեռևս նորություն չունեն զինվորի գտնվելու վայրի մասին «Բայց երեխան հո ասեղ չի, որ ընկնի դեզի մեջ ու կորի:

Մանրամասնենք, որ որոնողական աշխատանքներում ներգրավվել են ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Վանաձորի և Երևանի բաժինների ծառայողները, քանի որ երեխան հաշվառված է եղել Վանաձորում, սակայն բնակվել է Երևանում:

Ազնիվ Սիրադեղյան

Pin It on Pinterest