Անժելա Թովմասյանը պահանջում է պատժել ակցիայի մասնակիցներին

719

Ժամեր առաջ 4 անձինք՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, բողոքի ակցիա էին իրականացնում «Հայելի» մամուլի ակումբի մոտ։ Նրանք ձվեր էին նետում ակումբի դռներին ու պաստառներ փակցնում Ալիևի, Անժելա Թովմասյան և Հրայր Թովմասյանի նկարներով։

Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասաց, որ պահանջում են փակել վերոնշյալ լրատվամիջոցը։

Վերջիններս նշեցին, որ նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։

Անժելա Թովմասյանը դեպքը համարում է քաղաքական հետապնդում իր ընտանիքի և մամուլի նկատմամբ և կոչ է անում իրավապահ մարմիններին անհապաղ քայլեր ձեռնարկել առկա անձանց հայտնաբերելու և պատժելու ուղղությամբ:

Լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգությունը մասնագիտական գործունեության կապակցությամբ վտանգում է խոսքի ազատությունն ու այլակարծությունը. դա անթույլատրելի է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Պետք է անհապաղ գործադրվեն օրենքով նախատեսված միջոցները Hayeli.am-ի հետ տեղի ունեցածի առնչությամբ՝ բացառելու համար որևէ նման դեպքի կրկնություն»,-նշել է նա: