Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» գործով որոշում է հրապարակել, որով պարտավորեցնում է Հայաստանին Գուրգեն Նիկոլյանին փոխհատուցել 7800 եվրո գումար։
«Որոշումն ուշացած էր…Նիկոլյանն այս պահին ծանր առողջական վիճակում է գտնվում, երկու կաթված է ստացել, նրա խոսքն ու շարժումները սահմանափակ են, ունի հիշողության խնդիրներ, ինչն իրենից ենթադրում է, որ գործի վերաբացում չի լինի։ Մինչդեռ, եթե դատարանները և հոգեբուժական կառույցները ժամանակին պատշաճ գործեին, եզրակացությունները ճիշտ տային և արդար քննություն իրականացնեին, ապա գործն այդքան չէր բարդանա»,- Forrights-ի հետ զրույցում նշեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը։
80-ամյա Գուրգեն Նիկոլյանը 5 տարի առաջ դատական գործընթացում պատշաճ իրավական պաշտպանության հնարավորություն չստանալով՝ անժամկետ անգործունակ է ճանաչվել՝ զրկվելով իր անձնական կյանքն իր հայեցողությամբ տնօրինելու իրավունքից:
Մոտ մեկ տարի անց` դիմել է իրավասու մարմիններին` իր վերաբերյալ կայացված անգործունակության որոշումը վերանայելու խնդրանքով, սակայն մերժվել է: Մերժումը հիմնավորվել է նրանով, որ ՀՀ օրենսդրությամբ միայն խնամակալն է իրավասու նման հարց բարձրացնել: Ընդ որում, չնայած անգործունակ ճանաչելու վերաբերյալ դատարանի որոշման առկայությանը, քաղաքացին տևական ժամանակ խնամակալ չի ունեցել։
Առաջին ատյանի որոշումը վիճարկվել է Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում, սակայն որևէ արդյունք չի եղել։ Ներպետական մակարդակում արդյունքի չհասնելով՝ բողոք է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ մատնանշվել է Կոնվենցիայով պաշտպանվող 6-րդ՝ արդար դատաքննության իրավունքի, 8-րդ՝ անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի և դրա հետ միասին 13-րդ՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի հոդվածների խախտման հարցը․
«Գուրգեն Նիկոլյանը ճանաչվել էր լրիվ և անժամկետ անգործունակ, ինչը զրկել էր նրան իր անձնական հարաբերություններում որոշումներ կայացնելու և ինքնուրույն հանդես գալու հնարավորությունից: Մինչդեռ որևէ կերպ ապացուցված չէր, որ նրա հոգեկան առողջության վիճակը լրիվ անգործունակություն է պահանջել: Բացի դրանիից, Նիկոլյանը զրկված է եղել նաև մրցակցային դատավարության շրջանակներում իր գործի քննության, ինչպես նաև բժշկական փորձաքննության եզրակացությունը վիճարկելու հնարավորությունից։ ՀՀ-ն չի ապահովել այնպիսի իրավական մեխանիզմ, որը վերջինիս հնարավորություն կտար արդյունավետորեն վիճարկել անգործունակության վերաբերյալ կայացված որոշումը»,- նշում է Հարությունյանը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է Գ.Նիկոլյանի 6.1 հոդվածի՝ գործունակությունը վերականգնելու համար դատարանի հասանելիության իրավունքի խախտում, ինչպես նաև 8-րդ հոդվածի՝ անձնական ու ընտանեկան կյանքի իրավունքի խախտում, մատնանշելով, որ Նիկոլյանն ամբողջությամբ է զրկվել էր գործունակությունից, այլ ոչ թե մասամբ սահմանափակվել․
«Այս պահին անգամ ՄԻԵԴ-ի որոշումը չկարողացա անձամբ իրեն հայտնել, քանի որ խոսել չէր կարողանում։ Այն նյարդային ապրումները, որ ինքն է ունեցել դատական գործընթացի ժամանակ, այսօր արտահայտվում է նրա առողջական վրա։ Նա զոհ է դարձել»,- հայտարարեց Հասմիկ Հարությունյանը։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: