Նախկին զինծառայող Ցոլակ Խաչատրյանն օրեր առաջ Վերաքննիչ վարչական դատարանում հաղթել է Պաշտպանության նախարարության դեմ հայցը։ Դատարանը՝ դատավոր Արթուր Պողոսյանի նախագահությամբ, Պաշտպանության նախարարությանը պարտավորեցրել է Խաչատրյանին վճարել 288,5 օրվա չօգտագործված արձակուրդի և դրա վրա հաշվարկվող տուգանքը՝ օրական 0,15 տոկոսի չափով՝ 2014 թվականից սկսված։ Փաստացի, ՊՆ-ն իր նախկին աշխատակցին կվճարի մոտ 12 մլն ՀՀ դրամի չափով․

«Ուզում եմ մարդկանց մոտ թույր կարծիք չձևավորվի, որ ես էս ամենին հասել եմ հացադուլի միջոցով։ Եթե ես օրենքով ճիշտ չլինեի, ուզում ա պատերին ինձ մեխեի, բողոքս չէին բավարարի»,- Forrights-ի հետ զրույցում ասաց 42-ամյա Ցոլակ Խաչատրյանը։

Իրեն հասանելիք գումարը ստանալու համար, Ցոլակը դատական քաշքշուկների մեջ է դեռևս 2016 թվականից։ Նա առաջին ատյանի դատարան հայց էր ներկայացրել, պահանջելով պարտավորեցնել ՊՆ-ին վճարել իրեն հասանելիք արձակուրդային 307 օրվա դիմաց, իսկ վճարման ժամկետը խախտելու համար օրական 0,15 տոկոսի չափով տույժ նշանակել։

Գործի քննության ընթացքում պարզվել էր, որ օրենքը սահմանում է զինծառայողների փոխհատուցում տրամադրել միայն վերջին երկու տարվա համար, այնինչ հայցվոր կողմը պահանջում էր փոխհատուցել 1998 թվականից մինչև 2014 թվականն ընկած ժամանակահատվածը․

«Մենք գտնում էինք, որ օրենքը հակասահմանադրական է և դատարանին միջնորդեցինք, որ դատարանը դիմի Սահմանադրական դատարան։ Կարճ ժամանակ անց ՍԴ-ն վարույթ ընդունեց և որոշեց, որ այդ երկու տարին խտրական վերաբերմունք է զինծառայողների նկատմամբ, ուստի օրենքի այդ հոդվածը հակասահմանադրական է և պետք է փոխհատուցում տրամադրել բոլոր օրերի համար»,- Forrights-ի հետ զրույցում մանրամասնեց Խաչատրյանի փաստաբան Կարեն Տոնոյանը։

Սահմանադրական դատարանի որոշումից հետո գործի վարույթը վերսկսվեց։ ՊՆ-ն դատարանում հայտարարեց, որ կտրամադրի փոխհատուցումը, սակայն միայն 210 օրերի համար։ Այնինչ մեկ ամիս անց, դատարանին գրավոր ներկայացրեց, որ հրաժարվում է որևէ գումար փոխհատուցել, ինչից հետո այլևս չներկայացավ դատական նիստերին։

Առաջին ատյանի դատարանը որոշում կայացրեց բավարարել 277 օրերի փոխհատուցման գումարը, իսկ տույժերի մասով՝ մերժել։ Մերժման հիմքում դատարանը նշել էր, որ պետք է դիմում ներկայացվի դատարան հատուցման պահանջով։ Դատարանը մեկնաբանել էր, որ այդ 0,15 տոկոս տույժը առանձին հայց պետք է լինի․

«Մենք համաձայն չէինք դատարանի հետ և գտնում էինք, որ մեր հայցը ենթակա էրէ բավարարաման, ուստի բողոքարկեցինք Վերաքննիչ դատարանում։ Բողոքարկեց նաև ՊՆ-ն և Ֆինանսների նախարարությունը։ Նրանք էլ գտնում էին, որ ընդհանրապես ամբողջությամբ պետք է հայցը մերժվեր և ոչ մի փոխհատուցում չտրամադրվեր։ Սակայն Վերաքննիչ վարչական դատարանը ոչ միայն բավարարեց մեր բողոքը և 277 օրը դարձրեց 288,5 օր, այլև նախարարությանը պարտավորեցրեց վճարել  0,15 տոկոսի տույժն ամբողջությամբ»,- հավելեց Կարեն Տոնոյանը։

Նախկին զինվորականն առաջիկայում կստանա իրեն հասանելիք գումարները, եթե ՊՆ-ն որոշումը չբողոքարկի Վճռաբեկ դատարանում, սակայն Ցոլակ Խաչատրյանը վստահ է՝ անգամ այդ դեպքում, Վճռաբեկ դատարանը ևս իր օգտին է վճիռ կայացնելու:

Հավելենք, որ պատկան մարմիններին իր բողոքի ձայնը բարձրացնելու համար, Ցոլակ Խաչատրյանը 17 օր շարունակ հացադուլի մեջ էր գտնվում Կառավարության շենքի դիմաց։ Նա ոչ միայն պահանջում էր իր հայցի բավարարումը, այլև պահանջում իրեն վճարել աշխատանքից ազատելու համար աշխատավարձի միանվագ տասնհինգապատիկ վճարը, ինչպես նաև փոխհատուցել շաբաթ օրերին աշխատելու համար:

Հացադուլի օրերին Ցոլակին հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, ինչպես նաև մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Նրանց հորդորներով էլ հենց Ցոլակը դադարեցրել է հացադուլը․

«Ես պայքարում էի ոչ միայն իմ իրավունքների վերականգնման, այլ բոլոր այն զինվորականների, որոնք չեն ստանում իրենց հասանելիք ֆինանսական միջոցները, իսկ նրանք, ասեմ որ, շատ են։ Իմ գործով կայացված որոշումը նախադեպային ա, հուսամ՝ էս հույս կտա, որ մնացածն էլ բողոքեն ու ստանան իրենց գումարները»,- նշեց Խաչատրյանը։

«Արծրուն Հովհաննիսյանը միտում ա ունեցել իմ անձը վարկաբեկելու»

Ցոլակ Խաչատրյանը Պաշտպանության նախարարությունից միայն իրեն հասանելիք գումարի վերադարձման խնդիրը չէ, որ ունի։ Նրա փոխանցմամբ, ամիսներ առաջ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ» թերթին իր մասին մանրամասներ է ներկայացրել է, որոնք վերցված են եղել իր անձնական գործերից։

Նախկին զինծառայողի պնդմամբ, իր անձնական գործերի վրա առկա է եղել «գաղտնի» դրոշմը, որով, փաստացի, արգելում է առանց իր իմացության որևէ ինֆորմացիայի հրապարակումը կամ տարածումը․

«Արծրուն Հովհաննիսյանն իրավունք չուներ իմ անձի մասին տվյալներ բարձրաձայնել լրատվականներում կամ իրա ֆեյսբուքյան էջում՝ առանց իմ համաձայնությամբ, ինքը չուներ իմ թույլտվությունը։ Ինքն ուղղակի միտում ա ունեցել իմ անձը վարկաբեկելու»,- հայտարարեց Ցոլակը։

Նա հանցագործության մասին հաղորդում է  ներկայացրել Դատաազություն, սակայն, ինչպես ինքն էլ նշում, մերժվել է «անհիմն պատճառաբանությամբ»։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest