Հոկտեմբերի 2-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պատվիրակությունն արժանացել է Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հատուկ օրհնությանը Վատիկան կատարած այցի ընթացքում: Սա պատվիրակության՝ Հռոմ կատարած ծավալուն այցի մի մասն է, որի ընթացքում կայացել են մի շարք հանդիպումներ Վատիկանի եւ համայնքի առաջնորդների հետ:
Վատիկան կատարած այցին ներկա էին «Ավրորա» ֆորումի համահիմնադիրներ Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաեւ «Ավրորա» համաշխարհային ամենամյա մարդասիրական մրցանակի երեք դափնեկիրները՝ Թոմ Քաթինան, Մարգարիտ Բարանկիցեն եւ Չո Լա Աունը: Պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաեւ Սուրբ Աթոռի պետքարտուղար Նորին Գերազանցություն կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ: Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպման ժամանակ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները խնդրեցին Նորին Սրբության օրհնությունը: Նախաձեռնությունը շարունակում է ջանքեր գործադրել աշխարհի տարբեր անկյուններում ամենախոցելի եւ ծայրահեղ կարիքի մեջ գտնվող համայնքներում աղքատությունը կրճատելու, առողջապահությունը բարելավելու եւ կրթություն ապահովելու ուղղությամբ: Պատվիրակությունը ներկայացրել է նաեւ #AraratChallenge շարժումը, որի նպատակն է ոգեշնչել մարդկանց՝ ներկայացնելու երախտագիտության սեփական պատմությունը, կատարելով նվիրատվություն եւ մաս կազմելով մարդասիրական շարժման:
«Մեզ համար մեծ պատիվ է ստանալ Նորին Սրբության հատուկ օրհնությունը: Առաջնորդվելով «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարը տարածելու եւ դրա ազդեցությունն առավելագույնի հասցնելու հանձնառությամբ՝ կարեւոր է, որպեսզի մենք սերտ հարաբերություններ կառուցենք հոգեւոր, կառավարական, մասնավոր հատվածների եւ մշակույթի ականավոր դեմքերի հետ աշխարհի տարբեր անկյուններում: Այսօր Վատիկանում կայացած հանդիպումը մեզ թույլ է տալիս ընդգծել «Ավրորա» նախաձեռնության կարեւորագույն գործունեությունն ու անհրաժեշտությունն ավելի մեծ աջակցության, քանի որ մենք ընդլայնում ենք մեր ջանքերը երկարաժամկետ նպատակներով»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
«Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի եւ Նորին Գերազանցություն կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ հանդիպումները լավ առիթ էին՝ ամփոփելու արածը եւ վերագնահատելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեությունն ու համաշխարհային ազդեցությունը: Այնուամենայնիվ, մեր գործը դեռ նոր է սկսվել: Այս ամիս Երեւանում սպասվող առաջին «Ավրորա» ֆորումին մենք կքննարկենք համաշխարհային մարտահրավերները՝ փորձելով գտնել լուծումներ»,- նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ ստեղծված Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն աշխարհի ցանկացած անկյունում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ։ Անդրադառնալով հանդիպմանը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ եւ 2017թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան ավելացրել է․
«2017-ին միանալով «Ավրորայի» համայնքին՝ ինձ համար պատիվ է անձամբ հետեւել այն անհավանական աշխատանքին, որն անում է մեր նախաձեռնությունն ամբողջ աշխարհում: Որպես կաթոլիկ միսիոներ՝ մեծ պատիվ էր այս այցի շրջանակում հանդիպել Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս Պապին: Աննկարագրելի հուզված եմ: Միայն համաշխարհային մտքի առաջնորդների եւ փորձագետների հետ համագործակցության, ինչպես նաեւ առաջնագծում աշխատող անհատների եւ կազմակերպությունների աջակցության շնորհիվ է հնարավոր շարունակել մեր աշխատանքը երկարաժամկետ ապագայում»։
Եվս երկու շաբաթ եւ հոկտեմբերի 14-21-ը Հայաստանում տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը։ Այն կմիավորի աշխարհի սոցիալական, գիտական, տեխնոլոգիական, կրթական եւ մարդասիրական ոլորտների լավագույն ներկայացուցիչներին: Ֆորումի ընթացքում նրանք կքննարկեն եւ կառաջարկեն համաշխարհային ամենահրատապ մարտահրավերները դիմագրավելու նոր լուծումներ եւ հնարավորություններ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: