Վերջին շրջանում Կապան քաղաքի սրճարաններում ամենաքննարկվող թեման վերաբերում է Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանի «վոյաժներին», որոնց ժամանակ դատախազին ուղեկցում են մարզի խոշոր տնտեսվարող սուբյեկտների ղեկավարները:
Այդ շրջագայությունները, ըստ լուրերի, ֆինանսավորվում են այս նույն տնտեսվարողների կողմից: Դրանք այնքան տեսանելի են, որ դատախազությունում ծառայողական քննություն է սկսվել դատախազ Վազգեն Հարությունյանի և մարզի գործարար մարդկանց կապերի շուրջ: Այս մասին հայտնում է տեղեկացված աղբյուրը դատախազությունում:
Մասնավորապես, ըստ խոսակցությունների, որոնց հավաստիությունը այս պահին չենք հաստատում, Վազգեն Հարությունյանը 2018 թվականի գարնանը «Կապանի ՃՇՇ» ՓԲԸ սեփականատեր Արարատ Կարապետյանի հետ, որի մականունն է Թլիշ, մեկնել է Իրանի Հանրապետություն և Ռուսաստան, քաղաք Սանկտ-Պետերբուրգ:
«Կապանի ՃՇՇ» ընկերության հիմնադիր Արարատ Կարապետյանի դեմ այս պահին դատախազությունում քրեական գործ է հարուցված ապօրինի ընդերքաօգտագործման, ձկնաբուծության և ապօրինի ջրօգտագործման մեղադրանքով:
Իսկ 2019 թվականի ամռանը արձակուրդում գտնվելու ժամանակ եղել է Եվրոպայում՝ Գերմանիայում, Հոլանդիայում, որի ընթացքում նրան ուղեկցել է և բոլոր ծախսերը հոգացել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության գծով բարձրաստիճան ղեկավարներից Արամ Գասպարյանը, որի մականունն է Չիկի:
Մարզի դատախազի անձնական մտերմությունը և ֆինանսական հնարավոր կախվածությունը նշված անձանց շրջանակի հետ կարող է բացասաբար ազդել այս ընկերություններում արձանագրվող առևրևույթ հանցագործության դեպքերի առթիվ իրականացվող քննության նկատմամբ դատախազական հսկողության անաչառության վրա:
Չցանկանալով վնաս պատճառել դատախազի և գործարար անձանց հեղինակությաւնը, փորձեցինք կապ հաստատել նրանց հետ:
Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի անվտանգության աշխատակից Արամ Գասպարյանը մեզ հայտնեց, որ ամռանը Եվրոպայում՝ Գերմանիայում և Հոլանդիայում չի եղել:
Նա խիստ վրդովվեց, երբ լսեց մեր հարցը. «Դուք ունե՞ք անձնական մտերմություն Սյունիքի դատախազ Վազգեն Հարությունյանի հետ»: «Ո՞վ է ասում: Ի՞նչ իրավունք ունեք ինձ անհանգստացնելու կիրակի օրով: Իմ անձնական կյանքը ձեզ ինչո՞ւ է անհանգստացնում: Դուք իմ զանգել եք, իմ ընկերների մասին ինձ հարց եք տալիս»: Մարզի դատախազը Ձեր ընկերն է՞: «Դուք իրավունք չունեք ինձ նման հարցեր տալ: Որտե՞ղ եք հանգստացել, ու՞մ հետ եք ընկերություն անում: Ես ոչ պետական աշխատող եմ, ոչ էլ», — ասաց Արամ Գասպարյանը:
Սյունքի դատախազ Վազգեն Հարությունյանը Forrights.am-ի հետ զրույցում հաստատեց, որ ամռանը իր արձակուրդն անցկացրել է Եվրոպայում: «Գնացել եմ, ես իրավունք չունե՞մ արձակուրդ գնալ», — ասաց նա: Սակայն ժխտեց, որ իրեն ուղեկցել է պղնձամոլիբդենայինի անվտանգության ծառայության ղեկավարներից Արամ Գասպարյանը: «Ես չե՞մ կարող գնալ, որ ինձ պետք է ուղեկցեն», — հարցրեց նա: Ծառայողական քննության մասին Վազգեն Հարությունյանին ոչինչ հայտնի չէր: Նա նշեց. «Ես ոչ մի ծառայողական քննության մեջ չեմ: Դրանք հերյուրանքներ են»:
«Կապան ՃՇՇ»-ի ղեկավարի վերաբերյալ քրեական գործի մասին էլ հայտնեց, որ այն քննում է ոչ թե Սյունքի դատախազությունը, այլ քննչական կոմիտեն: «Դա մեր մոտ չի քննվում, դա կոմիտեկում է քննվում: Ինձ մոտ քննվող նման գործեր չկան», — ասաց դատախազը:
Մինչդեռ Գլխավոր դատախազությունից Forrights.am-ի հարցմանը ստացանք պատասխան․ «Ձեր կողմից նշած հանգամանքների մատնանշմամբ մոտ մեկ ամիս առաջ գրություն է ստացվել ՀՀ գլխավոր դատախազությունում, որից անմիջապես հետո ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ այդ առթիվ իրականացվել է համակողմանի ծառայողական ուսումնասիրություն: Ուսումնասիրության արդյունքում, սակայն, այդ տվյալները հաստատող տեղեկություններ չեն ստացվել»:
Քննչական կոմիտեից էլ փորձել էինք ճշտել, թե արդյոք կա «Կապան» ՃՇՇ-ի վերաբերյալ քրեական գործ և ինչ տեղեկություններ կարող են հաղորդել։ ՔԿ-ի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը պատասխանեց, որ «Կապան» ՃՇՇ-ի վերաբերյալ հարուցված է քրեական գործ 291-ի 2 մասով` «Ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը», որն էական վնաս է պատճառել, և 318-՝ «Իշխանության ներկայացուցչին վիրավորելը»։ Ընկերության տնօրենԱրարատկարապետյանը, ըստ ՔԿ պատասխանի, հարցաքննվել է։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: