Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գրասենյակի անձնակազմը և գրասենյակ այցելող քաղաքացիները երեք շաբաթ շարունակ ենթարկվում են հետապնդումների և հոգեբանական ճնշումների «Վետո» նախաձեռնության անդամների կողմից:
Այս ամբողջ ընթացքում Հիմնադրամը ձեռնպահ է մնացել հրապարակային գործողություններից և հայտարարություններից՝ ապավինելով, որ իրավապահ մարմինները կձեռնարկեն համապատասխան միջոցներ՝ գրասենյակի բնականոն աշխատանքն ապահովելու, հնարավոր բռնության և քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունը արատավորող դրսևորումները կանխելու համար: Սակայն գրասենյակի դիմաց սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած միջադեպը և դրան հաջորդած իրադարձությունները, որոնց հետևանքով կոպտորեն խախտվել են Հիմնադրամ այցելած քաղաքացիների իրավունքները, դուրս են ցանկացած տրամաբանությունից:
2019 թ. սեպտեմբերի 25-ին Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գրասենյակ էին այցելել Հիմնադրամի ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համատեղ ծրագրով Արարատի մարզում իրականացված «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցած կամավոր ուսուցիչները: Գրասենյակ այցելելուց և հեռանալուց հետո «Վետո» նախաձեռնության անդամները հետապնդել են ուսուցիչներին, լուսանկարահանել և տեսանկարահանել նրանց, սուտ մեղադրանքներ հնչեցրել նրանց հասցեին, իսկ ավելի ուշ հրապարակել այդ նյութերը համացանցում՝ կոչ անելով սոցցանցերի օգտատերերին տեղեկություններ հայթայթել ու տրամադրել Հիմնադրամ այցելած մանկավարժների վերաբերյալ:
Հիմնադրամի ծրագրին կամավոր մասնակցած մանկավարժները, իրենց հասցեին շրջանառված սուտ և զրպարտիչ տեղեկությունների ազդեցության արդյունքում, դպրոցական անձնակազմի ու ծնողական համայնքի որոշ ներկայացուցիչների կողմից ենթարկվել են հանրային պարսավանքի և վիրավորանքի:
Մինչդեռ այս մանկավարժները մեկ ամիս շարունակ կամավորական հիմունքներով մայրենի լեզու և մաթեմատիկա են դասավանդել Արարատի մարզի 185 աշակերտի, ովքեր ուսումնական տարվա ընթացքում ունեցել են ցածր առաջադիմություն և ետ էին մնացել հանրակրթական ծրագրից:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: