Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը, մեկ ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո, որոշում կայացրեց մերժել ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։

Նիստի սկզբում, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատավոր Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել։ Միջնորդության հիմքում պաշտպանը նշել էր, որ դատավորը կանխակալ, բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ և պատշաճ դատարան համարվել չի կարող։

Ալումյանն իր հիմնավորումներում շեշտել էր նաև այն հանգամանքը, որ գործը դատավորին մակագրելիս իրենց չեն թույլատրել հետևել այդ գործընթացին, և դա բաց ու թափանցիկ գործընթաց չի եղել:

Մեղադրող կողմն առարկեց միջնորդության դեմ, շեշտելով, որ ինքնաբացարկի հիմքեր չկան։ Դատախազ Պետրոս Պետրոսյանը, անդրադառնալով Ալումյանի այն հիմնավորմանը, թե գործի մակագրման ընթացքին պաշտպանական կողմը չի մասնակցել, նշել էր․․

«Պաշտպանական կողմը չէր մասնակցել նաև գործը դատավոր Դավիթ Գրիգորյանին մակագրելու ընթացքին, բայց նրան նման հիմնավորմամբ ինքնաբացարկի միջնորդություն չներկայացվեց»,— իր խոսքում ասել էր նա։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest