Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը սեպտեմբերի 11-ին պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմում է ներկայացրել, դիմումը քննարկման փուլում է։ Այս մասին forrights-ի հետ զրույւցում հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը, մանրամասնելով, որ ընթացքի մեջ է և կքննարկվի 80-օրյա ժամկետում:
Հավելենք, որ Նաիրի Հունանյանի ազատազրկման 20 տարին լրացել է և 20 տարուց հետո ցմահ դատապարտյալները իրավունք ունեն դիմել պայմանական վաղաժամեկտ ազատման համար։
«Դեմ եմ». Նաիրի Հունանյանի պայմանական վաղաժամկետ ազատման դիմումի մասին լսելուց հետո ասաց Անահիտ Բախշյանը՝ 1999 թվականի, հոկտեմբերի 27-ին, Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության զոհ դարձած խորհրդարանի փոխխոսնակ Յուրի Բախշյանի կինը:
«Ինքն ուզում է օրենքով իրեն վերապահված իրավունքից օգտվի՝ ես դեմ եմ, ես երբեք չեմ ստորագրի և ամեն ինչ կանեմ, որ այդ վաղաժամկետ ինստիտուտը չտարածվի իր վրա, քանի դեռ ՀՀ-ում Արդարադատություն չկա և օրենքի առաջ բոլորը հավասար չեն»,-ասաց նա, հավելելով, որ Նաիրի Հունանյանի այս քայլը անբարոյականություն է համարում:
«Երբ Հայաստաննը կլինի օրենքի, արդարադատության երկիր, միգուցե մտածեմ`թող մի տականք էլ ավել էս արևի տակ ման գա, իսկ հիմա դեմ եմ»,-եզրափակեց նա:
Իրավապաշտպան Վարդան Հարություննանն էլ իր հերթին մանրամասնեց՝ Հայաստանի Հանրապետության կալանավայրերում գտնվող յուրաքանչյուր կալանավոր իրավունք ունի դիմելու պայմանական վաղաժամկետ ազատման համար.
«Եթե կլինեն բոլոր նախադրյալները նրա ազատ արձակման համար, ապա՝ այո, կարող է ազատվել՝ այդ թվում նաև Նաիրի Հունանյանը»,-ասաց նա:
Ես ընդհանրապես կողմ եմ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի լայնամաշտաբ կիրառմանը, ես ակնկալում և պահանջում եմ իշխանություններից, որ դա հնարավորինս լայն և շատ տարածվի բոլոր ցմահ ազատազրկվածների վրա:
Հիշեցնենք, որ 1999թ-ի հոկտեմբերի 27-ին ահաբեկիչների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեց Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ և սպանեց ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
Հավելենք, որ Նաիրի Հունանյանն իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: