«Էս մի ամիս ա փողոցում ենք հայտնվել, ավտոյի մեջ ենք քնում, ավտոյի մեջ՝ ապրում։ Էս ոստիկաններն են մեկ-մեկ ուտելու բան տալիս․․․ամեն ինչ կորավ, տուն, տեղ։ Եկեք մի բան արեք»,- առավոտյան Forrights-ին էր ահազանգել 42-ամյա Արսեն Դավթյանը։

Արսենին հանդիպեցինք Դիմիտրով փողոցի այգիներից մեկում՝ մեքենայի մեջ նստած։ Նրա հետ էր 68-ամյա մայրը՝ Նոննան և 72-ամյյա հայրը՝ Մերուժանը․ մեկ ամիս է այդ ավտոմեքենան է նրանց տունը դարձել։ Դավթյանների պատմելով՝ այսօրվա նման վիճակի մեղավորն իրենց վաղեմի ծանոթն է՝ Գևորգը, ում հավատալով վաճառել են ողջ ունեցվածն ու մնացել անտուն․

«Օգոստոսի կեսերն էր, Գևորգը մեզ համոզեց՝ վաճառել մեր տունը, էդ փողով գնալ Կրասնոդար, աշխատել ու ավելի լավ ապրել։ Դե մենք էլ հավատացինք․ ստեղ աշխատելով ոչ մի բանի չէինք հասնում, ասեցինք՝ դու մեզ կփրկես, Գևորգ ջան։ Դրանից հետո ինքն անընդհատ մեզ հետ կապի մեջ էր, մեկ համոզում էր տունը վաճառել, մեկ ինձ ասում՝ չէ, տունը մի ծախի, սկզբից արի երկուսով գնանք, հետո հորդ ու մորդ կկանչես կբերես։ Էդ ինձ ուրախացրեց, համաձայնվեցի, հետո էլի որոշումը փոխեց ու համոզեց տունը վաճառեցինք։ Արագ ծախելու արդյունքում էլ 5500 դոլլարով վաճճառեցինք։ Դրանից 1700 դոլլարն ինքը վերցրեց՝ ինչ-որ փող ուներ փակելու, մնացածով էլ տոմս առանք մեր բոլորի համար, որ գնանք»,- Forrights-ին է պատմում Արսենը։

Ինչ-ինչ պատճառներով, Գևորգը մեկ օր շուտ է թռնում Կրասնոդար, որտեղ հաջորդ օրը դիմավորում է Արսենին ու նրա ընտանիքին։ Արսենի պատմելով, մինչև ինքը խանութում էր, Գևորգն ու իր ծնողները հյուրանոցի համարում հաց են ուտում, Գևորգը ոգելից խմիչք է օգտագործում ու հարբում։ Ծնողների համար անսպասելի, նա սկսում է գոռգոռալ և պահանջել նրանց մոտ մնացած գումարը։ Նրանք ընդդմիանում են, ինչին հետևում է Գևորգի սպառնալիքները, որ գումարը չտալու դեպքում, շատ վատ բան կլինի․

«Ես հյուրանոց մտա ու չհասկացա, թե ինչ ա կատարվում։ Գևորգն իրա ձեռքի մատանին հանել էր, ասում էր՝ էս վերցրեք, ինձ փող տվեք։ Մեծ խոսակցություն եղավ, ինչից հետո ինքը գնաց։ Երկու ժամ հետո պապաս զանգեց, կանչեց հյուրանոց, որ հասկանանք ինչ ենք անում, ինքն ինչ ա անում«։

Որդու խոսքը շարունակեց հայրը՝ Մերուժանը։ Նրա պատմելով, ինքը մեծավարի խնդրել է կարգի հրավիրվել ու հստակ խոսել ապագա գործերի մասին։ Գևորգը նախ ներողություն է խնդրել իր պահվածքի համար, ապա՝ գումար․

«Ասեց՝ Մերուժ ձյաձյա, ինձ 1500 ռուբլի փող տվեք, հեսա նայեք ձեր համար ինչ լավ բան եմ անում։ Հավատացինք, էդ էլ տվեցինք, մի կես ժամից հետ եկավ, պարզվեց ընկերուհու համար եսիմ ինչ էր առնելու էդ փողով։ Ջղայնացա, ասում եմ՝ մենք տուն-տեղ ծախել, եկել հասել ենք ստեղ, որ դու մեր փողերը վերցնես ու սոնաների վրա՞ ծախսես։ Ինքն էլ էլի կատաղեց ու ասեց՝ ես գնում եմ, ինչ ուզում եք արեք։ Թողեց ու հետ եկավ Հայաստան»,- դեպքերը վերհիշելով կրկին վրդովվեց Արսենի հայրը՝ Մերուժանը։

Օտար երկրում անելանելի իրավիճակում հայտնած Դավթյանները տեղի հայերի օգնությամբ, իրենց վերջին գումարներով գնում են ավտոմեքենա ու վերադառնում Հայաստան։ Նրանք առաջին հերթին ուղևորվում են Գևորգի բնակարան, որ պահանջեն իրենցից վերցված գումարները վերադարձնեն, սակայն դուռը նրանց առաջ չի բացվում։ Ներսից Գևորգի քույրն ու հայրն «ամենավերջին խոսքերով վիրավորում են» նրանց և պահանջում հեռանալ իրենց տանից։

Դեպքից մեկ ամիս անց Դավթյանները դեռևս անտուն են։ Նրանք ապրում, քնում են մի փոքր ավտոմեքենայի մեջ, օգտվում այգու հասարակական զուգարանից, սնունդը երբեմն ստանում այգուն կից ոստիկանական բաժնից․

«Էս մեծ տարիքին մերս դրսում ա հայտնվել, ոչ տուն ունի, ոչ ծածկ։ Ինչի՞ պետք ա դրսում մնա, ծառի տակ ապրի։ Հիմա իրա մերը, որ լիներ, ինքը ո՞նց կհանդուրժեր։ Զանգում ասում ենք՝ մեր փողերը տուր, մի բան էլ ինքն ա մուննաթ գալիս, ասում ա՝ չեմ տալու, ինչ արել եմ լավ եմ արել, ձեզ էդ էլ ա քիչ»,- նշում է Արսենը։

Դավթյանները նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, Հրազդանի քաղաքապետին, Ոստիկանություն և Դատախազություն հաղորդում ներկայացրել հանցագործության մասին։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու դիմումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս հանգամանքը վրդովեցնում է տուժող կողմին, նրանք հայտարարում են, որ պայքարելու են մինչև վերջ և վերականգնեն իրենց իրավունքները․

«Մենք մինչև վերջ գնալու ենք ու դրանից (խոսքը Գևորգի մասին է- խմբ․) ստանանք մեր տունն ու փողերը։ Սենց չենք թողնելու»։

ՄԻՊ-ը նրանց ուղղորդել էր դիմել Հրազդանի սոցբաժին, որտեղ Դավթյաններին առաջարկել էին հանրակացարանի կիսաքանդ բնակարաններից մեկը վերանորոգել և ապրել այնտեղ, սակայն միայն մեկ ամսով․

«Որ էդքան բան պետք ա անեինք, լույս միացնեինք, ռեմոնտ անեինք ու մի ամսից դուրս գայինք, էլ ինչի՞ անեինք»,- վրդովված նշեցին Դավթյանները։

Forrights-ը կապ հաստատեց խաբեության և փողերի կորզման մեջ մեղադրվող Գևորգի՝ Գևորգ Խաչատրյանի հետ։ Նա չհերքեց, որ գումար է վերցրել Դավթյաններից, սակայն պարզաբանեց՝ դեպքը ներկայացվում է խեղաթյուրված․

«Իրենք շանտաժյոր են։ 1996 թվից ես ինչով կարողանում, իրենց օգնում եմ, հիմա իրենք ուզում են գլխիս սարքեն։ Էդ Արսենը բացի շոֆերությունից ուրիշ ոչ մի բան անել չի կարողանում, բայց Կրասնոդարում ասում էր՝ ես ոչ գազել կքշեմ, ոչ էլ տաքսի։ Ես էլ ի՞նչ անեմ, արքայավայել ապրել են ուզում չաշխատելո՞վ։ Ես էդ մարդկանց խղճալով աշխատանք եմ առաջարկել, ցանկացել՝ ոտքի հանել, էն էլ նենց պատմության մեջ են ինձ գցում, որ ասում եմ՝ վերջ, ինչ ուզում եք արեք, ես ձեռքերս լվանում եմ ու հետ գալիս Հայաստան»,- մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց Գևորգը։

Նա նշեց, որ պարտքը մարելու համար պարտավորագիր է ստորագրել ու ամեն ամիս որոշակի գումար է փոխանցելու Մերուժան Դավթյանի թոշակի հաշվեհամարին․

«Էդ փողը տամ ու պրծնեմ դրանիցից։ Տենց ա էլի՝ լավություն անողի գլուխն ա ծակ»։

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest