Կարատեի նախկին մարզիչ Սամվել Աայվազյանը 2018 թվականի նոյեմբերից ապօրինի կալանքի տակ է:
Դատախազությունը նրան մեղադրում է վանաձորցի քրեական հեղինակություն Շալիկո Մանուչարյանի՝ Շալոյի սպանությունը կազմակերպելու համար: Մեղադրանքը ծանր է՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից երկու կամ ավելի անձանց սպանության նախապատրաստություն /ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետ/, որը նախատեսում է ընդհուպ ցմահ ազատազրկում:
Ըստ քննիչների վարկածի, Շալոն օրենքով գող Արտյոմ Սարատովսկու հետ հեռախոսազրույցում, իբրև թե, անպարկեշտ արտահայտություններ է արել: Գողն էլ իր մարդկանց, մասնավորապես Սամվել Այվազյանի միջոցով փորձել է կազմակերպել Շալոյի մահափորձը: Զավեշտն այն է, որ Շալոն հրաժարվել է տուժողի կարգավիճակից, հայտնել է, որ իր դեմ ոչ մի մահափորձ չի եղել:
«Մենք գործի նյութերը վերցրել ենք, նայում ենք, լրիվ շինծու մեղադրանք է, տուժողն ընդհանրապես իրեն տուժող չի ճանաչում, չի ուզում քրեական գործին ծանոթանալ ու իրեն այն չի հետաքրքրում: Նրան հարցնում են՝ դուք այսինչ մարդու հետ վիճաբանություն ունեցե՞լ եք հեռախոսով, որից հետո սպանության պատվեր են տվել: Ասում է՝ սուտ է, չի եղել նման բան, ես էս մարդկանց չեմ ճանաչում, կապը գտեք իմ ու էս մարդկանց մեջ, թե ինչու պետք է էդ մարդիկ ինձ վնաս տային», — ասում է Սամվել Այվազյանի փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, քննիչներն այս գործով խճճված, անհավանական վարկած ունեին, ըստ որի Այվազյանը մարդ է «վարձել»՝ իր ընկեր Ժենյա Կաչակին, որը, ըստ ճշտված, բայց ոչ պաշտոնական աղբյուրների, Մարտի 1-ի դիպուկահարներից էր: Շալիկո Մանուչարյանի բնակարան հանցաշխարհի ինչ-որ ներկայացուցիչներ են գնացել, սկսել են նրա հետ հաշիվներ մաքրել: Շենքի ներքևի հարկում պայթյուն է հնչել, մահափորձը չի հաջողվել, իսկ Կաչակին 3-4 ամիս անց գտել են սպանված: Ի դեպ, ապացուցված է, որ Կաչակը «ռազբորկայի» ժամանակ Շալոյի բնակարանում ընդհանրապես չի եղել:
Նախաքննության ողջ ընթացքում քննիչները փորձել են Սամվել Այվազյանի հետ կապել Մարտի 1-ի դիպուկահար Ժենյա Կաչակի սպանությունը: Ըստ երևույթի, հենց դա է եղել մահափորձի գործը մոգոնելու նպատակը, սակայն որևէ կերպ այդ կապը հիմնավորել չեն կարողացել, ծայրը ծայրին չեն հասցնել:
Ներկայացնում է Այվազյանի պաշտպան Աննա Ծառուկյանը. «Սամվել Այվազյանի կալանքը երկարացվել է 5 անգամ: Քննիչը 11 ամիս դատարան է ներկայացրել անձանց հարցաքննության արձանագրությունների առաջին էջերը, որոնցով դատարանին ապացուցել է նախորդ ամիսների ընթացքում իր կողմից դրսևորած <<բավարար ջանասիրությունը>>: Ընդ որում կալանքի երկարաձգումը 5-րդ անգամ պահանջելով, քննիչը միջնորդության մեջ նշել է, որ դա պետք է ոչ թե նախաքննության, այլ նախաքննական ավարտ հայտարարելու, քրեական գործի նյութերին ծանոթացնելու, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու, ինչպես նաև որպեսզի դատարանը ժամանակ ունենա որոշումներ կայացնելու և նախնական դատական նիստ նշանակելու համար»:
Փաստորեն, գործ ունենք քննիչի հետ, որը նախաքննությունն ավարտելու նպատակով, այսինքն՝ իր պաշտոնեական պարտականությունները կատարելու համար դատարանից պահանջում է երկարացնել մեղադրյալի կալանքը:
Այվազյանի խափանման միջոցը երկարաձգելու բոլոր միջնորդությունները բողոքարկվել են նրա պաշտպանների կողմից: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 3 անգամ հետաձգել է վերջին բողոքի քննարկումը: Վերջին անգամ նիստը հետաձգելու պատճառաբանությունն այն է եղել, որ քննիչը կալանքի երկարացման միջնորդությանը կից նյութեր չի ներկայացրել առաջին ատյանի դատարանում:
«Զավեշտ է, առաջին ատյանի դատարանում գործը լսվել և որոշում է կայացվել, առանց հիմնավոր կասկածը հիմնավորող որևիցե նյութի և հիմքերի, ինչպես նաև հարցաքննության արձանագրությունների առաջին էջերով, առանց դրանց բովանդակությանը ծանոթանալու», — ասում է Աննա Ծառուկյանը:
Երեկ վերաքննիչ քրեական դատարանը կրկին հետաձգել է նիստը, քանի որ քննիչը և դատախազը՝ երկուսը միաժամանակ չեն ներկայացել նիստի:
«Պատահական չէ, որ հիմա են ներկայացնում հետաձգման դիմումներ, — ասում է Աննա Ծառուկյանը, — նախապես դատարանը համաձայնեցրել էր կողմերիս հետ այսօրվա դատական նիստի հարմարության հարցը, կանխատեսելով ՀՀ վերաքնիչ դատարանի կողմից կայացվելիք դատական ակտը ու այն, որ լրանում է նախաքննության մեկ տարին և չկան նյութեր անձի հիմնավոր կասկածի վերաբերյալ: Վերջիններիս անհրաժեշտ էր արագ մեղադրական եզրակացությունը մուտք անել դատարան, որպեսզի կրկին մեղադրյալին կամայականորեն պահեն կալանքի տակ»:
Այսպես, կալանքը քննարկող դատավոր Սերգեյ Մարաբյանը կալանքի անհիմն որոշում ընդունելու գլխացավանքը փոխանցել է ընդհանուր իրավասության դատարանին, որը շուտով կսկսի քննել այս անհեթեթ գործը և նախ կանդրադառնա Այվազյանի խափանման միջոցին:
Այս օրերին չկայացած մահաձորձի գործով նախաքննությունն ավարտված է: Գործի նյութերին ծանոթանալիս, Այվազյանի պաշտպանները հայտնաբերել են, որ հարցաքննված անձինք տվել են արդարացնող ցուցմունքներ:
Պարզ է արդեն, որ նախկին մարզիչը դեռ երկար կմնա կալանքի տակ: Պարզ է նաև, որ այս որոշումների հետևում ինչ-ինչ ազդեցիկ անձիք են, որոնք չեն ցանկանում, որ Մարտի 1-ի սպանված դիպուկահարի ընկերը՝ Սամվել Այվազյանը հայտնվի ազատության մեջ և հսկողությունից դուրս: Ու՞մ է ձեռնտու, որ Կաչակի սպանության համար մեղադրեն Այվազյանին, որ նա դուրս չգա բանտից: Հավանաբար, նրանց, ով սպանել է Մարտի 1-ի դիպուկահարին: Ի դեպ, այս սպանությունը, կարծես, համալրելու է չբացահայտումների շարքը:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: