2019 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազությունից քրեադատավարական կարգով քննարկելու նպատակով Երևան քաղաքի դատախազություն է ուղարկվել Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դիմումը, դրան կից ներկայացված ու թարգմանված փաստաթղթերը, ինչպես նաև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված՝ 2001թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործը. այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Այդ գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ԱԱ նախարարության աշխատակից հանդիսացող Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով՝ հանցավոր անփութություն դրսևորելով անզգույշ սպանություն կատարելու համար և դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով: Երևան քաղաքի դատախազությունում ուսումնասիրվել է նշված դեպքի վերաբերյալ Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումը և դրան կից՝ վերոնշյալ դեպքի առնչությամբ Ս. Ջ. Նյուտոնի հայտարարությունը:

Պարզվել է, որ հայտարարության մեջ նշվող տեղեկություններն առերևույթ վկայում են այն մասին, որ Պ. Պողոսյանը կյանքից զրկվել է ոչ թե անզգուշությամբ, այլ Աղամալ Հարությունյանի և գործով չպարզված այլ անձանց կողմից՝ դիտավորությամբ և խուլիգանական դրդումներով: Այսինքն՝ առերևույթ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք կարող են ապացուցել, որ Աղամալ Հարությունյանն առերևույթ կատարել է ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար վերջինս դատապարտվել է:

Բացի այդ, դրանք առերևույթ վկայում են հանցանքի կատարմանը նաև այլ անձանց մասնակցության վերաբերյալ: Ելնելով դրանից՝ Պ. Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով նոր երևան եկած հանգամանքների հետևանքով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներով Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է վարույթ: Քննություն կատարելու հանձնարարությամբ այն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն:

« Ակնհայտ էր, որ Սթիվեն Նյուտոնի հայտարարությունը էական փաստական հանգամանքներ էր պարունակում, որոնք գործում չեն եղել և հնարավոր չէր այն անուշադրության մատնել: Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք կատարված այդ հանցագործությունը ուղղակի ցնցել էր ժողովրդին և տրամաբանական էր, որ մի օր ժողովուրդը պետք է իմանար իրականությունը այդ հանցագործության մասին: Հուսով եմ, որ այս հանցագործությունն ամբողջությամբ կբացահայտվի և այդ բացահայտմանը կհետևեն  մեր հասարակությանը ցնցած այլ հանցագործությունների բացահայտումներ, ինչպիսիք են Հոկտեմբերի 27-ը, Վահե Ավետյանի սպանությունը և այլն»,-Forrights-ին ասաց Սթիվեն Նյուտոնի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Հակոբյանը:

Պողոսյանի հարազատները, մասնավորապես եբայրը. ավելի քան 18 տարի է պնդում են, որ Պողոսյանին ծեծելով սպանել են: 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest