Միխայիլ Խաչատուրյանի հարազատները, ում սպանության համար մեղադրվում են նրա երեք դուստրերը, վիճարկելու են քույրերից կրտսերի անմեղսունակության վերաբերյալ եզրակացությունը, լրագրողներին հայտնել է տուժողների ներկայացուցիչ Գեորգի Չուղուաշվիլին, գրում է ria.ru-ն:
«Մենք կպնդենք, որ ևս մեկ անգամ անցկացվի հոգեբանա-սեռա-հոգեբուժական փորձաքննություն, մենք կպնդենք այն դիրքորոշումը, որ նա ամեն ինչ գիտակցել է»,- ասել է փաստաբանը 360 հեռուստաալիքի ստուդիայում կայացած մամուլի ասուլիսում:
Ավելի վաղ փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ աղջիկը սպանության ժամանակ անմեղսունակ է եղել, չի գիտակցել իր արարքը և պատասխանատվություն չի կարող կրել: Այդ պատճառով դատարանը չի կարող նրան պատիժ նշանակել, միայն կարող է հարկադիր բուժման ուղարկել։
Փաստաբանը մտադիր է վիճարկել այդ եզրակացությունը: Փաստաբանի՝ հաջողության հասնելու դեպքում, աղջկան կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միխայիլ Խաչատուրյանը դուստրերից մեկին բռնությամբ սեռական մերձեցման է պարտադրել:
Հիշեցնենք, որ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը 2018թ. հուլիսին սպանված էր հայտնաբերվել իր մոսկովյան տանը: Նրա դիակի վրա հայտնաբերվել էին բազմաթիվ վնասվածքներ: Տղամարդու 3 դուստրերը ձերբակալվել էին:
Նշվում է, որ Միխայիլ Խաչատուրյանը տարիներ շարունակ երեք քույրերին ենթարկել է ֆիզիկական և սեռական բռնության: Քույրերի պաշտպանությունը, ինչպես նաև հանրությունը պնդում են, որ աղջիկների գործողությունները կրել են ինքնապաշտպանական բնույթ և չեն կարող դիտարկվել որպես նախապես պայմանավորված խմբակային հանցագործություն:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: