«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության փաստաբան Հայարփի Սարգսյանը, որը ներկայացնում է մահացած մի քանի զինծառայողների շահերը, բացարկ է հայտնել քննիչներին միաժամանակ 3 քրեական գործերով: Այս երեք գործերն էր որակվել են որպես ինքնասպանություն։ Փաստաբանը համոզված է, որ դրանք սպանություններ են, որոնք կոծկվորւմ են զինդատախազության կողմից։ Նա միջնորդել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին քրեական գործեր հարուցել քննիչ ների կողմից կատարված պաշտոնեական հանցագործությունների շուրջ:
Անդրանիկ Մկրտչյանին սպանել են այլ զենքով եւ այլ վայրում
Կապիտան Անդրանիկ Մկրտչյանի դին՝ ծնոտի շրջանի հրազենային վնասվածքով հայտնաբերել էին 2017 թվականի օգոստոսի 20-ին N զորամասի հետախուզական վաշտի հրամանատարի աշխատասենյակում։ Նրա գրպանում հայտնաբերվել էր կեղծ գրություն, որով կապիտանը, իբր, խնդրում էր իր մահվան մեջ ոչ մեկի չմեղադրել և իբր, ինքը գիտակցել է, թե ինչ է արել:
Հենց այս գրության հիման վրա են քննիչները գործը հարուցել Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ «Ինքնասպանության հասցնելը»: Հայարփի Սարգսյանը մատնանշում է փաստեր, որոնք վկայում են, որ կատարվածը սպանություն է:
«Նախ, Անդրանիկ Մկրտչյանը վայբեր սոցիալական ցանցի միջոցով իր սիրած աղջկան հայտնել է, կես ժամից կգրի, մինչդեռ, չի գրել, քանի որ իրեն սպանել են: Երկրորդ՝ նա պետք է մեկներ զորամաս երկուշաբթի, բայց իրեն անընդհատ զանգահարել ու կանչել են զորամաս, նա գնացել է կիրակի ու սպանվել է: Նրա հագուստի վրա հայտնաբերված դարչնագույն հետքից եղել է նաև ծառայողական բնակարանում, բայց այն չեն ուղարկել փորձաքննության, այլ վերացրել են: 2017թ․ մայիսին Անդրանիկը կոշտ վեճ է ունեցել ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ, և նրան սպառնացել են իրեն, որ կսպանեն:
Փորձաքննության ներկայացված գնդակի վրայից, որով Մկրտչյանն, իբր, ինքնասպան է եղել, ոչ արյուն է հայտնաբերվել, ոչ էլ ուղեղանյութի բջիջներ: Նշված դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ հաստատվեց, որ դեպքի վայրում հայտնաբերված գնդակը չի անցել Անդրանիկ Մկրտչյանի գլխի միջով, դա նշանակում է, որ Անդրանիկ Մկրտչյանին ա/ սպանել են, բ/ Անդրանիկ Մկրտչյանին սպանել են այլ զենքով, գ/ Անդրանիկ Մկրտչյանին սպանել են այլ վայրում», — ասում է փաստաբանը։
Գասպարյանը չէր կարող կրակել իր բերանին, հետո՝ գլխին ու նոր մահանար
2018թ-ի մայիսի 4-ի գիշերը N զորամասի «Ավտոբուս 3» կոչվող դիրքի կացարանի մոտ հայտնաբերվել է արթուն հերթափոխի դիտորդ ժամկետային զինծառայող Արթուր Գասպարյանի մարմինը ՝ բերանի և գլխի շրջանի միջանցիկ հրազենային վնասվածքներով։ Գործ հարուցեցին նույն՝ «Ինքնասպանության հասցնելը» հոդվածով։ Նրա մոտ հայտնաբերված ել է նաև Ա․ Ա․ Գասպարյանին ամրակցված գնդացիրը և երկու փամփուշտի կրակված պարկուճ։
Փորձաքննությամբ ապացուցվեց, որ փորձաքննության ներկայացված գնդացրից կրակի ռեժիմի փոխանցիչը «մեկական» դիրքում ձգանի մեկ սեղմումով հնարավոր է կատարել միայն մեկ կրակոց։ Հաջորդ կրակոցը կատարելու համար անհրաժեշտ է բաց թողնել ձգանը և նորից սեղմել այն։
«Նաև այլ փորձաքննությունների եզրակացությունների համադրությամբ պարզվում է, որ Գասպարյանը չէր կարող ինքն իրեն այդպիսի հրազենային վնասվածք պատճառել նշված հանգամանքներում, չէր կարող միայն մեկ կրակոց արձակելով ստանար հայտնաբերված երկու վնասվածքները, մի անգամ կրակեր իր բերանին, այնուհետև կատարեր ևս մեկ կրակոց, որից հետո մահանար։ Այսինքն՝ նշված փորձագիտական եզրակացություններով հերքվել է ինքնասպանության կեղծ վարկածը»,- ասում է Հայարփի Սարգսյանը։
«Ինքնասպանության» զենքի վրա այլ անձանց մատնահետքեր են
N զորամասի հրաձիգ, պարտադիր ժամկետային զինծառայող Գևորգ Հարոյանը 2018թ․ հոկտեմբերի 1-ին զինանոցը մաքրելիս, համածառայակից Գոռ Ց-ի ինքնաձիգից կրակոց է արձակել իր կրծքավանդակին։ Սա՝ ըստ քննիչների վարկածի, ապա մոտ երկու ժամից մահացել է հոսպիտալում։ Քննիչները կրկին գործը հարուցել են ինքնասպանության հոդվածով։ Վարչապետի հետ հանդիպման ժամանակ զոհվածի մորեղբայրը ներկայացրել է փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ ապացույց ճանաչված ինքնաձիգի վրա որևէ մատնահետք չի հայտնաբերվել։ Վարչապետի առաջարկով կատարվել է դատագենետիկական փորձաքննություն և պարզվել է, որ ինքնաձիգի վրա կան այլ անձանց ԴՆԹ հետքեր և չկան Հարոյանինը։ Անտեսելով այս փաստը, քննիչները մինչ օրս շարունակում են «հիմնավորել» ինքնասպանության կեղծ վարկածը»։
«Տարիներ շարունակ մենք չունենք զինդատախազություն, քննչական մարմիններում դատախազական վերահսկողությանը փոխարինում են կոռուպցիոն երևույթները, որոնց արդյունքում էլ թաքցվում են իրական հանցագործները, և, հետևաբար, նաև դեպքերի իրական հանգամանքները, որոնց մասին վկայում են բազմաթիվ փորձագիտական եզրակացություններով հաստատված անհերքելի փաստեր,- եզրակացնում է փաստաբանը Forrights.am-ի հետ զրույցում։
Նրա բոլոր բողոքներն ու հաղորդումները դատախազությունն ուղարկել է վարույթն իրականացնող մարմնին, այսինքն՝ այն մարմնին, որի դեմ ուղղված են եղել դրանք:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: