ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխաբադում՝ ԱՊՀ անդամ-պետությունների ղեկավարների նիստի ժամանակ, արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթին եւ հայտարարել, թե նրա կողմից փաստերն աղավաղելու փորձեր է տեսնում:

«Մենք դեմ ենք պատմական իրադարձությունները սուբյեկտիվորեն մեկնաբանելու փորձերին: Ցավոք, Իլհամ Ալիեւի խոսքում մենք այդպիսի փորձեր տեսանք։ Լսելով նրա գնահատականները Գարեգին Նժդեհի մասին՝ ճիշտն ասած՝ հիշեցի խորհրդային հայտնի «Կովկասի գերուհի»-ն կինոնկարը. երբ այնտեղ խոսվում է հինավուրց ամրոցի ավերակների մասին, եւ հարց է հնչում՝ իսկ ի՞նչ է, եկեղեցին նույնպե՞ս ես եմ ավերել։

 Իլհամ Հեյդարովիչի ելույթից տպավորություն է, որ Հիտլերն այդ պատերազմում երկրորդական դեր է խաղացել եւ նացիստական շարժման առաջնորդը եղել է Գարեգին Նժդեհը: Իսկ իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարել է Հայաստանի թուրքական օկուպացման դեմ, պայքարել է հայերի ցեղասպանության դեմ, եւ իրականությունն այն է, որ հայ-թուրքական պատերազմի ժամանակ Գարեգին Նժդեհը բազմաթիվ ռուս սպաների հետ՝ 1918 թվականին ռազմաճակատի շատ կարեւոր հատված էր ղեկավարում: Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ կարևոր է, որ մենք իմանանք պատմության օբյեկտիվ գնահատականը:

Ասում են, որ Գարեգին Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում: Շատ Խորհրդային գործիչներ են մահացել այդ բանտում, Սոլժենիցինը Գուլագում էր: Մենք կարծում ենք, որ նրանք, ովքեր դատապարտվել են 37-50-ական թվականներին, բոլորը ազգի թշնամի՞ են: Եթե այդպես է, ապա բազմաթիվ ականավոր գործիչներ դատապարտված են եղել և իրենց կյանքն ավարտել բանտում: Բայց դա չի նշանակում, որ մենք այդ ամենը պետք է իբրև փաստ ընդունենք: Եվ ես անտեղի, անհարկի եմ համարում պատմությունն աղավաղելու, բավական կարևոր այս նիստի մթնոլորտում որոշակի լարվածություն մտցնելու նպատակով այս ձևաչափի օգտագործումը»,- ասել է նա:

Փաշինյանն այնուհետեւ հավելել է, որ, իր կարծիքով, Ադրբեջանի նախագահի խոսքերն առաջին հերթին անհարգալից են հայ ժողովրդի համար, այն երկրների ղեկավարների եւ այն ժողովուրդների նկատմամբ, որոնց նրանք այստեղ ներկայացնում են։

Այսօր ԱՊՀ անդամ պետությունների առաջնորդների նիստի ժամանակ ունեցած ելույթում Ալիեւը դժգոհել է, որ Երևանում տեղադրվել է Գարեգին Նժդեհի արձանը: Նա դժգոհել է, թե հետխորհրդային տարածքում տեղադրվում են ֆաշիստներին հերոսացնող կոթողներ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest