Հոկտեմբերի 7-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Պաշտպանության նախարարության ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ:
Պաշտպանության նախարարությունից քննարկմանը մասնակցել են նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակա ստորաբաժանումների, այդ թվում՝ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի, զինվորական կոմիսարիատի, ռազմական ոստիկանության, ինչպես նաև իրավաբանական, ռազմաբժշկական, զինծառայողների սոցիալական ապահովության վարչությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի իրականացրած տարբեր մշտադիտարկման այցերի ընթացքում վեր հանված, ինչպես նաև Պաշտպանի տարեկան հաղորդմամբ արձանագրված խնդիրները:
Առանձին անդրադարձ է կատարվել Պաշտպանին առընթեր «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով» փորձագիտական խորհրդի նիստերին խորհրդի անդամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների բարձրացրած հարցերին:
Քննարկվել են խնդիրների լուծման կոնկրետ ուղիները, ինչպես նաև հստակեցվել են Պաշտպանության նախարարության և ԶՈՒ Գլխավոր շտաբի ստորաբաժանումների հետ հետագա համագործակցության ուղղությունները:
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների արդյունավետ պաշտպանության համար նման քննարկումներն ունեն կարևոր նշանակություն և նպաստում են արագ լուծումներ գտնելուն։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: