«Մինչև քրեական գործի հարուցվելը, ամիսներ շարունակ վարչապետին զեկուցվում էր սխալ ինֆորմացիա՝ արդեն թոշակի գնացած մի պաշտոնյայի կողմից: Բոլորդ գիտեք ավտոմեքենայի վերաբերյալ խոսակցությունը, տարատեսակ սուտ ինֆորմացիաներ էին շրջանառվում: Ամեն անգամ ես վարչապետին ներկայացրել եմ, որ սուտ են այդ ինֆորմացիաները »,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը։
Նա այսօր էլ իր դեմ ներկայացված
մեղադրանքը համարեց շինծու, ասաց՝ փորձ էր արվում իր և վարչապետի միջև սեպ խրել,
սակայն ինքը չի գնացել այդ ճանապարհով։
«Այդ գործը դատախազության հանցակցությամբ հաստատվեց ու ուղարկվեց դատարան։ Ես
ուրախ եմ դրա համար, կլինի բաց դատական նիստ։ Հակառակ դեպքում կասեին՝ կոծկվեց
կոռուպցիոն գործը»,-նշեց Սանասարյանը՝ ընդգծելով, եթե կաշառքի վերաբերյալ
տեսանյութ լիներ, ապա նա այլ քրեական գործով կմեղադրվեր:
«Ես ասել էի, որ փորձ է արվում վարչապետի և իմ մեջ սեպ խրել, ես չգնացի զգացմունքային ճանապարհով, ինձ համար վրդովեցնող էր, որ ավելի քան 11 տարի ես պայքարեմ կոռուպցիոների դեմ»,-ասաց Դավիթ Սանասարյանը:
Նա հույս հայտնեց, որ Քննչական կոմիտեում քննվող գործի իրավական ընթացքը կհասնի տրամաբանական ավարտին, և բոլորը կտեսնեն, թե ինչ էր ուզում Վերահսկողական ծառայությունը և ծառայության պետը:
Սանասարյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալի դեմ
հարուցված քրեական գործը նախաքննության փուլում ղեկավարվում էր ինչ-որ տեղից։
«Ակնհայտ էր, որ պարոն Սանասարյանի նկատմամբ ուղղորդված ու պատվիրված քննություն պետք է լիներ։ Մենք ասում էինք, որ գործը սարքվել է, հետո համոզվեցինք»,-նշեց փաստաբանը՝ որպես հիմնավորում նշելով, որ գործի քննությունը ԱԱԾ-ից ՀՔԾ չտեղափոխվեց։
Նա պնդում է, որ վարույթն իրականացնող մարմնի նպատակն է եղել կասեցնել Սանասարյանի
լիազորությունները, մեկուսացնել աշխատանքից։
«Մենք հույս ունեինք, որ դատախազությունն այդ ճանապարհով չէր գնա, չէր հաստատի
մեղադրական եզրակացությունը, պարոն Սանասարյանի մասով այն չէր գնա դատարան։ Նրա
մասով պետք է քրեական հետապնդումը դադարեցվեր։ Մենք սեպտեմբերի 13-ին գրավոր բողոք
ու դիմում ենք ներկայացրել դատախազություն, մինչև այսօր պատասխանը չենք ստացել։
Գործը դատարան ուղարկելու մասին իմացել ենք մամուլից»,-ասաց Ինեսա Պետրոսյանը։
Ըստ պաշտպանի՝ վարույթն իրականացնող մարմնին պետք էր կասեցնել Սանասարյանի լիզորությունները և հենց այդ պատճառով նրա դեմ շինծու գործ սկսվեց. «Դավիթ Սանասարյանը մտել էր մի դաշտ, որտեղ նրան չէին սպասում»:
Դավիթ Սանասարյանի մյուս փաստաբան Արսեն Սարդարյանն էլ նկատեց, որ այսօր կաշկանդված չեն նախաքննության գաղտնիքով, կարող են որոշ տեղեկություններ հրապարակել։
«Ես գտնում եմ, որ եթե ՊՎԾ աշխատակիցները թույլ են տվել չարաշահումներ, դա չի ենթադրում, որ պետը պետք է կրի պատասախանտվություն։ Վերադասը կարող է պատասխանատվության ենթարկվեր, եթե տեղյակ է եղել աշխատակիցների գործողություններից։ Սակայն չկա, որևէ ապացույց, որ Սանասարյանը տեղյակ է եղել այդ գործողություններից»,-ասաց փաստաբանը։
Նրա խոսքով, մեղադրյալի կարգավիճակ Սանասարյանը ստացել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանի ցուցմունքների հիման վրա։
Ցուցմունքում Ադյանն ասել է՝ Սանասարյանին աշխատանքի ընդունելիս տեղյակ եմ պահել, որ բիզնես ունի, իսկ Թորոսյանը, ըստ փաստաբանի, պատմել է, որ պետական վերահսկողական ծառայության հետկապված անձը հայտարարված մրցույթի է մասնակցում, սակայն Սանասարյանն ասել է՝ խնդիր չկա։
«Դավիթ Սանասարյանի դեմ այդ ցուցմունքները կեղծ են»,-հայտարարեց փաստաբանը՝ նշելով, չի կարող հստակ ասել, նրանք հարկադրվա՞ծ են ցուցմունք տվել, թե՞ այլ բան է տեղի ունեցել։
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրօրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը: Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: