1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչությունից 20 տարի անց, անգամ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո հանրության մոտ նույն կասկածները մնացել են, որ ահաբեկչությունը կազմակերպիչներ ուներ: Միակ նորությունը վերջին տարվա ընթացքում այն էր, որ ինչպես հաստատեց ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը, Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակալ է եղել: Սա, սակայն, նոր հանգամանք չդիտվեց գործը վերաբացելու համար:


Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի պաշտպան Աշոտ Սարգսյանը, մինչդեռ, հիմք  տեսնում է Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացելու համար:

«Կազմակերպիչների մասով գործից մաս էին անջատել, որը անհասկանալի կարճեցին: Մենք լրատվությունից էինք իմացել, որ գործը կարճվել է, բայց կարճման որոշումը չեինք ստացել: Տուժողն իրավունք ունի բողոքարկել գործի կարճման որոշումը, բայց որոշումը մեզ չի տրամադրվել, որ մենք իմանայինք՝ ինչ հիմքով է կարճվել գործը»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը՝ համոզմունք հայտնելով, որ դա այսօր էլ հիմք է գործը վերաբացելու համար:

«Համոզված եմ, որ գործով 86 տուժողներն էլ չեն տեսել կարճման որոշումը: Ակնհայտ ապօրինություն է, որ գործը կարճելուց հետո տուժողներին տեղյակ չեն պահել»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ 2000թ. հուլիսի 11-ին առանձին վարույթ անջատվեց մայր գործից՝ «հնարավոր կազմակերպիչներին, օժանդակողներին, դրդիչներին, նաեւ հանցագործությունը կանխելու, խափանելու հնարավորություն ունեցած պաշտոնատար անձանց» հայտնաբերելու համար: Այս գործով նախաքննությունը կարճվեց 2004 թ-ին՝ առանց կազմակերպիչներ կամ օժանդակողներ հայտնաբերելու: Այն ժամանակվա մամուլը գրում էր, որ գործը կարճելու որոշումը կայացրել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը իրականացրել էր այն:

Դատախազությունը հիմնավորել էր, որ «սպառված են քննչական, օպերատիվ, որոնողական բոլոր միջոցները նոր քննչական ապացույցներ գտնելու առումով», եւ որոշվել է առաջիկայում կարճել անջատված մասը՝ «հանցադեպի բացակայությամբ»: Այսինքն՝ Նաիրի Հունանյանն ու իր խումբը գործել են ինքնուրույն, նրանց ոչ ոք ԱԺ չի ուղարկել, չի օժանդակել, չի դրդել, չի օգնել:

«Հույս ունեինք, որ դատարանում կկարողանանք որոշ բացահայտումներ անել՝ կապված վկաների հարցաքննության հետ, սակայն այդպես էլ այդ հնարավորությունը չունեցանք»,-պատմեց Աշոտ Սարգսյանը՝ շարունակելով. «Պետք է հարցաքննվեին չդատակոչված վկաները: Մենք նպատակ ունեինք հարցաքննել նաև Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Իրենց ցուցմունքները մի քանի էջանոց էին՝ մի քանի ձևական հարցերով: Օրինակ՝ ուզում էինք ՆԳ և ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը բացատրեր կարևորությունը, որ նա այդ օրը գնացել էր Գորիս կամ Հորադիս, լավ չեմ հիշում: Ռոբերտ Քոչարյանի հետ շատ հարցեր կային պարզելու Նաիրի Հունանյանի հետ կապված: Բայց այդ հարցերը չկարողացանք տալ:

Հասկացանք, որ անջատված մասն էլ է խիստ վերահսկողության տակ»:

Այս տարիների ընթացքում անհասկանալի հանգամանքներում մահացան գործով դատապարտյալների ու վկաների մի մասը: Վերջինը «զոհը» այս գործով ցմահ ազատազրկված Էդուարդ Գրիգորյանն էր, որը սրտամկանի ինֆարկտից բանտում մահացավ մոտ երկու տարի առաջ: Նա մեկն էր հոկտեմբերի 27-ի գործով կասկածելի պայմաններում մահացած 9 վկաներից ու մեղադրյալներից:

Դեռ տարիներ առաջ հոկեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկված Էդուարդ Գրիգորյանը պատրաստվում էր նոր փաստեր ու փաստաթղթեր հրապարակել՝ խոստանալով բացահայտումներ անել, սակայն այդպես էլ որևէ բան այդ առթիվ հայտնի չդարձավ հանրությանը: Ի դեպ, նա դատարանում հայտարարել էր, որ պատգամավոր Արմենակ Արմենակյանին սպանողն իրենք չեն: Արմենակյանը սպանվել էր ԱԺ միջանցքում:    

2014 թվականի մարտ ամսին Ամերիկայի Միացյալ նահանգներում վաղաժամ կյանքից հեռացավ հոկտեմբների 27-ի գործով առանցքային վկա Տիգրան Նազարյանը, ով երկու ժամ Նաիրի Հունանյանի հետ էր անցկացրել ահաբեկչությունից հետո եւ վկայություն էր տվել Ռոբերտ Քոչարյան — Նաիրի Հունանյան առանձնազրույցի կապակցությամբ: Նա նշել էր, որ ըստ էության, բոլոր տեխնիկական պայմանները եղել են, որպեսզի այդ զրույցը ձայնագրվի` միացված բարձրախոսների միջոցով:

2000 թվականին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իր բանտախցում, ըստ պաշտոնական տեղեկատվության, էլեկտրահարումից մահացավ այս գործում որպես կասկածյալ ներգրավված Նորայր Եղիազարյանը, ով մասնագիտությամբ էլեկտրիկ էր:

2002թ.-ին իր տան շքամուտքում սպանվեց Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ, այս գործով առանցքային վկա Տիգրան Նաղդալյանը: Նրա սպանության համար մեղադրվեց եւ դատապարտվեց Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը:

2004 թվականին իր բանտախցում, ըստ պաշտոնական տեղեկատվության,ինքնասպան եղավ հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը:

2004թ.-ին Ապարան-Երեւան ավտոճանապարհին վթարի ենթարկվեց հոկտեմբերի 27-ի գործով կալանավորված, հետագայում ազատ արձակված ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը (ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրը):

Նույն տարում կրկին ավտովթարից ԱՄՆ-ում մահացավ գործով որպես վկա անցնող ԱԺ նախկին բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը: 2004 թ.-ին ՀՀ Ազգային ժողովի շենքում կախվեց խորհրդարանի արձանագրային բաժնի աշխատակցուհի 45-ամյա Հասմիկ Աբրահամյանը, ով նույնպես այս գործով վկա էր:

Իսկ 2010թ-ի մայիսին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իր անկողնում հայտնաբերվեց հոկտեմբերի 27-ի գործով 14 տարի ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանի դին: Նրա պատժի ժամկետը լրանալու էր 2012-ին: Ըստ նախնական եզրակացության, 57-ամյա Համլետ Ստեփանյանի մահվան պատճառ էր հանդիսացել սրտի կաթվածը:

Միևնույն ժամանակ, գործով որպես մեղադրյալ անցնող որոշ անձինք դուրս մնացին քննությունից՝ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսան Հարությունյանը, ինչպես նաև ԱՄՆ գնացած Նաիրի Բադալյանը ու այժմ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվող հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը: Նրանց Նաիրի Հունանյանը իր աջակիցներից էր հայտարարել: Շրջանառվող տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանի ջանքերի շնորհիվ մեղադրյալի նրանց կարգավիճակը գործում փոխվեց վկայի կարգավիճակի:

Ավելին, Հոկտեմբերի 27-ին առնչված անձինք, որոնք ապացուցել էին իրենց հավատարմությունը իշխանությանը՝ պաշտոններ ստացան. Հակոբ Բաբայանը նշանակվեց Էրեբունու, Ջոն Ֆարխոյանը՝ Շենգավիթի, նախաքննության առաջին օրերին քննչական խումբը ղեկավարած ՀԿԳ քննիչ Գեւորգ Մաթեւոսյանը՝

Նոր Նորքի դատախազ, Մարսել Մաթեւոսյանը՝ քննչական վարչության պետի տեղակալ, 99-ին գլխավոր դատախազ եղած Աղվան Հովսեփյանը նորից վերադարձավ իր պաշտոնին, դատավոր Սամվել Ուզունյանը նշանակվեց Նոր Նորքի համայնքի դատարանի նախագահ, մեղադրող Գագիկ Ավետիսյանը դարձավ դատախազության կազմբաժնի պետ, Հակոբ Մարտիրոսյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի աշխատակից:

Մարինե Խառատյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest