ՀՀ ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունը որոշում է կայացրել չմասնակցել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի հարցով «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծի քվեարկությանը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Խմբակցությունում հավաքվել ենք, քննարկել ենք: Այսօր նայելով հիմնական դրույթները, փաստաթղթերը՝ տեսել ենք, որ կան ժամկետների խախտումներ, թերի դրույթներ, հիմնավորումները շատ թույլ են, և քանի որ ԱԺ-ն չէ որոշողը ՝ Թովմասյանը կմնա՞, թե կհեռանա, որոշողը ՍԴ-ն է, դրա համար մենք խմբակցությունով վճռեցինք չմասնակցել այդ քվեարկությանը»,-նշեց Ծառուկյանը:

Ծառուկյանը նաև հիշեցրեց, որ դեռ նախորդ գումարման ԱԺ-ում իրենք դեմ են քվեարկել Հրայր Թովմասյանի՝ այդ պաշտոնը զբաղեցնելու հարցով քվեարկությանը:

Նշենք, որ ԱԺ ԼՀԿ խմբակցությունը որոշել է կողմ քվեարկել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը․

«ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր գումարած նիստում որոշում է կայացրել, որ կողմ է քվեարկելու «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջարկված «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծին»,- իր գրառման մեջ նշել է նա:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» նախաձեռնել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները զրկելու վերաբերյալ նախագիծ:

Նշենք, որ որոշման նախագիծն արդեն հրապարակված է ԱԺ պաշտոնական կայքում։ Այն պետք է քննարկվի ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի առաջիկա նիստում, ապա ներառվի Աժ հերթական նիստի օրակարգում։

ԱԺ–ում հաստատվելուց հետո միայն դիմումը կուղարկվի ՍԴ։ Սահմանադրական դատարանում դիմումը բավարարելու համար դրան պետք է «կողմ» քվեարկեն ՍԴ դատավորներից առնվազն 6-ը։

Pin It on Pinterest