Ազգային ժողովն ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը

566

Ազգային ժողովն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումը: 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցեցին 101-ը, կողմ քվեարկեց 98, դեմ՝ 1 պատգամավոր:

Երեկ, ԱԺ-ն քննարկում էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին «Իմ քայլ»- լիազորությունները զրկելու վերաբերյալ նախագիծը։

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության հեղինակած շուրջ 100-էջանոց փաստաթղթում ներկայացված է չորս հիմք: Այդ հիմքերից մեկը, որ խախտվել է բարձր դատարանի անաչառության սկզբունքը, ՍԴ նախագահի և Հանրապետական կուսակցության փոխկապակցվածությունն է, Թովմասյանի անդամակցությունը ՀՀԿ-ին, իսկ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի շահերը համընկնում են Մարտի 1-ի գործով:

Հիմքերից է նաև այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի հետ քավոր-սանիկական կապի մասին՝ Թովմասյանի չբարձրաձայնելն է՝ այդպիսով սեփական անձի վարույթից հեռացվելու հարցը քննարկման առարկա չդարձնելը:

Հատկանշական է, որ «Բարգավաճ Հայաստան»-ը դեռևս ՀՀԿ-ի օրոք դեմ է քվեարկել ՍԴ նախագահի պաշտոնում Թովմասյանի թեկնածությանը՝ հենց այդ հիմքով, որ նա Հանրապետականի անդամ է եղել:

Սակայն, դեռ խորհրդարանական քննարկումները չսկսված ԲՀԿ-ն հայտարարեց, որ որոշում է կայացվել չմասնակցել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի հարցով «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծի քվեարկությանը:

Նախագիծն ընդունվելու դեպքում կուղարկվի Սահմանադրական դատարան, որն էլ որոշելու է՝ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմք կա՞, թե՞ ոչ:

Որոշման ընդունման համար անհրաժեշտ է առնվազն 6 դատավորի ձայն:

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը չմասնակցեց իր լիազորությունները դադարեցնելուն վերաբերող նախագծի քննարկումներին, հայտարարություն տարածելով, որ նպատակահարմար չի համարում իր մասնակցությունը Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի նիստում որոշման նախագծի քննարկմանը։