«Դատավորները չպետք է ճնշման ենթակվեն»

0
560

Հետապնդում դատարանի նկատմամբ․ այսպես գնահատեց Բարձրագույն դատական խորհուրդը որպես Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանի և նրան ուղեկցող անձանց գործողությունները Ռոբերտ Քոչարյանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ․

«Մի խումբ անձինք հետապնդել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձելով հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել դատավորի անձը: Բարձրագույն դատական խորհուրդը դատապարտում է դատավորի նկատմամբ ցանկացած ոտնձգություն և ճնշում, որով կվտանգվի նրա անկախությունն ու մասնագիտական գործունեությունը,-տարածած հայտարարության մեջ շեշտում էր  ԲԴԽ-ն։

Նախապատմությունը հետևյալն է՝ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մի երիտասարդ դատավորին տեսանկարահանելով հարցեր էր տալիս, մասնավորապես. «Արդյո՞ք Դուք պատերի տակ վնգստացող դատավորների թվին եք պատկանում»,- ինչպես նաև հետապնդում են դատավորին մինչև Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի շենք մուտք գործելը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը: Դատարանը բավարարել է Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

Ավելի ուշ ԲԴԽ-ն հայտարարեց, որ արդեն իսկ լուծված է դատավոր Աննա Դանիբեկյանի անվտանգության ապահովման հարցը:

Միջադեպը խոստորեն դատապարտել է նաև Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը․

«Նման դեպքերը պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն:
Տեղյակ եմ, որ Ոստիկանությունում փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, և արդեն իսկ բերման է ենթարկվել հանցագործության մեջ կասկածվող անձը։ Այս իրողությունը մեր իրականությունում պետք է տեղ չունենա. սա ուղղակի անթույլատրելի է»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է նա:

Միջադեպին է արձագանքել նաև Մարդու իրավունքների պաշտպանը, անթույլատրելի համարելով դատավորի հետ տեղի ունեցածը․

«Դատավոր Աննա Դանիբեկյանի հետ այսօր տեղի ունեցածը հանարում եմ անթույլատրելի։ Դատավորն օժտված է հատուկ պաշտպանությամբ՝ պայմանավորված նրա կողմից իրականացվող անփոխարինելի գործառույթներով։ Այս կանոնների ցանկացած խախտում պետք է արժանանա պետության արձագանքին»։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը դատապարտելի և անցանկալի է համարում դատավորի հետ տեղի ունեցածը

«Չի կարելի դատավորի նկատմամբ որևէ ճնշում գործադրել որտեղ էլ որ լինի, ինչ պայմաններում որ լինի։ Մենք խոսում ենք արդարադատությունից, անկախ դատավորներից և  դատարաններից, իսկ եթե փողոցում պետք է հետապնդենք դատավորին քրեական գործի հետ կապված և փորձենք ճնշումներ գործադրել․ էլ ինչ անկախ դատավորի և դատարանի մասին կարող է խոսքը գնալ»,-նկատեց իրավապաշտպանը։

Ըստ իրավապաշտպանի՝ պետք է մեր հասարակությունում ներդնել այն մտայնությունը, որ դատավորները չպետք է ճնշման ենթարկվեն՝ և՛ մեղադրյալների, և՛ դատախազների, և՛ իշխանությունների, և՛ քաղաքացիների կողմից։

Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում ընտրելու դատարանի որոշման մասին իրավապաշտպանը նկատեց, որ կարելի էր ավելի մեղմ խափանման միջոց ընտրել, բայց դա դատավորի որոշումն է․

«Ես միշտ կողմ եմ մեղմ խափանման միջոցներին, կալանավորումը որպես խափանման միջոց պետք է լինի ամենածայրահեղ քայլը, իսկ այս դրվագով խոսք է գնում դատավորի վրա  ճնշման մասին, որը կարծում եմ ծայրագույն հանցագործություն է»,-ասաց նա։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը բարձր է գնահատում Ռոբերտ Քոչարյանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի  զսպվածությունը, խոհեմությունը և ինքնատիրապետումը․

«Հիմա գրեթե վստահ եմ, որ էս տեսակ խիզախ կին դատավորը արդարացի դատավճիռ կկայացնի»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպանը։

Տեսանյութը ստորև․

Ազնիվ Սիրադեղյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here