Նախկին իշխանությունները ցմահ դատապարտյալներին չէին հիշում, նրանց մասին չէին խոսում, փակված թեմա էր: Հեղափոխությունից հետո ցմահները հիշեցրին իրենց մասին, հավատացին հեղափոխության արժեքներին, սակայն կարճ ժամանակ անց նրանք դարձյալ մոռացության մատնվեցին և հիմա թեման փակ է, ինչպես առաջ: Թեև ցմահ դատապարտյալները իրավունք ունեն օգտվել պայմանական վաղաժամկետ ազատմելու հնարավորությունից, բայց դատարան դիմած ցմահներից և ոչ մեկն ազատ չի արձակվել:
23 տարի և ավել ազատազրկման մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանն ասում է, որ պայմանական վաղաժամկետի համար Քրեակատարողական ծառայության կամ Պրոբացիայի տված բնութագրերում բացակայում է մարդը, մարդու նկարագիրը. մարդուն չեն տեսնում։
Նախկինում ադմինիստրացիան դեր ուներ։ Հիմա կամաց-կամաց ադմինիստրացիային հանել են։ Այսինքն, ադմինիստրացիան հիմա կատարում ա զուտ իր աշխատանքը։ Որևէ տեսակի կարծիք, որևէ տեսակի բան, հաշվի չի առնվում։ Նենց են սարքել, որ ադմինիստրացիան զուտ կետեր ա լրացնում ու ուղարկում ա։
Էդ բալային համակարգն էլ լրիվ աբսուրդ ա։ Օրինակ իմը՝ ասում ա՝ հանցագործությունը կատարելու պահին եղել է 19 տարեեկան՝ 0 միավոր։ Եթե լինեի 45 տարեկան, կունենայի 3 միավոր։ Ո՞նց կարող ա 19 տարեկանն ավելի գիտակից լինի, քան 45-ը: Անգիտակից, չաճած, չձևավորված մարդուն 0 միավոր, իսկ հասուն, գիտակից մարդուն, որ հանցանք ա կատարել, 3 միավոր։ Էդ միավորները հաշվում են որպես առավելություն։
Կամ՝ կատարած հանցանքի համար զղջում է, բայց իրեն մեղավոր չի ճանաչում։ Ես հենց սկզբից էլ հայտարարել եմ, որ ես մասնակի հանցանքը կատարել եմ՝ զենքը վերցնելու, փախնելու, զորամասն ինքնակամ լքելու, կատարել եմ և էդ ամենը հանգամանքների բերումով ա եղել։ Բայց առաջադրված մեղադրանքը ես չեմ ըննդունում։ Իմ իրավունքն ա՝ ընդունել կամ չընդունելը, պարտականությունը չի,, այսինքն իմ իրավունքը պահելու համար ինձ պատժում են։ Ես չեմ խուսափել դատարանի վճռից։
Այսինքն, պարտադրում են, որ դու քո մեղքն ընդունես։
Հա, շանտաժ ա։ Լրիվ աբսուրդ ա՝ զղջում ես, թե չես զղջում։ Էդ մարդը ձեր դեմն ա եղել, ձեր աչքի առաջ․ դուք չեք տեսնում էդ մարդու անցած ճանապարհը։ Հիմա ես ի՞նչ, գնամ ասեմ՝ ես զղջում եմ․․․կե՞ղծ ասեմ։ Էդ ամեն ինչը զուտ փաստաթղթային ա։ Ինձ մոտ ղզջալու խնդիրը չի։ Ես չեմ ընդունում իմ մեղադրանքը, էն սպանությունները, որ ինձ մեղագրվել են, ես չեմ կատարել դրանք։ Էս ամբողջ ընթացքում իրենք պետք ա տեսնեն՝ ես ինչ-որ տեղ խախտում արե՞լ եմ։ Ես միշտ էլ իմ կատարածի համար պատրաստ եմ թե՛ պատասխանատվությունը կրել, թե՛ հետևանքները։ Բայց չկատարածը, ինչ ուզումա լինի, չեմ ընդունի։ Եթե ինձ հիմա ազատություն ա տված, էդ ա իմ ազատության գինը, ես չեմ անելու։ Ես չեմ ուզում կեղծել, չեմ ուզում ասել էն, ինչը ես չեմ մտածում։
Շատ դեպքերում ինձ խորհուրդ էլ են տալիս ՝հա դե հիմա ասա դու ես, կարևորը՝ ազատվես, բայց հենց դրանից ա սկսվում քայքայումը։ Եթե կեղծ ձևի ընդունես, ուրեմն կեղծ ձևի էլ կսիրես։ Շահը լինի՝ կանես, բայց ես չեմ ուզում տենց։
Ճշմարտության ու նման մտածողության համար տուժվում ես։ Բալային համակարգով, փաստորեն, շատ ցածր միավոր էիր հավաքել։
Բացի ցածր բալերը, ոնց որ զուտ մեխանիկական լիներ։ Բնութագիրը նայելով կյանքում չես հասկանա, թե ինչ տեսակ մարդու մասին ա խոսքը։ Չկա բնութագիր էն մարդու մասին, որը պետք ա մտնի հասարակություն։ Զուտ՝ աշխատել ա-չի աշխատել, մրցաշարերին մասնակցել ա-չի մասնակցել, կատարած հանցանքն ընդունում ա-չի ընդունում, քրեական ենթամշակույթը կրում ա, թե չի կրում։
Պրոբացիայի եզրակացությունը, որ նայում ես, սաղ դրական տալիս ա, վերջում ասում ա՝ նոր հանցանք կատարելու հավանականությունը բարձր է։ Եթե ես քրեական ենթամշակույթի հետևորդ չեմ, վնասակար կախվածություններ չունեմ, ինչն ինձ կդրդի, ինչի՞ց են վերցնում, որ բարձր ա։
Նախարարի հետ հանդիպման ժամանակ ես ասեցի, որ այն խախտումները, որ ունեցել ես պատժի ընթացքում, ամենավերջինը՝ 6 տարի առաջ, Քրեակատարողականը ամեն պայմանականի ժամանակ նշում է որպես տույժեր ու փոխնախարար Գալյանն ասում է, որ նման բան լինել չի կարող: Ես ինչ-որ բան շփոթում եմ։ Բայց քեզ էլի տվել են այդ խախտումները, չէ՞։
Հա, հիմա էլ ու միշտ էդ մեջ են բերում։ Ու հեռախոսի համար ա եղել։ 9 հատ նկատողություն ունեմ հեռախոս պահելու համար։ Ես չեմ ուզում կտրվեմ իմ ընտանիքից, հենց ընտանիքն ա էդ կապող օղակը՝ կալանավորի ու հասարակության։ Եթե մարդ էդ կապը կտրեց, հասարակությունն էդ մարդու համար դառնում ա օտար ինչ-որ մի բան։ Իբր դրել են հնարավորություն՝ ամիսը 40 րոպե սաքսաֆոններով խոսել, մեկը հարցնի՝ դու էդ սակագները տեսե՞լ ես։ Քո որ օլիգարխն ա էդ թվերով խոսում։
Փոխնախարար Սրբուհի Գալյանն ասում էր Սկայպի հնարավություն ունեք։
Սկայպի հնարավորություն տալիս են մենակ էն դեպքում, երբ հարազատդ արտերկրում ա։
Էս մերժումների պահով դիմեցի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ բողոքարկելու, որ պետի տված եզրակացությունը իրականությանը չի համապատասխանում և ինչ-որ մի տեղ ստի վրա ա հիմնված։ Բացի էդ, վարչությունը չի կատարել դատարանի որոշումը․ ռեժիմը փոխել ա, բայց պահել ա նույն տեղում ու նույն պայմաններով։ Իմ առօրյայում որևէ բան չի փոխվել։ Ոնց որ թղթի վրա էն ժամանակ գրված էր փակ, հիմա՝ կիսափակ, ուրիշ ոչ մի բան։ Դրա համար, որ դատարանում քննվում էր էդ հարցը, դատավորը բերդի ներկայացուցչին հարցրեց՝ որ տեղափոխվի «Արմավիր»-ի բանտ, էնտեղ ուսման, դասընթացների, աշխատանքի հնարավորւթյուն կա՞։ Հենց սրա համար դատարանը վճիռ կայացեց, ասեց՝ տարեք, որ էնտեղ լայն հնարավորություններ ունենա։
Բայց վարչությունը թերի կատարեց, դրանով հենց արհեստական խոչընդոտ դրեց, որ ես էդ բալերը չկարողանամ լիարժեք հավաքեմ։ «Նուբարաշեն»-ում հնարավոր չի էդ բալերը հավաքել։ Ստեղ դու պետք ա աշխատանք գտնես քո համար, դու պետք ա սովորելու հնարավորություն գտնես քո համար Եթե մարդ չունի նման հնարավորություններ, կա սոցիալական խնդիր, թոշակառու ծնողներս են, ով պետք ա ընկնի էս դուռն ու էն դուռը, որ թղթեր դզի, աշխատանք գտնի։
Իշխանության փոփոխությունից հետո, ի՞նչ փոխվեց, ի՞նչ ակնկալիքներ ունեիք, ի՞նչ դրական փոփոխություն զգաց «Նուբարաշեն»-ի դատապարտյալը։
Հեղափոխությունը, որ սկսվեց, նախկին իշխանությանը հանեցին, մարդկանց մոտ էդ ցնծությունը, ուրախությունը, եկավ ժողովրդի իշխանությունը։ Ես միշտ ասել եմ՝ Հայաստանի արտագաղթը, որ եղավ, ամենամեծ ազդակը արդարության պակասն ա եղել։ Մարդու հանդեպ պետությունն անարդար վերաբերմունք ա ցույց տվել, ոչ մեկ իրա տունը չի թողնի գնա, եթե տան մեջ զգա, որ իր վրա ուշադրություն են դարձնում, գնահատված ա ինքը։
Եկան փրկելու, մտածեցինք՝ էդ ա, կամաց-կամաց զգում ես, որ զուտ նախկիններին պատժելու համար էր։ Այսինքն, հետաքրքիր չի, թե ժողովուրդը ոնց ա, ներսում որևէ փոփոխություն չի եղել։ Հակառակը, եթե ասենք էն ժամանակ իրենք ասում էին՝ չենք անելու, հիմա բան չեն ասում, որ էլի վատ ա։ Ավելի լավ ա նախկինների նման ասեն՝ չենք անելու, քան․․․ Էդ էլ ա վիրավորական։
Մանուկյան Աշոտին ես ճանաչում եմ 1996 թվականից։ Եզակի կալանավորներից ա, որ աչքիդ դիմաց տեսնում ես մի աննկարագրելի աճ՝ որպես մարդ, որպես գաղափար։ Էն ժամանակ, որ հիշում եմ Աշոտին, գյուղից եկած տղա էր, իսկ հիմա, ես իրա գիրքն էլ, որ կարդացի՝ տուժողներին ուղղված, ես նույնիսկ զարմացա, որ մարդն ունակ է էսքան հասունանալու։ Ով ինչ ուզումա ասի, ես համոզված եմ, որ ինքը եթե լավը չբերի հասարակույուն, հաստատ վատը չի անի։ Ինքն էն կալանավորն էր, որին պետք ա թողնեին միանշանակ, բայց մերժեցին…։
Իսկ ինչի՞ համար են մերժում։
Ասում ա՝ կատարած հանցանքը դասվում ա առավել ծանր հանցագործությունների շարքին, ըստ դրա իրա ռիսկայնությունը բարձր ա։ Էս աբսուրդ ա էլի․․․10 տարի հետո էլ ա նույնը լինելու, 20, 30 տարի հետո էլ, Նենց տպավորույթւոն ա, որ իշխանությանը չի հուզում, բացի պատժելուց, նստեցնելուց, չի հւոզում մյուս մարդկանց ճակատագրերը։ Դու եկել ես ոչ թե նախկիններին պատժես, այլ երկիրդ փոխես, գլխավոր նպատակը էդ պետք ա լինի։
Եթե հներն իրենց հետ կայուն բան էին բերել, հիմա հիասթափվում ես ամեն բանից։ Ես ասենք գիտեմ, որ մտնեմ դատարան, պետք ա մերժվեմ, նախորդի օրոք էլ, էսօր էլ։
Ի՞նչ կուզենայիր, որ փոխվեր այսօր։
Ես չեմ ուզում որևէ մեկն իրեն արհամարված զգա սեփական երկրում, սեփական տանը։ Ես մի փոփոխություն եմ տեսել մենակ՝ Նոր տարուն Սերժ Սարգսյանի փոխարեն Նիկոլ Փաշինյյանը շնորհավորեց։ Էդ կոտրում ա, էդ սպասումը, որ դու մեզ տվեցիր, դու պետք ա ամեն ինչ անես, որ արդարացնես։ Քեզ բերում են էն մտքին, որ դու արդարության երես չես տեսնելու, և դու գնում ես ինքնամեկուսացման։ Չես ուզում ինչ-որ մեկի հետ շփվել, որովհետև քեզ թվում ա, թե դու իրենց էլ ես քո հետ քաշում բերդ, մարդկանց էլ ես կալանքի ենթարկում, հրաժարվում ես շատերից, որ իրենք էլ քո ցավը, էդ ծանրությունը քեզ հետ չտանեն։ Մարդկային առումով ստեղ նահանջ կա, նպատակ կա՝ կոտրելու։ Քեզ բրթել գցել են փոսը, գալիս ասում են՝ հարմարավե՞տ ա էդ փոսում։
Ժաննա Ալեքսանյան
Հ.Գ.Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ցմահների ազատման հարցը կապում է դատական համակարգի բարեփոխման հետ. «Հուսով եմ, որ դատական համակարգը կփոխվի և ցմահ դատապարտյալները կունենան պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու ինստիտուտից օգտվելու հնարավորություն»: Սովորական անտարբերություն: Հարց է առաջանում, իսկ ինչու պետք է մարդը տուժի չկայացած դատական համակարգի պատճառով: Արթուր Մկրտչյանն արդեն տուժել է այդ նույն դատական համակարգից՝ դատապարտվելով մահվան, ապա ցմահ ազատազրկման։
Լուսանկարը՝ Անի Գևորգյանի
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: