Մի ծառայողական քննության հետքերով․ գործարարն ու դատախազը ընկերներ են

0
859

Վերջին շրջանում Կապան քաղաքի սրճարաններում ամենաքննարկվող թեման վերաբերում է Սյունիքի  մարզի դատախազ Վազգեն Հարությունյանի «վոյաժներին», որոնց ժամանակ դատախազին ուղեկցում են մարզի խոշոր տնտեսվարող սուբյեկտների ղեկավարները:

Այդ շրջագայությունները, ըստ լուրերի,  ֆինանսավորվում են այս նույն տնտեսվարողների կողմից: Դրանք այնքան տեսանելի են, որ դատախազությունում ծառայողական քննություն է սկսվել  դատախազ Վազգեն Հարությունյանի և մարզի գործարար մարդկանց կապերի շուրջ: Այս մասին հայտնում է տեղեկացված աղբյուրը դատախազությունում:

Մասնավորապես, ըստ խոսակցությունների, որոնց հավաստիությունը այս պահին չենք հաստատում, Վազգեն Հարությունյանը 2018 թվականի գարնանը «Կապանի ՃՇՇ» ՓԲԸ սեփականատեր Արարատ Կարապետյանի հետ, որի մականունն է Թլիշ, մեկնել է Իրանի Հանրապետություն և Ռուսաստան, քաղաք Սանկտ-Պետերբուրգ:

«Կապանի ՃՇՇ» ընկերության հիմնադիր Արարատ Կարապետյանի դեմ այս պահին դատախազությունում քրեական գործ  է հարուցված ապօրինի ընդերքաօգտագործման, ձկնաբուծության և ապօրինի ջրօգտագործման մեղադրանքով: 

 Իսկ 2019 թվականի ամռանը արձակուրդում գտնվելու ժամանակ եղել է Եվրոպայում՝ Գերմանիայում, Հոլանդիայում, որի ընթացքում նրան ուղեկցել է և բոլոր ծախսերը հոգացել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության գծով բարձրաստիճան ղեկավարներից Արամ Գասպարյանը, որի մականունն  է Չիկի:

Մարզի դատախազի անձնական մտերմությունը և ֆինանսական հնարավոր կախվածությունը նշված անձանց շրջանակի հետ կարող է բացասաբար ազդել այս ընկերություններում արձանագրվող առևրևույթ հանցագործության դեպքերի առթիվ իրականացվող քննության նկատմամբ դատախազական հսկողության անաչառության վրա:

Չցանկանալով վնաս պատճառել դատախազի և գործարար անձանց հեղինակությաւնը, փորձեցինք կապ հաստատել նրանց հետ:

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի անվտանգության աշխատակից Արամ Գասպարյանը մեզ հայտնեց, որ ամռանը Եվրոպայում՝ Գերմանիայում և Հոլանդիայում չի եղել:

Նա խիստ վրդովվեց, երբ լսեց մեր հարցը. «Դուք ունե՞ք անձնական մտերմություն Սյունիքի դատախազ Վազգեն Հարությունյանի հետ»: «Ո՞վ է ասում: Ի՞նչ իրավունք ունեք ինձ անհանգստացնելու կիրակի օրով: Իմ անձնական կյանքը ձեզ ինչո՞ւ է անհանգստացնում: Դուք իմ զանգել եք, իմ ընկերների  մասին ինձ հարց եք տալիս»: Մարզի դատախազը Ձեր ընկերն է՞:  «Դուք իրավունք չունեք ինձ նման հարցեր տալ: Որտե՞ղ եք հանգստացել, ու՞մ հետ եք ընկերություն անում: Ես ոչ պետական աշխատող եմ, ոչ էլ», — ասաց Արամ Գասպարյանը:

Սյունքի դատախազ Վազգեն Հարությունյանը Forrights.am-ի հետ զրույցում հաստատեց, որ ամռանը իր արձակուրդն անցկացրել է Եվրոպայում:  «Գնացել եմ, ես իրավունք չունե՞մ արձակուրդ գնալ», — ասաց նա: Սակայն ժխտեց, որ իրեն ուղեկցել է պղնձամոլիբդենայինի անվտանգության  ծառայության  ղեկավարներից Արամ Գասպարյանը: «Ես չե՞մ  կարող գնալ, որ ինձ պետք է ուղեկցեն», — հարցրեց նա: Ծառայողական քննության մասին Վազգեն Հարությունյանին ոչինչ հայտնի չէր: Նա նշեց. «Ես ոչ մի ծառայողական քննության մեջ չեմ: Դրանք հերյուրանքներ են»:

«Կապան ՃՇՇ»-ի ղեկավարի վերաբերյալ քրեական գործի մասին էլ հայտնեց, որ այն քննում է ոչ թե Սյունքի դատախազությունը, այլ քննչական կոմիտեն: «Դա մեր մոտ չի քննվում, դա կոմիտեկում է քննվում: Ինձ մոտ քննվող նման գործեր չկան», — ասաց դատախազը:

Մինչդեռ Գլխավոր դատախազությունից Forrights.am-ի հարցմանը ստացանք պատասխան․ «Ձեր կողմից նշած հանգամանքների մատնանշմամբ մոտ մեկ ամիս առաջ գրություն է ստացվել ՀՀ գլխավոր դատախազությունում, որից անմիջապես հետո ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ այդ առթիվ իրականացվել է համակողմանի ծառայողական ուսումնասիրություն: Ուսումնասիրության արդյունքում, սակայն, այդ տվյալները հաստատող տեղեկություններ չեն ստացվել»:

Քննչական կոմիտեից էլ փորձել էինք ճշտել, թե արդյոք կա  «Կապան» ՃՇՇ-ի վերաբերյալ քրեական գործ և ինչ տեղեկություններ կարող են հաղորդել։ ՔԿ-ի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը պատասխանեց, որ «Կապան» ՃՇՇ-ի վերաբերյալ հարուցված է քրեական գործ 291-ի 2 մասով` «Ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը», որն էական վնաս է պատճառել, և 318-՝ «Իշխանության ներկայացուցչին վիրավորելը»։ Ընկերության տնօրենԱրարատկարապետյանը, ըստ ՔԿ պատասխանի, հարցաքննվել է։

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here